Ի՞ՆՉ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԴԱՇՏՈՒՄ

Ի՞ՆՉ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԴԱՇՏՈՒՄ

1208

Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսի ժամանակ վստահեցրել էր, որ առաջիկայում չի նախատեսվում փակել ատոմակայանը, սակայն Հայաստանի էներգետիկ զարկերակի հեռանկարների շուրջ քննարկումները չեն դադարում:

Հայաստանի ատոմակայանը գտնվում է Մեծամորում՝ Երևանից 28 կմ հեռավորության վրա։ Մեր ատոմակայանը միակն է տարածաշրջանում։ Ատոմային էներգետիկայի զարգացումը չափազանց կարևոր է և ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: 

Ատոմակայանի կարևորության և նշանակության մասին խոսելիս Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ Էներգետիկայի վարչության՝ ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում հիշեց 90-ական թվականները, երբ ատոմակայանի կանգ առնելուց հետո էներգետիկ ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով բնակչությունն առանց էլեկտրաէներգիայի մնաց: Միայն ատոմակայանի վերագործարկումից հետո հնարավոր եղավ դուրս գալ էներգետիկ ճգնաժամից:

«Այսօրվա գործող ռազմավարությամբ նախատեսվում է ավարտել շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները և ապագայում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ»,- նշեց Պետրոսյանը:

Մարտի 19-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձավ ատոմակայանի թեմային: Նա նշեց, որ այս պահին օրակարգում ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը:

 «Ատոմակայանի վերաբերյալ բազում քննարկումներ և մեկնաբանություններ կան: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրում այդ հոդվածը իրականում ոչ թե ատոմակայանի փակման, այլ համարժեք հզորությունների ձևավորման մասին է: Մեր օրակարգում ատոմակայանի փակումը չէ, այլ համարժեք հզորությունների ձևավորումն է: Բոլորս գիտենք, որ հիմա երկարացնում ենք ատոմակայանի աշխատանքը, որքան հնարավոր լինի՝ կերկարացնենք, սակայն բոլորս հասկանում ենք, որ ատոմակայանը չի կարող հավերժ աշխատել»,- նշեց վարչապետը:

Ոլորտի մասնագետները և փորձագետները մարտի 20-ին քննարկեցին Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում:

ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքի ՌԴ արտահանման և հետագա վերամշակման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ՝ տեխնիկատնտեսական և տրանսպորտատեխնոլոգիական սխեմայի ուսումնասիրություններ իրականացնելու համար: ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ, հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավար Վարդան Մարտիրոսյանն ընդգծեց, որ այդ ուսումնասիրությունների արդյունքներով կիրականացվեն տեխնիկական միջոցների, ենթակառուցվածքների նախապատրաստման աշխատանքները, որից հետո միայն կսկսվի պիլոտային ծրագրի իրականացումը: 

Անդրադառնալով ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման հարցին՝ հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանն ասաց, որ արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները։

«2019 թվականին մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակում նախատեսվում է 2-րդ տուրբոգեներատորի տեղադրումը, և կսկսվեն կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։ Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի բարձր արդյունավետությամբ ԱԷԿ, իսկ դրա անվտանգության մակարդակը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին»,- նշեց  Սևիկյանը:

Ատոմակայանը նշանակալի դեր ունի երկրի տնտեսական զարգացման գործում: Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականում, ըստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրոտեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանի, Հայաստանին անհրաժեշտ է 600-1000 Մվտ հզորությամբ ԱԷԿ, որը կընդլայնի տարածաշրջանի երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունները։ 

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին:

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել