ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՐՔԸ ԵՎ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԱՅՆՈՐԵՆ ԼՈՒՍԱԲԱՆՎԵՆ. ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ...

ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՐՔԸ ԵՎ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԱՅՆՈՐԵՆ ԼՈՒՍԱԲԱՆՎԵՆ. ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

1266

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը  կազմակերպել էր Ժուռնալիստիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն:

Կլոր սեղանի ձևաչափով ընթացող հանդիպման թեման էր «Մանկական գրքի հանրայնացման խնդիրները  և այդ գործում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողության մասնակցությունը», որի  ընթացքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ կարևորում է այն համագործակցությունը, որը պետք է սկզբնավորվի ֆակուլտետում, բայց դուրս գա  դրա սահմաններից:

«Մեր համագործակցությունը շատ լավ հնարավորություն է առկա խնդիրները միասին քննարկելու և լուծումներ գտնելու համար»,- նշեց Նաղաշ Մարտիրոսյանը,- «այս ընթացքում մանկական գրքի հանրայնացման խնդիրներն իր ուսերին է տարել նաև Հայկական մանրանկարչության կենտրոնը՝ հանդես գալով բազմաթիվ հրաշալի նախաձեռնություններով և ծրագրերով, դրա վառ ապացույցնն այբբենարանի այն շքեղ օրինակն է, որն այժմ մեր սեղանին է դրված»:

Նաղաշ Մարտիրոսյանի խոսքերով, բոլոր ժամանակներում էլ լավ գործը հանրայնացնել է պետք, և հենց  այստեղ է, որ օգնության է գալիս լրագրողն իր մասնագիտական հմտություններով:

Նաղաշ Մարտիրոսյանը փաստեց նաև, որ իր և «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Օհանյանի նախաձեռնությամբ պատրաստվել է համագործակցության հուշագիր, որը նախատեսում է կենտրոնի ու ֆակուլտետի միջև համագործակցության ավելի լայն շրջանակ:

«Հուշագրի ստորագրումից հետո մենք ավարտական կուրսերի 8 ուսանողի  հնարավորություն կտանք ուսումնաարտադրական  պրակտիկա անցնելու մանրանկարչության կենտրոնում»,- մանրամասնեց Նաղաշ Մարտիրոսյանը:

«Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Օհանյանն էլ ներկայացրեց կենտրոնի պատմությունն ու աշխատակիցներին:

«Այս տարի կլրանա մեր կենտրոնի հիմնադրման 5 տարին: Իհարկե, մենք դեռ այդքան մեծ չենք՝ միայնակ շատ բաներ անելու համար, բայց մենք փորձում ենք որոշակի քայլեր անել հայապահպանության ուղղված, մեր բոլոր մեծ ծրագրերը դրան են միտված՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»:

Արմեն Օհանյանն անդրադարձավ նաև կատարված աշխատանքի հանրայնացման խնդրին, որում իրենց անմիջական մասնակցությունը կարող են ունենալ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ,  «Մանկական գիրք» ծրագրի ղեկավար Էլինա Միրզոյանն էլ ներկայացրեց հիմնադրամի 2 ազգային ծրագրերը՝ «Մանկական գրականություն» ազգային ծրագիրը, որն իրականացվում է պատկերազարդման մեթոդով, և  «Հայկական մանրանկարչություն» ազգային ծրագիրը, որը ստեղծում է կտավներ թղթի, մագաղաթի և մետաքսի վրա:

Այս երկու ծրագրերի գլխավոր նպատակն է աշխատանքներում կիրառել մանրանկարչությունը:

«Մեր բոլոր ծրագրերի հիմքն հիմնականում այբուբենն է՝ որպես ազգային ինքնության հիմնասյուն»,- նշեց Էլինա Միրզոյանը,- «կցանկանայի ներկայացնել «Ճանապարհորդություն Արցախ» գունավորման գիրքը, որը նախատեսվում է տպագրել նաև արևմտահայերենով»:

Էլինա Միրզոյանի խոսքերով, կենտրոնի նպատակն է «Ճանապարհորդություն Արցախ»-ը հասանելի դարձնել աշխարհի բոլոր երեխաներին, և  պատահական չէ ընտրված նաև գրքի գունավորման եղանակը, քանի որ այս եղանակով երեխային առաջարկվում է հոգևոր, մշակութային ճանապարհորդություն:

Վերջում կողմերը միմյանց փոխանցեցին իրենց անձնական տվյալները՝ համագործակցությունը շարունակելու նպատակով:

Կիսվել