Ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը նշում է, որ չնայած տևական ժամանակ եթերում չի երևացել, այնուամենայնիվ չի դադարել զբաղվել երգարվեստով: Համերգներին, հարսանիքներին, ինչպես նաև երգերի վաճառքով չի զբաղվում, քանի որ երգարվեստն իր համար գումար վաստակելու միջոց չէ:
Իր հաղորդավարական ունակությունների մասին խոսելիս Ֆելիքսը անկեղծորեն պատմում է, որ Հանրային Հեռուստաընկերությունում աշխատելիս նկատողություններ էր ստանում չսափրված եթեր դուրս գալու և չափազանց ազատ խոսելու համար: «Ես ի վերջո, իհարկե քիչ-քիչ, կարողացա հասկացնել, որ մի քիչ չսափրված լինելը նույնպես կարող է գեղեցիկ լինել: «Սիրո բանաձև» հաղորդումը վարելիս արդեն խնդիրներ չեղան, քանի որ այն ժամանցային էր»:
Այն հարցին, թե ռեփերն ինչպես է վերաբերվում իրեն գոռոզ և մեծամիտ անվանող մարդկանց, Ֆելիքսը պատասխանեց, որ մարդիկ սիրում են չարախոսել: Վերջինս անկեղծացավ, որ անծանոթ համարներից ստացած զանգերին չի պատասխանում, սիրում է ժամանակի մեծ մասը տանն անցկացնել, ակումբներ հազվադեպ է հաճախում: «Ես քիչ մարդկանց հետ եմ շփվում, իսկ փաբեր, որ փաբերի երկիր Հայաստանն ենք դարձել, ընդհանրապես չեմ գնում: Մարդիկ էլ միանգամից սկսում են մտածել, որ ես ինձ բարձր կամ հեռու եմ պահում, հասարակության մեջ չեմ երևում»:
Զրույցի ընթացքում Ֆելիքսն անդրադարձավ նաև իր և մի քանի այլ ռեփերների ձևավորած «Մի քանի հոգի» նախագծի տապալմանը և պատճառներին: Նրա կարծիքով դա անպատասխանատվության արդյունք էր: Նախագծի անդամներից մի քանիսը պարտաճանաչ չէին իրենց գործում:
Եվս մեկ բացահայտում ռեփերի կողմից. հայտնի խոսքը, որ վերագրվում է Պարույր Սևակին, «Լրբերը սրբեր են դարձել, սերը սրբել են տարել» իրականում ինքն է գրել: Ավելորդ խոսակցություններից էլ խուսափելու համար ուսումնասիրվել է Սևակի պոեզիան և ևս մեկ անգամ ապացուցվել, որ Սևակը նման տողեր չունի:
Սոնա Մելիքյան
4-րդ կուրս