ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

1549

Հետաքրքիր է՝ աշխարհում գործող, գրանցված քանի՞ լրագրող կա։ Որքա՞ն է նրանց միջին տարիքը։ Այս հարցին պատասխանող ընդհանուր վիճակագրություն համացանցում չհանդիպեց, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների տվյալները որոշ չափով կարող են պատկերացում տալ հարցերի մասին։ Եվ այսպես, ըստ statisa.com-ի 2015 թվականի տվյալների՝ ԱՄՆ-ում գրանցված 32.900 լրագրող է եղել։ Պետք է նկատել, որ նախորդ տարիների համեմատ նրանց թիվը նվազել է։ Ամենամեծ պատճառը թերևս մեդիաոլորտի ժամանակակից փոփոխություններն են, մասնավորապես թերթերի և ամսագրերի թվի կտրուկ նվազումը։

Ինչ վերաբերում է գրանցված լրագրողների միջին տարիքին, ապա այստեղ ևս հղում ենք տալիս ԱՄՆ վիճակագրությանը։ Վերոնշյալ աղբյուրի[ համաձայն՝ նրանց միջին տարիքը 2013-ին 47է եղել։ Այս տվյալները ոչ ամենաթարմն են ու ոչ էլ աշխարհի մասշտաբով են ներկայացված, բայց որոշ չափով ընդհանուր պատկերացում են տալիս գոնե այն երկրների մասին, որտեղ ժուռնալիստիկան վաղուց արդեն կայացել է։

Լրագրողների քանակը մեզ կարող է հուշել, թե տվյալ երկրում որքա՞ն է կարևորվում ինֆորմացիայի արժեքը, ի՞նչ մակարդակի վրա է խոսքի ազատությունը և այլն։ Լրագրողների տարիքը ևս կարող է այս կամ այն երկրում ոլորտի մասին պատկերացում տալ։ Երիտասարդ լրագրողների թիվը մեծ է սովորաբար այն երկրներում, որտեղ ոլորտը դեռ լիովին զարգացած չէ, ու նոր սերունդն է փորձում քայլեր անել այդ ուղղությամբ։

Հայաստանյան մեդիադաշտի մասին հիշատակված տվյալները ՀՀ վիճակագրական կոմիտեն գոնե հիմա չի հավաքագրում։ Սոցոլոգիական հետազոտություններ ևս չկան, որոնք ցույց կտան, թե որքա՞ն երիտասարդ է ոլորտը մեր երկրում, տարիքային առանձնահատկություններ կա՞ն արդյոք, և որո՞նք են դրանք։ Ուստի փորձենք դաշտն առանց վիճակագրության ուսումնասիրել և Հայաստանի օրինակով հասկանալ, թե տարիքային ի՞նչ առանձնահատկություններ կան լրագրողական       գործունեության մեջ։

Տարիքային առանձնահատկությունները լրագրողական գործունեության մեջ

Հաջողության հասած լրագրողներին պարգևատրող բազմաթիվ մրցանակներ կան։ Ամենահեղինակավորներից մեկը Պուլիցերյան մրցանակն է։ Ժոզեֆ Պուլիցերի հիմնադրամն ամեն տարի 10000 ԱՄՆ դոլար է նվիրում ոլորտում հաջողության հասած լավագույն լրագրողներին, գրականության երաժշտության և թատրոնի ներկայացուցիչներին։

Եթե աչքի անցկացնենք 2018 թվականի հաղթող լրագրողներին, ապա կնկատենք, որ նրանց միջին տարիքը 40+ է։ Սա, ինչ խոսք, որոշակի ցուցանիշ կարող է համարվել, եթե հատկապես հաշվի առնենք, որ Արևմուտքը ոլորտում նախապատվությունը տալիս է ավագներին։ Սա հասկանալու համար վիճակագրություն հարկավոր էլ չէ, կարելի է պարզապես հետևել մեդիահսկաներ CNN-ի, BBC-ի, SKY-ի եթերներին։ Այստեղ հիմնականում 30-ից բարձր տարիք ունեցող լրագրողներ են աշխատում։

Արևմտյան ժուռնալիստիկայի ևս մեկ առանձնահատկության մասին նշելն այս պահին տեղին է։ Այնտեղ շատ են ոլորտային լրագրողները (beat reporter)։Նրանք մասնագիտացված ու հմտացած են մեկ ոլորտում, և ի տարբերություն, օրինակ, հայաստանյան կադրերի, օրը մեկ թեմայի չեն անդրադառնում։ Սրա համար ևս կարևոր է ընդգծել տարիքային գործոնը։ 22 – ամյա լրագրողն, օրինակ, միշտ չէ, որ հստակ հասկանում է, թե հատկապես ո՞ր ոլորտն է «իրենը». դրան հասնելու համար պետք է փորձլ, դրսևորվել ու «եփվել» դաշտում։

Այս միտումը թերևս կամաց-կամաց նկատվում է նաև մեզանում, քանի որ մեդիադաշտը արագ քայլերով ձգտում է գոնե մոտենալ առջևից ընթացող արևմտան մրցակիցներին։

Լրագրողի մասնագիտության գայթակղությունը հերքել հնարավոր չէ։

Սա վկայում են Լրագրության ֆակուլտետ ընդունվել ցանկացողների «Լրագրությունն եմ ընտրում, քանի որ ցանկանում եմ շատ ճամփորդել», «Ցանկանում եմ փոխել աշխարհը», «Ուզում եմ ամեն ինչի մասին առաջինն իմանալ, տեղյակ լինել բոլոր ոլորտներից», «Ամուր բնավորություն ունեմ, համառ եմ և կարող եմ մեծ բացահայտումներ անել» և բազմաթիվ այլ արտահայտությունները։

Ինչ խոսք, դրանցում ճշմարտություն կա։ Լրագրողները հնարավորություն են ունենում շատ ճամփորդել, շատ մարդկանց ճանաչել, դրական փոփոխությունների առիթ դառնալ իրենց բացահայտումներով։ Մասնագիտության ռոմանտիկ կողմի մասին իր դիտարկումներն ունի Երևանի Պետական Համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը.

«Ֆակուլտետ ընդունվողների մեծ մասի մոտ իսկապես ռոմանտիկ պատկերացումներ կան ոլորտի մասին։ Նրանք ցանկանում են իրենց մի նյութով փոխել աշխարհը։ Առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները հիմնականում նշում են, որ ցանկանում են մշակույթ լուսաբանել, փոխարենը խուսափում են քաղաքականությունից։

Տարիների հետ նախընտրությունները հիմնականում փոխվում են։ Վերջին կուրսերում, երբ ոլորտն իրենցը համարողներն արդեն աշխատանք են գտնում, հիմնականում հենց քաղաքական թեմաներին են անդրադառնում։ Մշակույթ լուսաբանելն այդքան հեշտ չէ, ու իսկապես հմտություններ, գիտելիքներ, փորձառություն է հարկավոր։ Վերջինս միայն տարիքի հետ կարող ես ձեռք բերել»։

Ա. Մենեմշյանը նաև ընդունելության քննության ընդունող հանձնաժողովի անդամներից է։ Նկատել է, որ բանավոր քննության ժամանակ դիմորդները հիմնականում ավագ սերնդի լրագրողների անուններ են տալիս։ Երիտասարդներին նշելիս հիմնականում մեջբերում են այն լրագրողների անունները, ովքեր այս կամ այն հեռուստածրագրում են ներգրավված։

«Հետք»-ի խմբագրի տեղակալ Լիանա Սայադյանը, ով նաև դասախոսում է ԵՊՀ-ում, լրագրողի գործունեության մեջ տարիքային առանձնահատկությունների մասին խոսելիս նույնպես նկատում է, որ սկզբում ռոմանտիզմը շատ է, ապա տարիքին և փորձառությանը զուգահեռ փոխվում են նաև մոեցումները.

«Ի սկզբանե հետաքննական լրագրությամբ եմ հետաքրքրված եղել։ Դեռ համալսարանական տարիներից գիտեի, թե որ ճանապարհն եմ ընտրելու։

Լրագրության մեջ տարիքը դեր կարող է ունենալ, բայց սա միանշանակ չէ։ Առաջին քայլերն անելու ժամանակ լրագրողներին հիմնականում թվում է, թե կարող են իրենց գրչով ամեն ինչ փոխել, խոսել ամեն ինչի մասին…  Տարիների հետ հասկանում ես, որ դու ամենազոր չես, ու հնարավոր է՝ ոչինչ էլ չփոխվի քո անդրադարձից։ Պետք է պատրաստ լինել դժվարություններին, որոնք այս մասնագիտության մեջ քիչ չեն։ Փորձառություն է հարկավոր հասկանալու համար, որ հենց այնպես, հետաքրքրությունդ բավարարելու համար չես կարող ուզածդ թեմային դիպչել։ Թեմաներ կան, որոնց պետք է տարիների աշխատանքով հասնել»։

