ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄԱԵՍՏՐՈ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄԱԵՍՏՐՈ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

1231

Մարտի 5-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճի սպասասրահը լի էր սպասող հայացքներով, հաճելի ժպիտներով ու հայտնի դեմքերով: Այստեղ պետք է տեղի ունենար ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի պրեմիերան:

Սպասասրահում էր նաև ֆիլմի հերոսը՝ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Մանսուրյանը, ով ջերմորեն պատասխանում էր լրագրողների հարցերին և նույնքան ջերմորեն համաձայնում էր լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ:

«Ֆիլմի գաղափարը ծնվել էր դեռ 5-տարի առաջ, երբ Հայկը Արտավազդ Փելեշյանի մասին ֆիլմ էր նկարում ու խնդրեց ինձ խոսք ասել, ես էլ ասեցի, ու հենց էդտեղ գոյացավ այդ գաղափարը»,- նշեց մաեստրոն:

Ցուցադրությունից առաջ խոսեցին ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հայկ Օրդյանը, ռեժիսոր Հայկ Մկրտչյանը և սցենարիստ Ալինա Օրդյանը, վերջիններս նշեցին՝ ֆիլմի ստեղծմանն ու հանրայնացմանն աջակցել են «Մշար» մշակույթի կենտրոնը, Երևանում «Գյոթե կենտրոնը», «Մոսկվա» կինոթատրոնը, իսկ ինֆորմացիոն հովանավորն է ArmeniaOn.am լրատվական պորտալը:

«Թեև ֆիլմի նկարահանումները սկսվել էին տարիներ առաջ, սակայն այն հնարավոր չէր լինի ավարտին հասցնել և ցուցադրել Մաեստրոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ առանց վերոնշյալ գործընկերների աջակցության»,- ասաց սցենարիստը:

«Յուրաքանչյուր ֆիլմ պրեմիերայից հետո դառնում է անհատականություն: Մեր ֆիլմին մաղթում եմ լուսավոր և հարթ ճանապարհ»,- իր խոսքում նշեց Հայկ Մկրտչյանը:

Ֆիլմի աշխատանքները տևել են 5 տարի, նկարահանումներն անցկացվել են տարբեր երկրներում: Ֆիլմում ներկայացված են Մաեստրոյի կյանքից  դրվագներ, իսկ Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորը բացահայտվում է աշխարհահռչակ երաժիշտների խոսքի միջոցով։

Ֆիլմի ավարտին հնչեցին հոտնկայս ծափահարություններ ու գովեստի խոսքեր նկարահանող խմբի, սցենարիստի, պրոդյուսերի և իհարկե, Մաեստրո Մանսուրյանի հասցեին:

Մոնիկա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել