PR-ը, որպես քաղաքական համակարգի ինստիտուտ, ուղեկցվում է կազմակերպված գործունեությամբ. քաղաքացիների գիտակցության մեջ համադրել սեփական, խմբային, ինչպես նաև հանրային շահերը՝ նպաստելով նոր հանրային կառավարման սկզբունքների գործառմանը: PR-ը դիտարկվում է և՛ որպես միջոց, և՛ որպես նպատակ՝ որևէ քաղաքական իրադարձություն, նախագիծ և երևույթ հանրությանն առավել համակողմանի ներկայացնելու համար:
Նորարարական ծրագրեր և գաղափարներ ունենալն ամենևին չի նշանակում, որ մարդիկ անվերապահորեն ընդունում են դրանց ռազմավարական նշանակությունը. կարևոր է, որ այդ ծրագրերն ու գաղափարները ներկայացվեն հանրությանը և համապատասխանեն ապագայի նկատմամբ ունեցած նրանց ակնկալիքներին:
Հայկական PR ասոցացիայի հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հանրային կապերը երկարատև գործընթաց է և բնականաբար պահանջում է մեծ ժամանակահատված, որպեսզի հասարակությունը և իշխանությունը, հասարակությունը և կուսակցությունները կարողանան միմյանց հետ հաղորդակցվել և այդ հաղորդակցման ուղիները կառավարել: Այս տեսանկյունից, եթե հետադարձ հայացք գցենք, թե ինչ ուղի է անցել և ինչ փուլում է գտնվում այժմ երկիրը, միանշանակ լիդերի առկայության փաստը կա, և մեկ անձի շուրջ է համախմբված ամբողջ ուժն ու հանրային կարծիքի մեծ մասը, ինչն էլ դժվարացնում է կուսակցությունների, քաղաքական նոր ձևավորված ուժերի դիրքավորումը քաղաքական շուկայում: Այս ամենը վտանգավոր լինելով հանդերձ, նոր իրավիճակ է թելադրում: Քաղաքական ուժերը PR տեխնոլոգիաների կիրառման, ճիշտ հաղորդակցման և կարճ ձևակերպումների խնդիր ունեն:
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումների փորձը ցույց է տալիս, որ մարդու մուտքը քաղաքականություն, նրա նախապատրաստումն ու ներառումը իշխանական գործընթացին, ուղեկցվում է մի շարք հանգամանքներով: Քաղաքական ճգնաժամի պայմաններում մարդիկ համախմբող ուժի պահանջ են զգում: Այս առումով տիպիկ օրինակ է հայաստանյան «թավշյա» հեղափոխությունը, որում կարելի է ասել, կարևոր խնդիր էր դրված իրագործվող անհնազանդության ակցիաները ճանաչելի դարձնել որպես հենց հեղափոխություն, և դա արվում էր հիմնականում տարբեր երկրներում իրականացված նմանատիպ գործողություններին նմանեցնելով: Ապրիլ-մայիս ամիսներին իրականացված հեղափոխությունը կոչվեց «թավշյա», ինչպես 1989 թվականին Լեհաստանում, Հունգարիայում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում և այլուր տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունները, որոնք հանգեցրին պետությունների քաղաքական համակարգի փոփոխմանը: «Թավշյա» բնորոշումը հստակ ուղերձ էր թե՛ միջազգային, թե՛ տեղի հանրությանը, թեպետ այլ առանձնահատուկ անվանում կիրառելուց խուսափելը տարանջատում կլիներ ժամանակակից այլաբնույթ հեղափոխություններից: Հայաստանում «թավշյա» հեղափոխությունն ուղեկցվում էր սոցիալական ցանցերում, հատկապես ֆեյսբուքում կատարվող ոչ պակաս ակտիվ թվային հեղափոխական գործառույթներով: Համացանցային այս հարթակում ստեղծվեց պատրանքային մեծամասնության գաղափարը: Այլակարծությունը դարձավ աննկատ և անտեսվող:
Հսկայական է քաղաքական PR-ի ազդեցությունը մեդիայի զարգացման գործում: Թեմայի շուրջ զրուցեցինք PR խորհրդատու Լիլիթ Հակոբյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ թավշյա հեղափոխությունը Հայաստանում չէր հաջողվի առանց մեդիայի աջակցության: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիից ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության իր երթի մասին ազդարարեց Ֆեյսբուքի ուղիղ եթերում: Եվ հեղափոխության ամբողջ ընթացքում ուղիղ եթերը դարձավ իրադարձությունների լուսաբանման ամենապահանջված ֆորմատը: Մեդիան բավականին մեծ դեր ունեցավ, բայց ոչ հեղափոխության սկզբնական շրջանում: Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց իր երթը Ֆեյսբուքով, և դա շատ սիմվոլիկ էր: Ֆեյսբուքը դարձավ բրենդ, այն մինչ այդ այդքան տարածված չէր, բայց հիմա այնքան է բրենդային դարձել, որ բոլորը սկսել են Live մտնել, այսինքն` մինչ հեղափոխությունը Հայաստանից Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի թիվը 1 մլն 100 հազար էր, հեղափոխական մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուքը համալրեցին հարյուր հազար նոր օգտատերեր, և մայիսին լսարանը հասավ 1 մլն 200 հազարի. մեդիան ինքն ինտեգրվեց ֆյսբուքում: Այս իրադարձությունները կարելի է որակել որպես մոբիլ մարդկանց հեղափոխություն, ուղիղ հեռարձակումները միայն մի քանի պրոֆեսիոնալ լրատվամիջոցների մենաշնորհը չէին, դրանք ստեղծում և տարածում էր յուրաքանչյուր մարդ, որը դուրս էր գալիս փողոց ու մասնակցում քայլերթերին կամ փողոցների փակմանը. Live-երը իրադարձությունների վայրկենական արտացոլումն էին, ինչը հատկապես կարևոր էր իրադարձությունների ոչ կենտրոնացած լինելու պարագայում։ Դեպքերի վայրերը բազմազան էին, սփռված ու ֆրագմենտացված, և հենց նույն եղանակով էլ լուսաբանվում էին։ Զուգահեռաբար ստեղծվում էր մասնակցության էֆեկտ, քանի որ ցանկացած Live ապահովող ակամայից դրա մասնիկն էր, ինքն էր մեդիան՝ իր դիտորդներով, հետևորդներով ու համակիրներով:
Ինչ խոսք, հսկայական է PR-ի դերն ու նշանակությունը հասարակական տարբեր, առավել ևս քաղաքական ոլորտներում, սակայն ոչ միշտ է այն դրական: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում, այն կարող է և դիակապտությամբ զբաղվել. էմոցիաներ արթնացնող կեղծ տխրություն, խաղ, զգացմունքների վրա, զոհերի նկարների ֆոնին նկարահանումներ, մեծահոգաբար գրկախառնություններ ու համբույրներ զոհերի հարազատների հետ: Լավագույն կադրերը զոհերի փոքրիկ երեխաների հետ են ստացվում: Սակայն, երբ զոհերը վերածվում են քաղաքական PR միջոցի, դա դիակապտություն է հիշեցնում: Այնուամենայնիվ, ամենակարևորը հանրային գնահատականն է. արդյոք հանրության համար դա ընդունելի՞ է, թե՞ ոչ»:
Արաքսյա Սահակյան
4-րդ կուրս