36-ամյա Դիանան արդեն 3 տարի է՝ «տառապում է»։ Դիմել է քթի պլաստիկ վիրահատության, որի արդյունքից դժգոհ է մնացել և մինչ օրս չի համակերպվում նոր քթին։
Դիանային դուր չի եկել իր քիթը։ Իր խոսքով՝ առանձնապես մեծ քիթ չի ունեցել, սակայն մտածել է, որ այն իրեն չի սազում։ Որոշել է վիրահատել և ստացվել է այն, ինչ ստացվել է։
Այժմ ունի շնչառական խնդիր, որն այն ժամանակ չի եղել։ Կա նաև քթից հոսք։ Վիրահատող բժիշկը այն գնահատել է իբրև ալերգիա, բայց Դիանան պնդում է, որ ալերգիա երբեք չի ունեցել։ Իսկ քթի ծռությունը, ասում են, թե իրեն է թվում։
Այսօր նման դեպքերի կարելի է հաճախ հանդիպել։ Քթի պաստիկ վիրահատությունները դարձել են կոսմետիկ հարդարման մի մասը, որի շնորհիվ կանայք, աղջիկները, երբեմն էլ տղամարդիկ շտկում են իրենց թերություններն ու խնդիրները, զգում են իրենց ավելի ինքնավստահ և հարմարավետ։
Քթի պլաստիկ վիրահատության անհաջող արդյունքը միշտ չէ, որ բժշկի մեղքով է լինում։ Պլաստիկ վիրաբույժ Զոհրաբ Անտոնայնի խոսքով՝ լինում են դեպքեր, որբ կրկնակի վիրահատության կարիք է լինում. «Ռինոպլաստիկան իրենից բարդ վիրահատություն է ներկայացնում, և նույնիսկ ամենալավ և հայտնի վիրաբույժների մոտ նման դեպքեր հաճախ են լինում»,- ասում է վիրաբույժը։
Ոմանք կարծում են, որ պլաստիկ վիրահատած բոլոր քթերը միանման են, և անկախ նրանից, թե ով է եղել բժիշկը, որքան պրոֆեսիոնալ է կատարված վիրահատությունը, միևնույն է, վիրահատած քիթը տարբերվում է բնականից։
Վիրահատվածների կամ պարզապես կողքից հետևողների մեծ մասի մոտ էլ այն կարծիքն է, որ յուրաքանչյուր բժիշկ ունի իր «ձեռագիրը». վիրահատած քթի ձևից կարելի է ենթադրել, թե ով է եղել վիրաբույժը։
Լինում են նաև դեպքեր, երբ դժվարանում են որոշել, թե որ քիթն է վիրահատած, և որը՝ ոչ. կա՛մ վիրահատությունը ծայրաստիճան բնական գեղեցիկ է դարձրել քիթը, կա՛մ բնական քիթը վիրահատված լինելու չափ գեղեցիկ է։
Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենից շատ պլաստիկ վիրահատության ենթարկվող օրգանը քիթն է։ Շատ դեպքերում անձը ունենում է շնչառական խնդիր, որի լուծումը պարզապես հնարավոր չի լինում առանց վիրահատական միջամտության։ Իսկ երբեմն էլ պլաստիկ վիրահատության դիմում են մոդայիկ երևալու, եղած չնչին թերությունը շտկելու և ավելի գեղեցիկ դառնալու համար։ Այս վերջինը, ոմանց կարծիքով, հենց այն է, ինչի պատճառով վիրահատվողը չի հավանում արդյունքը, չի հարմարվում նոր կերպարին։ Անհարմարվածության զգացումն էլ տանում է կոմպլեքսավորման, որն ավելի քիչ է լինում նախքան վիրահատվելը։
Պետք է ընդունել, որ բացի պլաստիկ վիրաբույժ լինելուց հարկավոր է լինել նաև հոգեբան՝ այցելուին ճիշտ խորհուրդ տալու և սխալ քայլից հետ պահելու համար։ Իր խոսքում Զոհրաբ Անտոնյանը ասաց.
«Այցելուի սխալ որոշմանը համաձայնող բժիշկը ավելի մեծ սխալ է գործում, քան հենց ինքը՝ այցելուն` այդ քայլին դիմելիս»։
Ասում են` գեղեցկությունը զոհեր է պահանջում, բայց այս մտքին համաձայն չէ վիրահատությունից դժգոհ մնացած Դիանան։ Նա ասում է.
«Պետք չէ գեղեցկությանը զոհ դառնալ։ Նախքան նման քայլի դիմելը հարկավոր է լավ մտածել, որովհետև քթի վիրահատությունը բախտի բան է»։
Պարզապես պետք է սիրել այն մարմինը, որի մեջ ապրում ենք, սիրենք այն առավելություններն ու անգամ թերությունները, որոնք տրվել են ի ծնե։ Միշտ էլ դուրեկան է լինել գեղեցիկ և խնամված, բայց ոչ երբեք նորաձրությանը գերի։
Սյուզան Նավասարդյան
4-րդ կուրս