ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԱՍԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՏՆՕՐԵՆԻ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԱՍԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՏՆՕՐԵՆԻ

1340

Երևանի Նորայր Աճեմյանի անվան  թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջի միջանցքները դատարկ են, ինչը ենթադրում է,  որ ուսանողները անցել են բնականոն դասապրոցեսին:

Դասախոսները և ուսանողները մարտի 14-ից անժամկետ դասադուլ էին հայտարարել` պահանջելով աշխատանքից հեռացված տնօրենի վերադարձը:

Մենք խոսեցինք քոլեջի ուսանողական խորհրդի նախագահ Մարիամ Գյուրջյանի հետ, ով ասաց, որ իրենք հանդիպել են ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանի և միջին մասնագիտական հմտությունների վարչության պետ Արտակ Աղբալյանի հետ: «Նրանք հստակ նշեցին ,որ խնդիրը պետք է տանել իրավական դաշտ, քանի որ տնօրենին 2 խիստ նկատողություն է տրվել: Դասադուլը այս պահին դադարեցվել է, որովհետև չենք ուզում ինչ-որ բանով վնաս տալ մեր քոլեջին»,-ավելացրեց Մարիամը:

Ուսանողները ասում են, որ Կառլեն Հայրապետյանը քոլեջի համար շատ բան է արել, սմարթ լսարաններ է բացել,արևային տանիք ձեռք բերել, վերանորոգել է գրադարանը: Նա պարբերաբար դասալսումներ անցկացնելով ուսանողների հետ` իր պրակտիկ փորձով է կիսվել:

Իսկ դասախոսներից Լևոնուհի Թավաքալյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ եթե երեխաները չգիտակցեին այս հարցի լրջությունը, այսպես համախմբված չէին լինի:

-Կարծում եմ, որ Կառլեն Հայրապետյանին տրված  նկատողությունները տեղին չէին, պետք է հաշվի առնեին և’  առավելությունները`աշխատանքային ձեռքբերումները, և’ թերությունները: Ըստ իս`դրանք այնպիսի թերություններ չէին, որի համար կարելի էր մեկ տարվա ընթացքում 2 խիստ նկատողություն տալ և դադարեցնել լիազորությունները:

Դասադուլի մասնակիցները նշում էին, որ իրենք շարունակելու են պայքարը պարոն Հայրապետյանին վերադարձնելու և արդարությունը վերականգնելու համար:

Սոնա Սողոմոնյան

2-րդ կուրս

Կիսվել