Հետաքննող լրագրողը մի առանձնահատկություն էլ է նշում. երիտասարդ կադրերի առատությունն ու հատկապես երիտասարդ խմբագիրների առկայությունը հայկական դաշտում։ Սայադյանը կարծում է, որ 20-30 տարեկան երիտասարդը խմբագիր լինել չի կարող. «Արևմտյան երկրներում ուղղակի չես կարող երիտասարդ խմբագրի հանդիպել։ Մեզ մոտ նրանց թիվը քիչ չէ։ Այո, գուցե նորաձև է, գուցե համարձակ է, բայց կարծում եմ, որ խմբագիր լինելու համար բավարար փորձ պետք է ունենաս։ Պետք է վստահություն ունենաս ընթերցողների, գործընկերներիդ շրջանում։ Սա մի բան է, որ այնքան էլ կապ չունի գիտելիքների հետ։ Փորձառությունը պետք է տարանջանտել գիտելիքից»։

Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր»-ի մշակութային լրագրող Նունե Ալեքսանյանը հենց սկզբից նախապատվությունը մշակույթին է տվել։ Տարիների, կուտակած փորձի հետ հետաքրքրությունների շրջանակը մեծացել է, որորտը մնացել է նույնը. «Այո, առաջին քայլերն անող շատ լրագրողներ են սկսում մշակույթից։ Չգիտեմ, գուցե թվում է, թե հեշտ է ճաշակ «ձևավորել» լսարանի մոտ։  Սեփական օրինակով կարող եմ խոսել այն հսկայական պատասխանատվության մասին, որ մշակույթ լուսաբանող լրագրողը վերցնում է իր ուսերին։ Նա պատասխանատու է իր արտասանած ամեն բառի համար, ցուցադրած ամեն կադրի համար։ Չէ՞ որ գործ ունի վաստակ ունեցող մարդկանց հետ, նրանց կատարած աշխատանքն է ներկայացնում լսարանին։ Լրագրողը հեշտությամբ կարող է կարծրատիպ կամ սխալ կարծիք ստեղծել, իսկ մշակույթի ոլորտում անուններին դիպչելիս կրկնակի զգուշավորություն է հարկավոր»։

Ն. Ալեքսանյանը դժվարանում է հիշել մշակույթ լուսաբանող կայուն, երիտասարդ լրագրողների։ Քաղաքական դաշտում նկատել է, որ երիտասարդների պակաս չկա։

Քաղաքական լրագրությամբ զբաղվում է «Հետք»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը[։ Նա նշում է, որ տարիներ առաջ, երբ դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթում էր, հիմնականում քաղաքական լրահոսին էր անդրադառնում, հիմա հետաքրքրությունները փոխվել են. «Ժամանակի հետ հասկացա, որ այլևս չեմ ցանկանում ուղղակի որևէ օրակարգային թեմայի անդրադառնալ։ Ցանկանում եմ մնայուն, խոր ուսումնասիրություններ կատարել, որոնք ազդեցություն կունենան, հարցերին ընթացք կտան։ Պարբերաբար իմ առաջ շեմեր եմ դնում, փորձում եմ հասնել դրանց։ Հետաքննական լրագրությունն էլ էր շեմ։ Տարիքը մեր մասնագիտության մեջ դեր ունի այնքանով, որքանով մարդու կյանքում։ Դու հասունանում ես, ավելի կայուն ես դառնում, և դա արտացոլվում է մասնագիտական գործունեությանդ մեջ։ Իհարկե, միշտ բացառություններ կան, բայց փորձը կարևոր է»։

Հայկական ԶԼՄ-ներն աչքի անցկացնելով՝ դժվար է ասել, թե ո՞ր տարիքի լրագրողներն են շատ, նրանցից ով ո՞ր թեմաներին է անդրադառնում։

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 5-րդ հեռակա կուրսի ուսանողների շրջանում Viber հարցումը ևս տարբեր տարիքային փուլերում գտնվող լրագրողների առանձնացրեց. Արամ Աբրահամյան, Քրիստինե Ալագուլյան, Արտակ Ալեքսանյան, Սոնա Մարտիրոսյան, Աբրահամ Գասպարյան և ուրիշներ:

Հայկական հեռուստաեթերի մեկնաբանների տարիքային շեմի մասին խոսելիս պետք է նկատել, որ այստեղ հատկապես շատ են երիտասարդները։ Հ1-ի «Լուրերը»[ ասվածի վառ օրինակն է։

