«ՉԳԻՏԵԻՆՔ` ՈՒՐԱԽԱՆԱՅԻՆՔ, ԹԵ՞ ՊԱՏՐԱՍՏՎԵԻՆՔ ՀԱՋՈՐԴ ԿՐԱԿՈՑԻՆ»

«ՉԳԻՏԵԻՆՔ` ՈՒՐԱԽԱՆԱՅԻՆՔ, ԹԵ՞ ՊԱՏՐԱՍՏՎԵԻՆՔ ՀԱՋՈՐԴ ԿՐԱԿՈՑԻՆ»

2034

Շատ բան է փոխվել յուրաքանչյուր հայի սրտում ապրիլյան պատերազմից հետո: Ավելի քան կես տարի է անցել այդ լարված օրերից, որոնք ցույց տվեցին մեր բանակի և ՜ ուժեղ, և՜ թույլ կողմերը: Սակայն հարցազրուցը, որն ուզում եմ ձեզ ներկայացնել, ամենևին էլ այդ մասին չէ: Այն ապրիլյան պատերազմի հերոսներից մեկի` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանի մասին է: Քսանամյա գյումրեցի երիտասարդը թշնամու երեք տանկ է ոչնչացրել «ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգի միջոցով: Շնորհիվ նրա և շատ այլ անձնազոհ հայորդիների` Արցախ աշխարհը մնում է կանգուն:

Ռաֆաե’լ, մինչև բանակ զորակոչվելն ինչպե՞ս էիր տրամադրված ծառայությանը:

-Լավ էի տրամադրված: Ծառայությունից խուսափել չեմ ցանկացել:

Երբ իմացար, որ ծառայությունդ Ղարաբաղում ես անցնելու, ին՞չ զգացիր:

-Գուցե անհավատալի թվա, բայց հենց Ղարաբաղում էլ ուզում էի ծառայել: Նույնիսկ անսպասելի էր, որ Լուսակերտի ուսումնական զորամաս գնացի սկզբում:

Իսկ ինչու՞  էիր ուզում Ղարաբաղում ծառայել:

-Դիրքապահի ծառայությունը միշտ հետաքրքրել է: Ուզում էի իմանալ դիրքերում ծառայության կազմակերպման ձևը, ինչ է ներկայացնում իրենից առաջին գծի խրամատը, առօրյան:

Իսկ ինչպիսի՞ն էր ծնողներիդ արձագանքը, երբ իմացան, որ իրենց միակ տղան ծառայելու է Ղարաբաղում` չավարտված պատերազմի ու լարված առաջնագծային պայմաններում:

-Սկզբում նրանց չէի ասում, որ դիրքապահ գումարտակում եմ ծառայելու: Հետո ասացի միայն հորս: Ծառայությանս ընթացքում աշխատել են ցույց չտալ իրենց անհանգստությունը, բայց բնական է, որ ոչ մի ծնող չի կարող հանգիստ սպասել իր որդու զորացրվելուն: Թեև ինձ հետ խոսելիս այդ մասին չեն ասել, բայց ես գիտեմ` իրենք ինչ են ապրել:

Արդեն նշեցիր, որ ծառայությանդ ուսումնական շրջանը Լուսակերտում ես անցել: Դժվա՞ր էր հարմարվել նոր կարգուկանոնին:

-Այդպես էլ չկարողացա հարմարվել այնտեղի ծառայությանը: Սպաները որպես անկարգապահ զինվոր էին ճանաչում:

Իսկ հերոսական արարքիցդ հետո Լուսակերտի սպաներիդ հանդիպե՞լ ես:

-Չեմ հանդիպել, բայց ծանոթ զինվորները պատմել են, որ ինձ ներկայացրել են որպես լավ սովորող, օրինակելի կուրսանտ:

Արդեն ապրիլին դիրքերում, ինչպե՞ս իմացաք, որ մարտական գործողություններ են սկսվել:

-Այդ ժամանակ մենք մարտական դիրքերում էինք: Կողքի դիրքի հետ կապ չկար, կապվեցինք ավելի հեռու դիրքի հետ ու իմացանք, որ թշնամու գյուղից 9 տանկ շարժվում է դեպի մեր կողմ: Եվ այդտեղ ֆիլմը սկսվեց: Միասնական ուժերով մենք մեր մարտական խնդիրը լավ կատարեցինք:

Իսկ ինչպիսի՞ն էին զգացողությունները, երբ տեսնում էիք` ինչպես են պայթում հակառակորդի տանկերը:

-Այդ ժամանակ ամեն ինչ չափազանց խառնված էր: Մենք պարզապես չգիտեինք` նայեինք հիանայինք, թե՞ ուրախանայինք, թե՞ պատրաստվեինք հաջորդ կրակոցին: Առաջին երկու հարվածներս հաջող էին: Երրորդ անգամ վրիպեցի: Գումարտակիս հրամանատարին ասացի` վրիպել եմ, ու հնարավոր է` չորրորդ կրակոցն անիմաստ լինի: Ասաց, որ իմաստ կա, գնամ ու կրակեմ: Կրակեցի` կպավ:

Դու միշտ ասում ես, որ ամենևին էլ հերոսություն չես արել և պարզապես կատարել ես քո առջև դրված մարտական խնդիրը: Բայց, այնուամենայինվ, պարգևատրման սպասու՞մ էիր:

-Ճիշտն ասած` ոչ: Նույնիսկ այն ժամանակ, երբ ասացին, որ պատրաստվեմ, պետք է պարգևատրվեմ, միևնույն է, «Մարտական խաչ» չէի սպասում:

Պատերազմից հետո քո ծառայությանը մնացել էր 2 ամիս: Ինչ-որ բան փոխվե՞ց արդյոք ծառայությանդ մեջ:

-Հիմնականում` ոչ: Պարզապես ինձ ավելի պատրաստ և փորձառու էի զգում:

Զորացրվելուց հետո ծանոթներդ քեզ ինչպե՞ս ընդունեցին: Վերաբերմունքի փոփոխություն նկատե՞լ ես:

-Չեմ կարող ասել, որ կտրուկ փոփոխություններ եղան: Ես չէի էլ ակնկալում: Բայց կային մարդիկ, որ վերադարձիս շատ էին սպասում:

Եվ փառք Աստծո, որ ողջ և առողջ տուն վերադարձար և դեռ ավելին` շքանշանով:

 

Գայանե Ենոքյան

2-րդ կուրս

journalist-am-raf3

????????????????????????????????????

Կիսվել