ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ՝ ՇԱՀՈՒՅԹԻ ՄԻՋՈՑ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ՝ ՇԱՀՈՒՅԹԻ ՄԻՋՈՑ

1666

   Թրաֆիքինգը ծանր հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչքան թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ 
Սեռական բնույթի ստրկությունն ամենից շատ աճում է Արաբական Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում, աշխատանքային թրաֆիքինգը՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Նման մի օրինակ է երեսունվեցամյա Անահիտի (անունը փոխված է) պատմությունը։

Իր հետ տեղի ունեցածը ժամանակին ազդեցիկ դրամա էր համարվում մեր հասարակության համար։ Հայաստանում քչերն են գիտակցում թրաֆիքինգի վտանգի առկայությունը։ Մեր կողքին գտնվող ամեն ոք կարող է ընկնել սպառնացող վտանգի ազդեցության տակ ու չկարողանալ դուրս գալ այդ քաոսից։

«Քսաներկու տարեկան էի։ Ընտանիքս հնարավորություն չուներ ինձ ուսման տալու. բնական է՝ պետք է աշխատեի։ Դե իմ հասակակիցներից շատերն էին մեկնում տարբեր երկրներ ու աշխատում, բայց իմ ծնողները՝ հատկապես հայրս, շատ խիստ էր ու ինձ մենակ չէր թողնում դուրս գալ երկրից։ Հայաստանում գործ կար, բայց դժվար կարողանայի ստացածս գումարով ընտանիքիս կարիքները հոգալ»։

Անահիտը խորը թախիծով էր պատմում անցյալում իր հետ տեղի ունեցածը. նա կարծում է, որ այն, ինչ պատահում է մեզ հետ՝ թե՛ լավ, թե՛ վատ, միայն մեզանից է կախված, բայց ոչ այս մեկը։ Անցյալն արդեն անցել գնացել է, բայց հիշողություններն ու ցավը հավերժ ուղեկցում են։

«Հորեղբայրս եկավ մեզ հյուր ու հորս հետ երկար խոսեց։ Նրա գնալուց հետո հայրս ասաց, որ Ռուսաստանում՝ Սարատովում, մի գործարան կա, որտեղ երիտասարդ աղջիկներ են պետք կար ու ձև անելու համար, ու ես էլ կարող եմ մեկնել այնտեղ՝ մի քանի ամիս աշխատելու, նաև սովորելու։ Շատ ուրախացա։ Միանգամից որոշեցի, որ կգնամ»։

Քսաներկուամյա Անահիտը, հույսով ու մեծ սպասումներով լցված, հորեղբոր հետ մեկնեց Սարատով։ Սկզբնական շրջանում ապրում էր հորեղբոր ընտանիքի հետ, բայց երկու շաբաթ անց հորեղբայրը հրաժարվեց Անահիտին պահելուց։

 Անահիտը փաստաթղթերը հանձնում է գործարանի տնօրինությանն ու սկսում բնակվել գործարանի ձեղնահարկում գտնվող փոքրիկ սենյակում ևս տասներկու կանանց ու աղջիկների հետ։ Հենց այս ժամանակ էլ սկսվում է Անահիտի կյանքի թերևս ամենից դժվար շրջափուլը։

«Աշխատում էինք օրը քսանչորս ժամ, սոված էինք մնում, առանց հանգստի ու քնի։ Այդ գործարանում մենք շատ ծանր աշխատանք էինք անում։ Երբեք չէի էլ կարող պատկերացնել, որ հայը կարող է իր հայրենակցի հետ նման կերպ վարվել։ Հիմա, երբ հիշում եմ, զարմանում եմ՝ ոնց էի դիմանում։ Խմորեղեն և տարբեր տեսակի քաղցրավենիքներ էինք պատրաստում, իսկ երեկոյան դրանք փաթեթավորում ու ծանր տարաներով տեղափոխում էինք մեքենաների մեջ։ Մեր աշխատանքի ծավալը ուղղակի ահռելի էր։ Էդ ժամանակ ոչ մեկս էլ չէր հասկանում, որ մեզ շահագործում են»։

