ԵՐԲ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՐՔ Է. ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՅՈՒՐԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ

ԵՐԲ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՐՔ Է. ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՅՈՒՐԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ

1194

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մուլտիմեդիա լաբորատորիայի հեռուստաստուդիայում այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզական լրագրող, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանի հետ, որը վերջերս հրատարակել է «Մարզական լրագրողի հուշերից» գիրքը՝ այնտեղ ամփոփելով շուրջ կեսդարյա մասնագիտական հուշերը։

Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը,  աշխարհահռչակ բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը, աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն Բենուր Փաշայանը, «Հատիս» բասկետբոլային թիմի նախկին ավագ Անահիտ Սարգսյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ողջունելով ֆակուլտետի ՈՒԳԸ-ի այս նախաձեռնությունը, նշեց, որ նմանատիպ կենսագրություն ունեցող մարդկանց հետ յուրաքանչյուր հանդիպում նաև յուրօրինակ վարպետության դաս է:

«Համոզված եմ՝ հեղինակը հրատարակության է նախապատրաստելու նաև գրքի երկրորդ հատորը և անդրադառնալու մեր մարզաշխարհի երևելի ներկայացուցիչներին, որոնք նոր են ավարտել սպորտային կարիերան կամ դեռ շարունակում են զարմացնել իրենց բացառիկ սպորտային նվաճումներով»,- հավելեց դեկանը:

Յուրի Ալեքսանյանին ներկայացնելով ուսանողներին՝ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ վերջինս բացառիկ սեր է տածում իր մասնագիտության նկատմամբ, որն իր համար իսկական կենսաձև է դարձել:

Խոսելով գրքի մասին՝ Յուրի Ալեքսանյանը նշեց, որ գրքի կարևորագույն նպատակներից մեկն ուժեղների օրինակով երիտասարդության մարզական ու բարոյահոգեբանական դաստիարակության հարցը դիտարկելն է, ֆիզիկական ինքնակատարելագործման, նպատակասլացության, մարդասիրության որակներ ձևավորելը:

Մարզիկները բացառիկ անկեղծությամբ փոխանակվում էին մտքերով և պատասխանում ուսանողների հարցերին:

Վերհիշելով սպորտային կյանքի հետաքրքրաշարժ դրվագները՝ Բենուր Փաշայանը հիշեց իր հանդիպումը Վիկտոր Համբարձումյանի հետ, որից առաջ ինքն արդեն հաղթել էր թուրք մրցակցին:

«Հետաքրքիրն այն էր, որ Վիկտոր Համբարձումյանն ընդունել է միայն երկու հայ մարզիկի՝ շախմատի արքա Տիգրան Պետրոսյանին և մրցագորգի արքա Բենուր Փաշայանին»,-հավելեց Յուրի Ալեքսանյանը:

Անահիտ Սարգսյանի հետ զրույցում ուսանողներին հետաքրքրում էր, թե արդյոք նա հայկական սպորտում առնչվել է սեռային անհավասարության խնդրի հետ:

«Պետք է նշեմ, որ խնդիրներ եղել են ու հիմա էլ կան: Շատ սպորտաձևեր այսօր լրջագույն խնդրի առջև են կանգնել, քանի որ աղջիկների շրջանում մեծ հետաքրքրություն չունեն: Արդյունքում տուժում է և՛ սպորտը, և՛ այն դպրոցը, որը կարող էր չեմպիոններ տալ»,- փաստեց բասկետբոլային թիմի նախկին ավագը:

Խոսելով «Հատիս» ֆենոմենի մասին՝ Անահիտ Սարգսյանը նշեց, որ այդ թիմի հաջողության գաղտնիքը նվիրյալների մեջ էր՝ սկսած մարզիկներից, վերջացրած մարզիչով:

Մարզիկները խոսեցին նաև սպորտ-քաղաքականություն խնդրի մասին, որը հատկապես սառը պատերազմի տարիներին շատ մարզիկների պարզապես հնարավորություն չէր տալիս լավագույնս հանդես գալու մրցումներում:

«Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև քաղաքական խնդիրները հանգեցնում էին նրան, որ մենք հիմնականում ունենում էինք Խորհրդային Միության կամ Եվրոպայի չեմպիոններ և չէինք կարողանում մասնակցել աշխարհի խաղերին»,-նշեց Յուրի Ալեքսանյանը:

Ուսանողներին հետաքրքրում էր նաև, թե ինչով է զբաղվում մարզիկը սպորտային կարիերայից հետո:

«Իրականում սա շատ ցավոտ հարց է»,- նշեց Բենուր Փաշայանը,- «մենք գորգի, ծանրաձողի, բռնցքամարտի լավ մասնագետներ ենք: Ըմբշամարտիկն «իր պարը գորգի վրա է պարում»: Նրա համար շատ դժվար է դրանից հետո նոր կյանք սկսել, որովհետև տեղափոխվում է ուրիշ աշխարհ, որտեղ բոլորովին այլ օրենքներով են առաջնորդվում: Եվ ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մարզիկների 99%-ը, անկախ ազգությունից, դժվարությամբ է լքում սպորտը»:

Կիսվել