«ՀԱՅԿԱԿԱՆ, ՈՒՐԵՄՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ»

«ՀԱՅԿԱԿԱՆ, ՈՒՐԵՄՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ»

1620

Գեղեցիկ, նորաոճ, հարմարավետ և հարմար գրպանին․․․ ահա այն, ինչ փնտրում է սպառողը հայկական նորաձևության մեջ։ Սակայն ինչպես ասում է դասականը ՝ «փնտրել, դեռ չի նշանակում գտնել»։
Չնայած հայկական մշակույթի բազմադարյան պատմությունը թույլ է տալիս մեզ բավական հարուստ նորաձևության  ոլորտ ստեղծել, այնուամենայնիվ այս հանգամանքը միանշանակ չէ։

Մի շարք սպառողների շարքում անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս՝ Հայաստանում հայկական արտադրանքն ավելի թանկ է քան ներմուծվողը, չնայած մաքսային ճանապարհի, բրենդային համարվելու, հայտնիության և այսպիսի մի շարք պատճառների արդյունքում ենթադրվում էր, որ ներմուծվող արտադրանքը պետք է լիներ ավելի թանկ․ մինչդեռ պատկերն այլ է։

Այս կարծիքը չեն կիսում մի շարք դիզայներներ։ Դիզայներ-ոճաբան «Teress» ապրանքանիշի հիմնադիր Թերեզա Ղարաբաղցյանը վստահ է՝ ներմուծված հագուստ նախընտրելը մեծամասնության կողմից պայմանավորված է ոչ միայն գնային տարբերությամբ․ «Շատ դեպքերում տեղական արտադրանքի ինքնարժեքը չափազանց բարձր է, հետևաբար նաև վաճառքի գինը, բայց դա միանշանակ չէ։ 10․000 դրամից սկսած մինչև անվերջություն՝ ահա թե ինչ գներով սպառողը կարող է ձեռք բերել հայկական արտադրանք։ Նույնիսկ նույն ապրանքանիշը կարող է ունենալ գնային կատեգորիաներ։ Գինը կարող է բարձ լինել, որովհետև ապրանքը կարող է լինել, օրինակ, ձեռքի աշխատանք։ Մեզ մոտ միջին գինը 25,000 դրամն  է, եթե խոսքը երեկոյան զգեստների մասին չէ»,- եզրափակում է դիզայներ-ոճաբանը։

«Գեղեցիկ է, որակյալ և արտադրված Հայաստանում», -ահա  այսպես է «արդարացնում» իր ապրանքանիշի թանկ գները հայտնի ոճաբան Ֆաինա Հարությունյանը։ «Չնայած որ հիմա «խելքին մոտ» գներով են ապրանքները խանութ մտնում, ինչքան մեծանում է արտադրությունը, այնքան ընկնում է ինքնարժեքը»,- նշում է նա։

Այստեղ էլ առաջ է գալիս սպառողի մեկ այլ կարծիք․ «Նույն կոշիկը, որը գալիս է Չինաստանից, հինգից տաս հազար դրամ ավելի էժան է, քան այն, որը կարում են այստեղ։ Անգամ զեղչերի դեպքում գինը բարձր է՝ ի տարբերություն ներմուծվածի»։

Հարց է առաջանում՝ ինչու՞։ Որակ բարձր գների դիմա՞ց, թե՞ չափից շատ բարձր ինքնագնահատական։
Հարցման արդյունքները ցույց են տալիս՝ սպառողի կարծիքով այդչափ բարձր գնի դիմաց միջին որակ է ապահովվում, որը այնքան էլ չի արդարացնում սեփական գինը և ստիպում է բախել ներմուծված ապրանքանիշների դուռը։

Մյուս կողմից, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2018 թվականին Հայաստանում տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 5․1%-ով՝ 2017-ի համեմատ, 31․9%-ով նվազել է գուլպեղենի արտադրությունը, 5․3%-ով բամբակյա գործվածքների։

Գուցե այս թվերը ավելի շատ բան են ասում հայկական արտադրության մասին։

Ջեմմա Նուրիջանյան

4-րդ կուրս։

Կիսվել