Բարի ու ժպտերես, գրեթե բոլորի համար սրտացավ ու հոգատար է 72-ամյա Ռիմա տատը: Խորունկ աչքերից միանգամից պարզ է դառնում` դժվար կյանք է տեսել, բայց նույնիսկ կյանքի դժվարություններից աչքերն իրենց փայլը չեն կորցրել: Տարիները մաշեցրել են նրա նուրբ ու գեղեցիկ մատները, սակայն դրանից, միևնույն է, չի փոխվել իր պատրաստած գաթաների յուրահատուկ համը:
Հարևանների խոսքով` Ռիմա տատը շատ բարի է ու «հացով»: Ասում են` տուն եկողին առանց հաց չի ճանապարհի: Հյուրընկալ տատիկը 6 աղջիկ ու 15 թոռ ունի: Հպարտությամբ ասում է` իր ամեն աղջիկը հազար տղա արժե: Իսկ աղջիկներն իրենց հերթին պատմում են, որ մայրիկը երբեք ո°չ բարկացել է, ոչ էլ կոպիտ խոսքեր ասել. «Նույնիսկ երբ մեր երեխաների վրա բարկանում ենք, ասում է` «ինձնից երբևէ մի թթու խոսք լսե՞լ եք, որ էդ երեխեքին էդքան ասում եք»։
Ամուսինը 9 տարի առաջ է մահացել:
Շրջապատում բոլորը գիտեին, որ նույնիսկ մեծ տարիքում նրանց սերն ուրիշ էր: Ռիմա տատն
էլ պնդում է, որ ինքն ու ամուսինը երբեք չեն վիճել, միշտ հաշտ ու համերաշխ են ապրել:
Ռիմա տատի ողջ կյանքն անցել է սահմանամերձ Ուժանիս գյուղում: Գյուղի միակ բուժքույրն
էր, բազում մարդկային կյանքեր է փրկել` հատկապես զինվորների: Երբ պատերազմի տարիներին
բոլորը լքում էին գյուղը, Ռիմա տատը այդպես էլ չթողեց ո°չ գյուղը, ոչ էլ իր կարիքն
այդքան զգացող զինվորներին:
«Դեռ նոր էր պատերազմը սկսվել, ծանր վիրավոր բերեցին, էդ զինվորը ձեռքս բռնեց ու ասաց` «մորքուր ջան փրկի ինձ, չեմ կարա մեռնեմ, մորս միակ զավակն եմ, մերս մենակ ինձ ունի»: Էս խոսքերից հետո ո՞նց թողնեի ու գնայի գյուղից», – հիշելով անցած օրերը` հուզված պատմում է Ռիմա տատը:
Աղջիկներից մեկը հիշում է, որ
իրենց մորը զինվորներն այնքան շատ էին սիրում, որ հենց այնպես, առանց պատճառի միշտ
տեսակցության էին գալիս.
«Երկու զինվոր կային, որ միշտ գալիս էին մեր տուն: Նրանցից մեկը բարձրահասակ էր, մյուսին
«Ճուտ» էին ասում: Մայրս ամեն անգամ հատուկ նրանց համար լավաշ էր թխում, մեր բարբառով
ոչ թե լավաշ, այլ` յուխա: Որը մի քիչ փոքր էր ստացվում, ասում էր Ճուտի համար է, որը
մեծ էր ստացվում, տալիս էր բարձրահասակ զինվորին»:
Զավակներից փոքրը` Մերին, պատմում է, որ մի անգամ մայրն իր ներկայությամբ հարևանի երեխային է փրկել, երբ վերջինս ընկել էր ու ուժեղ հարվածից «լեզուն կուլ էր գնում»:
Մշտապես բոլորին «հասնող» Ռիմա տատն ասում է` կյանքում ամենակարևորը միմյանց լավություն անելն է, մյուսներին լսելն ու հասկանալը, բոլորի հետ հաշտ ու համերաշխ ապրելը:
Անահիտ Առաքելյան
2-րդ կուրս