Երիտասարդների ներկայացվածությունն ավելի շատ է նաև մարզական լրագրությունում։ Թե՛ մեկնաբաններն են հիմնականում երիտասարդներ, թե՛լրագրողները. Արման Աբելյան, Ռաֆայել Խալաթյան, Գևորգ Ղազարյան, Շուշանիկ Հակոբյան և ուրիշներ։

Թեևս կարևոր է առանձնացնել նաև «լրահոս լցնող» լրագրողներին, ովքեր կայքերում 10-15 րոպեն մեկ թարմ նյութ են տեղադրում։ Կայքերում լրահոսին հետևողները հիմնականում երիտասարդներ են, ավագ կուրսերի ուսանողներ։ Շատերն իրենց առաջին քայլերը հենց այստեղից են անում։

—-

Ամփոփենք:

Ըստ լրագրության տեսության՝ լրագրողները պետք է օբյեկտիվ լինեն։ Պրակտիկան ցույց է տալիս, որ եթե անգամ ուղիղ տեքստով լրագրողն իր տեսակետը, կարծիքը չի արտահայտում, ապա նախադասությունների, արտահայտությունների և օգտագործած բառերի ենթատեքստն ուշադրության տակ առնելով՝ կարելի է հասկանալ, որ տեսությունը շատ հաճախ կորցնում է ուժը։

Լրագրողները սուբյեկտներ են, ու բնական է, որ նյութը խոշորացույցով կարդալու դեպքում  կարելի է հասկանալ, թե հեղինակը թեմայի հանդեպ ինչ վերաբերմունք ունի։ Սա հատկապես կարևոր է, եթե հարցը դիտարկենք տարիքային առանձնահատկություններից ելնելով։

Ինչպես զրուցակիցներս են նշում, սա այն մասնագիտությունն է, որտեղ փորձառությունը կարևոր դեր ունի։ Գիտելիքներ կարելի է ձեռք բերել համալսարանական տարիներին, լավ ծանոթ լինել նյութի կառուցվածքին, ընտրված կադրերի ճիշտ հերթականությանը և այլն, բայց դրանք միայն տեսական գիտելիքներ են, որոնք առանց փորձի մերկ են։

Եթե չխոսենք բացառությունների մասին, ապա կարծում եմ, որ լրագրողի գործունեության մեջ տարիքային առանձնահատկությունները կարևոր դեր են կատարում։

Կան, իհարկե, ավագ սերնդի լրագրողներ, որոնք որևէ կերպ չեն կարող համեմատվել ավելի երիտասարդների հետ։ Սա կարելի է նկատել անգամ ֆակուլտետում, երբ երիտասարդ դասախոսներն ավելի հմուտ են, ավելին գիտեն, քան տասնյակ տարիներ ոլորտում աշխատողները։ Այստեղ կարևոր են անձնական հատկանիշները, բայց եթե համընդհանուր դիտարկենք, ապա այն երկրներում, որտեղ լրագրությունն իր բարձրակետում է, ավագ սերնդի ներկայացուցիչներն ավելի շատ են։

Մեր իրականությունում նոր տեխնոլոգիաները, ինչ խոսք, հիմնականում օգտագործվում են երիտասարդ լրագրողների կողմից, բայց վերլուծական նյութերի տակ ստորագրողները հիմնականում միջին ու ավագ սերնդից են։

Ուսումնասիրությունը միանշանակ պատկեր տալ չի կարող, քանի որ վիճակագրության պակաս կա։

Ինձ համար՝ որպես ընթերցողի, լրագրողի տարիքն անկարևոր է, եթե թեման խորապես ուսումնասիրված է, արժանահավատ ու պատասխանում է բոլոր հարցերիս։ Տարիքը կարևորում եմ, երբ այս կամ այն թեմայի շուրջ լրագրողն իր գնահատականներն է տալիս։ Չեմ հերքում նաև, որ երիտասարդ լրագրողներ կան, որոնց հանդեպ վստահությունս այնքան է, որ տարիքը կորցնում է նշանակությունը։

Քանի որ գործ ունենք մի մասնագիտության հետ, որտեղ առանցքային դեր ունեն անձնային հատկանիշները, ապա միանշանակ ասել, թե տարիքային գործոնն ինչպես է անդրադառնում նրանց գործունեության մեջ՝ սխալ կլինի։

Անի Պետրոսյան

5-րդ կուրս


Կիսվել