Հարցին, թե ինչու իրենք չէին դիմում գործարանի տնօրինությանն ու պահանջում իրենց փաստաթղթերը, Անահիտը պատասխանեց՝ իրենց հարցերը միշտ անպատասխան են մնացել։ Եթե անգամ փորձեին բղավել կամ փախուստի փորձ անել՝ դաժան պատիժ կստանային։

«Էսպես տարի ու կես աշխատեցինք։ Երբ հիվանդանում էինք, ծեծում էին։ Մարդկային ոչ մի օգնություն չէինք ստանում։ Գնալով ավելի ու ավելի էինք թուլանում։ Նույնիսկ մտածել եմ ինքնասպանության մասին, բայց սրտումս մի փոքր հույս պահելով՝ մեջս ուժ եմ գտել ու նորից ոտքի կանգնել»։

Փրկության ու ընտանիք վերադառնալու հույսն Անահիտին ստիպում է դառնալ էլ ավելի ուժեղ։ Պարբերաբար փախուստի փորձ անելուց ու ձախողելուց հետո Անահիտը որոշում է այլ միջոցի դիմել։

«Փախուստն արդեն բացառել էի, բայց էդ անտանելի պայմաններում ապրել չէի կարող։ Արդեն տոներ էին։ Տնօրինությունը պատրաստվում էր ամանորին. անփույթ լինելու պատճառով մոռացել էին անջատել հեռախոսի լարերը։ Մեր աղջիկներից մեկը նկատեց միացված հեռախոսն ու արագ զանգեցինք ոստիկանություն։ Մի քանի ժամ անց՝ դրսում էինք..․»։

Ժպտաց Անահիտը. աչքերում արցունքներ նկատվեցին.

«Մինչև հիմա այդ պատկերը աչքերիս առաջ է։ Ոտքս դուրս դրեցի գործարանից ու տեսա մարդկանց, ձյուն, երկինք։ Մեզ հանձնեցին թրաֆիքինգից տուժածների ապաստարան։ Առողջական բազմաթիվ խնդիրներ էինք ձեռք բերել։ Ստացանք բուժօգնություն ու սկսեցինք կապ հաստատել մեր հարազատների հետ։ Վերադարձրին մեր փաստաթղթերն ու սկսեցին զբաղվել մեզ՝ հայրենիք տեղափոխելու աշխատանքներով»։

Անահիտի ծնողները պատկերացում ունենալ չէին կարող, որ իրենց աղջիկը նման փորձությունների միջով է անցել.

«Մենք մինչև հիմա մեղադրում ենք մեզ, որ թողեցինք Անահիտին գնա Սարատով։ Երկու տարի աղջկանիցս լուր չունենալուց հետո վերջապես լսեցի ձայնը։ Հուզմունքից չգիտեի ինչ անել։ Մեր մտքով ինչեր ասես, որ չեն անցել։ Ավելի լավ է չհիշեմ։ Կարևորը հիմա իմ աղջիկը ողջ ու առողջ է, մեր կողքին»,-պատմում է Անահիտի մայրը՝ տիկին Զվարթը։

Անահիտը, այսօր էլ հիշելով իր հետ տեղի ունեցածը, չի հավատում, որ հիմա ազատ է՝ իր հարազատների ու մտերիմների կողքին։

Թրաֆիքինգից տուժածների վերականգնողական աշխատանքներով Հայաստանում զբաղվում են «Ամքոր Հայաստան» և «Հույս և օգնություն¦ հասարակական կազմակերպությունները։ Նրանք ստանում են պետական աջակցություն։ Վերջին տվյալներով այս կազմակերպություններում վերականգնողական աջակցություն է ստացել 112 տուժած։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (ՄԱԹՀՊԳ) ղեկավարում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային ծրագիրը, որն աջակցում է անդամ երկրներին՝ կանխարգելել և հետապնդել հանցավորության այս տեսակը, պաշտպանել տուժողների իրավունքները, և խթանում է անդամ երկրների միջև համագործակցությունը:

Պետք է հիշել և կարևորել յուրաքանչյուրի ներգրավվածությունը թրաֆիքինգի դեմ պայքարի գործում։ Տեղեկացվածությունը թերևս ամենից կարևոր զենքն է՝ հաղթելու արատավոր երևույթներին։

Լիանա Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել