ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՐԱՏԱՊ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՐԱՏԱՊ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

1797

  Ըստ ՀՀ զբաղվածության պետական ծառայության սահմանման՝ գործազուրկ են համարվում հանրապետության տարածքում մշտապես բնակվող 16 և դրանից բարձր տարիքի աշխատունակ, առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող այն քաղաքացիները, ովքեր դիտարկվող ժամանակահատվածում չեն ունեցել աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք։ Գործազրկությունը համարվում է հրատապ լուծում պահանջող հիմնախնդիր` ունենալով  բազում բացասական հետևանքներ՝ աղքատություն, անապահով ընտանիքների թվաքանակի աճ, արտագաղթ։ Գործազրկության աճը խթանում է նաև հանցագործության աճը։

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ՉԵՆ…

  Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում գործազրկության ամենաբարձր  ցուցանիշը արձանագրվել է 2001թ.-ին՝ 35,9%, իսկ ամենացածրը՝ 2013թ.-ին՝  16,2%։

  2017թ.-ի առաջին եռամսյակում գործազրկության թիվը, գերազանցելով նախորդ տարվա 18,3% ցուցանիշը` կազմել է 19%։ Նույն տարում գրանցված գործազուրկների թիվը կազմել է շուրջ 78,2 հազար, որոնցից 51,5 հազարը՝ կին, 26,7 հազարը՝ տղամարդ։ 2018թ.-ի հունվար ամսվա զբաղվածության ցուցանիշներն ևս հուսադրող չեն. աշխատանք փնտրող 85,295 մարդկանցից 69,784-ը գործազուրկ են։

ՄՏԱՑԱԾԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ…

  Արդեն 5 տարի է, ինչ պետությունը դադարել է քաղաքացիներին գործազրկության նպաստ վճարել։

 2014թ․-ին հայտարարվում էր, որ դրա փոխարեն իրականացվելու են ակտիվ զբաղվածության ծրագրեր, այդ թվում փոքր և միջին բիզնեսի աջակցության ծրագիրը, համաձայն որի, շահառուների համար կազմվելու էին ստանդարտ բիզնես ծրագրեր։ Դրանք պետք է տրամադրվեին բիզնես հիմնադրելու ցանկություն հայտնած անձանց՝ նրանց կարիքները գնահատելուց հետո։ Ինչպես հետագայում պարզ դարձավ՝ բիզնեսին աջակցող ծրագրի շրջանակը բավական նեղ է։ Այն կոչվում է «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում», իսկ անձը անմրցունակ է համարվում, եթե ունի հաշմանդամություն, վերադարձել է ազատազրկման վայրից, թրաֆիկինգի զոհ է, կամ ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ։

  Ընդ որում, որպեսզի շահառուն այս ծրագրից օգտվելու հնարավորություն ստանա, պետք է որոշակի գումար ունենա իր հաշվին։ Այսինքն՝ հատկացվելիք ֆինանսավորումը կարող է տրամադրվել տարբեր ուղղություններով (հարկեր, աշխատանքային անհրաժեշտ միջոցների ձեռքբերում), բայց պահանջվող գումարի կեսը շահառուն ինքը պետք է ունենա։

  Նշենք նաև, որ մինչ այս փոփոխության հաստատումը գործազրկության նպաստ էր ստանում 9,200 գործազուրկ։ Իսկ տվյալ ծրագրի շրջանակներում 2014-2016 թվականն ընկած  ժամանակահատվածում  աջակցություն է ստացել աշխատաշուկայում անմրցունակ 201 գործազուրկ։

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ…

  Գործազրկությունը առանձնահատուկ ուշադրություն է պահանջում հատկապես երիտասարդների շրջանում։ Համաձայն «Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի» հետազոտության, ՏՏ ոլորտում երիտասարդների զբաղվածության ցուցանիշը կազմում է ընդամենը 3%։ Փոխարենը, գյուղատնտեսական, առևտրի և սպառման ոլորտներում երիտասարդների ներգրավվածության ցուցանիշը բավական բարձր է։

Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈԻՄ ԵՐՏԱՍԱՐԴՆԵՐԸ…

Մարինե (21տ. մասնագիտությամբ՝ երկրագետ)

«Իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելու փորձեր շատ եմ արել, ցավոք՝ ապարդյուն։ Հիմնականում այլ ոլորտներում աշխատելու առաջարկներ եմ ստացել, դա էլ այն պատճառով, որ CV-ումս նշել էի օտար լեզուներին տիրապետելուս հանգամանքը։ Գործակալություններն հիմնականում առաջարկում էին բրենդային խանութում խորհրդատու-վաճառողուհու աշխատանք, ինչից հրաժարվում էի՝ չցանկանալով ստացածս կրթությունը կոպիտ ասած «ջուրը գցել»։ Տվյալ պահին չեմ աշխատում, բայց հետագայում իմ մասնագիտությամբ աշխատելու հույսը դեռ չեմ կորցրել»։

Արման (24տ. մասնագիտությամբ՝ տնտեսագետ)

  «Ավարտել եմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետ զորակոչվել եմ բանակ։ Բանակից վերադառնալուց հետո միանգամից սկսեցի աշխատանք ման գալ։ Սկզբնական շրջանում իմ մասնագիտությամբ աշխատանք չկարողացա գտնել, որովհետև գործատուները իրենց նախապատվությունը տալիս էին աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին»։

  Ընտանիքին օգնելու նպատակով աշխատանքի է տեղավորվել X վայր՝ (անունը չցանկացավ նշել) որպես անվտանգության աշխատակից։ Հետագայում իր մասնագիտությամբ կաշխատի թե ոչ՝ չգիտի։

ԵՊՀ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՈԻՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԸՆԿԵՐ

  2006 թվականից ի վեր Պետական համալսարանում գործում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն։ Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի խոսքով՝ գործատուների հետ իրենց համագործակցությունը բավական լայն է և աշխատանքի տեղավորման առումով նրանց համագործակցությունը կատարվող աշխատանքի միայն մեկ մասն է։ Իրենք նախ և առաջ կարևորում են այնպիսի աշխատանքների կատարումը, որոնք միտված են ուսանողների կարիերայի խթանմանը։ Օրինակ՝  հասկանալ աշխատաշուկան ի՞նչ մասնագետների պահանջարկ ունի, և ո՞ր մասնագետներն են բավարար մրցունակ։ Փոխտնօրենը նշեց, որ շատ հաճախ գործատուներն են դիմում իրենց երիտասարդ կադրերի տրամադրման հարցով, ինչից հետո կարիերայի կենտրոնը տվյալ ֆակուլտետից ընտրում է ուսանողներ, որոնց հետ անցկացվում են ինտերակտիվ դասընթացներ, որից հետո նրանք կարող են դիմել թափուր աշխատատեղերի համար։

  Ըստ կենտրոնի տրամադրած տվյալների՝ 2017 թվականի կենտրոնն աշխատել է շուրջ 3,400 ուսանողի հետ։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ. ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀ ԹԵ՞ ՇԱՀԱՎԵՏ ԱՌԱՋԱՐԿ

  Աշխատանքի տեղավորման գործակալությունները բավական լայնածավալ գործունեություն են իրականացնում իրենց դիմած անձանց աշխատանքով ապահովելու նպատակով։ «Պերսոնա» աշխատանքի տեղավորման գործակալության տնօրեն Մարինե Ավագյանի խոսքով՝ գործատուների շրջանում առավելապես մեծ պահանջարկ են վայելում հաշվապահները և օտար լեզուներին տիրապետող մասնագետները։

  Նա հավաստիացրեց, որ իրենց ամսվա կտրվածքով դիմող 100 անձանց 60%-ը ապահովվում է աշխատանքով։

  Նշենք, որ տվյալ գործակալության օգնությամբ աշխատանքի տեղավորված անձը պարտավորվում է իր առաջին աշխատավարձից գործակալությանը վերադարձնել բավական բարձր տոկոսավճար. մինչև 100.000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 40%, 100.000-ից բարձր աշխատավարձի դեպքում՝ 50%։

Ո՞ՐՆ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

  Գործազրկության հաղթահարումը նախ և առաջ պայմանավորված է տնտեսական զարգացմամբ և նոր աշխատատեղերի ստեղծմամբ։ Մասնագետների կողմից երիտասարդներին հաճախ է խորհուրդ տրվում մասնագիտության ընտրության փուլում ուսումնասիրել տեղական աշխատաշուկայի պահանջներն ու իրապես պահանջարկ ունեցող մասնագիտություններ ընտրել, ինչը կարող է գործազրկության կրճատման նոր և արդյունավետ տարբերակ հանդիսանալ:

Էլինա Ասատրյան

4-րդ կուրս

Կիսվել