«ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է»

«ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է»

1300

Ապրիլյան քառօրյա պատերազմը իր անջնջելի կնիքն է թողել հայի հազարամյա պատմության էջերում։ Պատերազմի մասնակից տղաներից ոմանք այդպես  էլ  չվերադարձան իրենց ընտանիքներ, մյուսները վերադարձել և վերադասավորել են իրենց կյանքը, սովորում են, աշխատում կամ դեռ աշխատանք փնտրում։ Մեր զրուցակիցը Քառօրյա պատերազմի մասնակից, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, «Վարդանանք» ՌՀԴԱ-ի անդամ Արթուր Սարգսայնն է, ով, բարեհաջող ավարտելով ծառայությունը, վերադարձել է քաղաքացիական կյանք։

– Արթու´ր, ի՞նչ դժվարությունների ես հանդիպել քաղաքացիական կյանք մտնելիս, ինչպե՞ս ես վերադասավորել կյանքդ և ինչո՞վ ես զբաղվում այժմ։
-Մինչև ծառայությունը կյանքն ավելի հեշտ էր, քան հիմա․ հոգսերն են շատացել։ Ծառայությունից հետո դեռևս ոչ մի դժվարություն չեմ տեսել։ Ծառայությունն էլ ինձ համար դժվարություն չի եղել՝ բացի  Ապրիլյանի օրերը։ Այժմ ծրագրավորւմ եմ պարապում, սովորում եմ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում և համատեղում աշխատանքիս հետ՝ կահույքագործ եմ։

-Այսօր շատ են դժգոհությունները, որ աշխատանք գտնելը բարդ է։ Ի՞նչ կարծիք ունես դու այդ հարցի վերաբերյալ։
-Չեմ ասի, որ աշխատանք գտնելը բարդ է։ Լավ մասնագետի համար նման խնդիր չկա։ Նա, ով իր մասնագիտությանը չի տիրապետում, իր համար կարող է աշխատանք չլինել։ Այսօր թափուր շատ աշխատատեղեր կան, բայց չկան աշխատողներ։ Համաձայն չեմ այդ տեսակետի հետ։

-Դժվա՞ր էր 1 տարի սովորելուց հետո 2 տարի «ընդմիջում տալ» , հետո վերադառնալ և դասի նստել քեզնից 2 տարի փոքր ուսանողների հետ։
-Ես համալսարան ընդունվել եմ անվճար, սակայն տեսնելով, որ ընկերներս գնում են բանակ՝ դիմում գրեցի և իմ դիմումի համաձայն մեկնեցի բանակ՝ նախընտրելով հետո դասի նստել ինձնից փոքր ուսանողների հետ, քան ծառայել ինձնից փոքր տղաների հետ։ Էդպես գնացի բանակ, ծառայեցի, վերադարձա և շարունակեցի ուսումս։

-Հաճախ 1-ին կուրսում տրված գիտելիքները ծառայության ընթացքում մոռացվում են։ Ինչպե՞ս են քո դասախսները արձագանքել այդ հանգամանքին։
-Դասախոսներս, իհարկե, ընդառաջել են այդ հարցում, հատկապես երբ իմացել են, որ Ապրիլյան պատերազմի մասնակից եմ եղել։ Սակայն ես չեմ օգտվել առիթից։ Թե´ դասերին, թե´ քննություններին պատրաստված եմ ներկայացել։

-Այսօր խնդիր է, որ զինգրքույկներում չի գրվում առաջնագծում ծառայելու փաստը։ Ինչո՞վ է դա պայմանավորված՝ ըստ քեզ։ Ի՞նչ լուծում ես տեսնում։
– Քառօրյա պատերազմի ավարտից մեկ ամիս հետո մենք զորացրվել ենք։ Մեր զորամասում իմ ծառայակից բոլոր տղաների զինգրքույկներում գրված է պատերազմին մասնակից լինելու փաստը։ Սակայ կան նաև ինձ տարիքակից տղաներ, որոնց զինգրքույկներում դա նշված չէ, և ինձ թվում է, որ դա ավելի շատ զորամասի թերությունն է։ Ես այժմ սովորում եմ վճարովի համակարգում և առաջնագծում ծառայելուս փաստով պայմանավորված՝ օգտվում եմ 50 % զեղչից։

-Ի՞նչ կմաղթես մեր զինվորներին և նրանց, ովքեր շուտով պատրաստվում են մեկնել ծառայության։
-Մեր զինծառայողներին մաղթում եմ, որ լավ ծառայեն, բարով ծառայեն և հասնեն իրենց ընտանիքներին՝ միշտ հիշելով, որ իրենց սպասողներ կան։ Իսկ այն տղաներին, որ նոր են պտրաստվում գնալ ծառայության, եթե կասեն, որ անիմաստ 2 տարի խլում է մեր ժամանակից, դա այդպես չէ։ Տարբերությունը ծառայելուց առաջ և հետո խիստ նկատելի է։ Սկզբնական շրջանը փոքր-ինչ դժվար կլինի, բայց բոլորն էլ կընտելանան նոր միջավայրին։ Այսօր իմ շրջապատում ծառայած և չծառայած տղաների մեջ տարբերությունը ակնհայտ է։ Ծառայել մեր հայկական իրականության մեջ անշուշտ պարտադիր է։

Հարցազրույցը՝ Սյուզան Նավասարդյանի

2-րդ կուրս

Կիսվել