ԱՐԵՎ ԱՂՋԻԿԸ

ԱՐԵՎ ԱՂՋԻԿԸ

2204

«Լսարանից դուրս» շարքի մասնակիցն է  ԵՊՀ  Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը, ով մտերիմների շրջանում հայտնի է որպես «Արև աղջիկը»։                                                

-Ինչու՞ են Ձեզ ասոցացնում դեղինի և արևի հետ։

-Ինձ դեղինի հետ առաջին համեմատողը՝ ընկերս, ասում է՝ ժպտերես եմ, արևի պես լուսավոր, պայծառ ու ջերմացնում եմ շրջապատիս։ Երևի ճիշտ է․․․ Դեղինն ամենասիրածս գույնն է, այն տեսնելիս ակամայից ժպտում եմ ու ջերմանում։                    

-Շա՞տ է փոխվել ներկայիս Լիլիթը Լիլիթիկից։                                                       -Իրականում այդքան էլ չեմ փոխվել, նույն նպատակասլաց, աշխատասեր, զգացմունքային, ժպտերես Լիլիթն եմ։                                                

-Փոքր ժամանակ ամենաչարաճճի արարքը, որ արել եք, կպատմե՞ք։                —Մանկապարտեզ գնալու տարիներին իմ դաշնակահարուհուն շատ էի սիրում ու մի օր մամայիս ոսկի ականջօղերն եմ վերցնում ու նվիրում նրան։

-Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից եք, որքա՞ն ժամանակ է ապրում եք Երևանում,արդյոք կա՞ն դժվարություններ։       

-Դժվարությունները սկզբնական շրջանում էին, երբ դժվար էր հարմարվելը երևանյան տապին, աղմուկին․  արդեն  հարմարվել եմ։

-Հիմա ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի եք, ինչպե՞ս հայտնվեցիք այդտեղ։

-Վաղ հասակում ժուռնալիստիկան  ասոցացնում էի միայն  հեռուստատեսության հետ ու մեծ սիրով նայում էի լուրերի թողարկումները, սակայն ես ոչ միայն լուրերն էի լսում, այլ հետևում էի հաղորդավարների առոգանությանը, շեշտադրությանը, ձայնին, կեցվածքին։ Հիշում եմ, որ անգամ Ձմեռ պապիկից բարձրախոս էի խնդրել ու ստանալուց հետո հարցազրույցներ էի վերցնում տան անդամներից։ Մասնագիտություն ընտրելու ժամանակ տատանվում էի, քանի դեռ չէի մտաբերել ժուռնալիստիկան։

-Իսկ ծնողները կո՞ղմ էին Ձեր այդ որոշմանը։

-Մայրս այդքան էլ կողմ չէր իմ այդ որոշմանը, ասելով, որ այն վտանգավոր մասնագիտություն է, բայց, այնուամենայնիվ, հայրս ասաց, որ ընտրեմ այն մասնագիտությունը, որով հետագայում սիրով կաշխատեմ։ Կարծում եմ, որ ժուռնալիստիկան այն մասնագիտությունն է, որն իր մեջ ներառում է բոլոր ոլորտները, և պատկանում է այն մասնագիտությունների թվին, որից անհնար է երբևէ ձանձրանալ․ անընդհատ ստանում ես նոր տեղեկություններ և մշտապես հարստացնում ես գիտելիքներդ։ Ես նախընտրում եմ ունենալ մեկ մասնագիտություն, որում ինձ կփորձեմ հնարավորինս լավ դրսևորել, քան ունենալ 2-3 մասնագիտություն և թերանալ 3 ում էլ։

-Ո՞ր գիրքն է հիմա Ձեր սեղանին։

-Հիմա կարդում եմ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես»-ը։

-Ինչպե՞ս եք ընտրում, թե որն արժե կարդալ, և ունե՞ք արդյոք գիրք, որը փոխեց Ձեր կյանքը։

-Գրքեր կարդալ շատ եմ սիրում և կարծում եմ, որ բոլոր գրքերն էլ ունենում եմ մեզ վրա որևէ ազդեցություն, որոշները՝ շատ, որոշները՝ քիչ։ Գիրք ընտրելիս հիմնականում առաջնորդվում եմ իմ նախասիրությամբ և տվյալ պահի տրամադրությամբ, լինում են նաև դեպքեր, երբ ընտրում եմ  գրքեր մտերիմներիս խորհրդով։

-Մի քանի տարօրինակ սովորություն, որ ունեք։

– Բառերը սիրում եմ հետևից կարդալ կամ մեջտեղի տառն առանձնացնել (օրինակ քԻթ, աՉք.. ) ու էդ մեջտեղի տառերը սիրում եմ կպցնել իրար ու տեսնել բառ ստացվում է, թե չէ, կամ օրինակ բառի տառերը փոխում եմ ու հաշվում, թե քանի նոր բառ է ստացվում։

Ջուր շատ քիչ եմ խմում՝ գրեթե չեմ խմում։

 Եվ վերջին տարօրինակ սովորությունս է բանավոր քննություններին  հայելուն նայելով պատրաստվել։

-Կա՞ մի բան, որը կփոխեիք Ձեր մեջ։

-Կան որոշ բաներ, որ կփոխեի իմ մեջ՝ կցանկանայի քիչ զգացմունքային լինել, լինել ավելի ինքնավստահ, կուզեմ, որ երբեք մոտիվացիաս չպակասի և մոռանամ ծույլ բառի գոյության մասին։

-Ինչը կփոխեի՞ք Հայաստանում։

– Ավելի շուտ կասեի 3 բան, որ կփոխեի հայերի մեջ՝  կուզեմ մարդիկ ավելի քիչ դժգոհեն, ավելի շատ գործեն ու հաճախ ժպտան։

-Իսկ ի՞նչ է Ձեզ պետք երջանիկ լինելու համար։

– Երջանիկ լինելու համար քիչ բան Է պետք. հերիք Է ամեն ինչում դրականը տեսնելու կարողությունս չկորցնեմ։  

-Եթե ունենայիք կախարդական փայտիկ, ինչ կցանկանայիք։

-Անձնական երջանկություն և լիքը գումար  (ժպտում է)։

Հարցազրույցը՝ Զվարթ Պետրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել