«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ Է»․ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ Է»․ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

1732

Նկարիչ իրավաբան

Սովորում եմ Հայ-ամերիկյան համալսարանի իրավաբանություն ֆակուլտետում: Մանկուց սիրել եմ նաև նկարել և զբաղվել եմ նկարչությամբ: Երբ եկավ հիմնական մասնագիտություն ընտրելու պահը, ընտրեցի իրավաբանությունը, սակայն նկարչությունն ու նկարելու մեծ ցանկությունը միշտ ինձ հետ են եղել:

Պատերին նկարելու սովորությունը

Նկարելու հմտությունը բացահայտվել է  մանկուց: Ծնողներս ասում են, որ ես շատ էի սիրում նկարել պատերին, սեղաններին առհասարակ, որտեղ հնարավոր էր: Իմ նկարելու ցանկության պատճառով ստիպված են եղել մի քանի անգամ վերանորոգել տունը:

Նկարչությունը զարգացող արվեստ է

Հիմնականում հետևում եմ ժամանակակից նկարիչներին, որովհետև աշխարհի զարգացման հետ մեկտեղ փոխվում են նաև գեղեցիկի ընկալումը, աշխարհայացքները: Այսօր մի փոքր դժվար է պատկերել այն, ինչ պատկերվել է օրինակ Վերածննդի դարաշրջանում: Կարծում եմ՝ դա մարդկանց համար էլ մի փոքր անհասկանալի կլինի, քանի որ ապրում ենք 21–րդ դարում:

Նկարելու ցանկությունը ծնվում է հանկարծակի

Նկարելու ցանկություն առաջանում է շատ անսպասելի, երբեմն՝ անհարմար պահերի. օրինակ աշխատանքի ժամին: Ցանկություն կարող է առաջանալ կախված եղանակից, լսած երաժշտությունից: Տրամադրությունս նույնպես մեծ ազդեցություն ունի: Իմ ուրախ կամ տխուր լինելը կարող է թելադրել նկարի ուղղվածությունը, գույների համադրությունը:

Ինչու՞ իրավաբանություն և ոչ նկարչություն

Իրավաբանությունը ինձ համար գիտություն է, նկարչությունը արվեստ: Որպես մասնագիտություն ընտրել եմ իրավաբանությունը, քանի որ ես միշտ ձգտում եմ արդարության: Հենց արդարությունն էլ պատկերում եմ իմ նկարներում: Նկարելը ինձ համար ապրելակերպ է և երբեք այն չեմ դիտարկել եկամտի աղբյուր: Ես ընտրեցի իրավագիտությունը համատեղելով կերպարվեստի հետ և ասեմ, որ մեկը միանշանակ լրացնում է մյուսին:

Իրավաբանության օրենքներն ու նկարչության անսահման ազատությունը

Իրականում իրավաբաններն էլ են ազատ մարդիկ: Նրանք էլ, ինչպես և նկարիչները, պետք է ունենան կրեատիվ միտք՝ գտնելու այլընտրանքային լուծումներ խնդիրները հարթելու համար: Այսինքն նկարչի անսահման ազատությունն ու վառ երևակայությունն օգնում են գիտության մեջ՝ նպաստելով դրա զարգացմանը:

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել