«ԻՆՁ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԻՆՁ ՀԵՏԱՔՐՔՈՒՄ ԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ». ԵՊՀ-ՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է

«ԻՆՁ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԻՆՁ ՀԵՏԱՔՐՔՈՒՄ ԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ». ԵՊՀ-ՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է

1864

Երևանի պետական համալսարանում դրամահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն կենդանիների: Նախաձեռնության հեղինակը միջազգային հարաբերությունների հանրային կառավարման բաժնի 2-րդ կուրսի  ուսանողուհի Էլիզա Թովմասյանն է, ով մեզ հետ զրույցում մի շարք մանրամասներ պատմեց:

-Ինչպե՞ս ծագեց  կենդանիների համար դրամահավաք կազմակերպելու միտքը:

-Միտք վաղուց կար, քանի որ ինձ միշտ անհանգստացրել է կենդանիների հարցը, պարզապես այն ժամանակ անչափահաս էի և չէի կարող օրինական լուծում տալ այս հարցին ու, երկար ժամանակ հետևելով «Դինգո»-ի գործունեությանը, որոշեցի մասշտաբային ծրագիր կազմել:

-Ինչո՞ւ հենց ԵՊՀ-ում։

-Քանի որ, կարծում եմ, ուսանողությունը հասարակության այն զանգվածն է, որ ավելի շատ հետաքրքրություն կարող է ցուցաբերել, քան օրինակ փոքրերը կամ տարեցները:

-Համալսարանում կան շատ ուսանողներ, ովքեր վարձերի հետ կապված խնդիրներ ունեն, բայց դու որոշեցիր հենց կենդանիների համար կազմակերպել դրահամավաք, դա ավելի կարեւո՞ր էր։

-Կարող է հիմա շատ կոպիտ հնչել, բայց ինձ մարդիկ չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում են կենդանիները, և ես դրանով եմ զբաղված:

-Ի՞նչ դժվարություններ եղան  նախաձեռնությունը իրականացնելիս։  

-Ես մոտ 3 ամիս աշխատում էի այս նախագծի համար, սկզբում շատ էի վախենում, որ կարող է լուրջ չվերաբերվեն այս հարցին և անուշադրության մատնեն նախաձեռնությունս, բացի դրանից՝ շատ դժվար էր արկղեր գտնելը, քանի որ դրանք բավականին թանկ արժեն:

-Իսկ ի՞նչ միջոցներով ձեռք բերեցիր արկղեր։

-Ես շատ մեծ սիրով, իմ միջոցներով պատվիրեցի ապակյա արկղեր, որոնք դրվելու են համալսարանի տարբեր հատվածներում, որպեսզի բոլորին տեսանելի լինի:

-Ռեկտորատում եղա՞ն խնդիրներ, երբ ներկայացրեցիր դիմումը։

-Ճիշտն ասած՝ սկզբում կարծում էի, որ լուրջ չեն վերաբերի դիմումիս, բայց ի զարմանս ինձ՝ ռեկտորը համաձայնություն տվեց համալսարանում դրամահավաք կազմակերպել, և ուսանողական խորհրդի նախագահն էլ ամեն ինչով աջակցում է ինձ և իմ թիմին, որի համար շատ շնորհակալ եմ:

-Իսկ ինչպե՞ս է ձևավորվել թիմը։

-Թիմը ձևավորվել է facebook-ի  YSU Confession խմբի շնորհիվ: Ես այնտեղ գրեցի իմ ծրագրի մասին և մոտ 17 հոգի արձագանքեց, այդպես ստեղծեցինք մեր թիմը:

-Իսկ ի՞նչ ես կարծում՝ քո այս ամիսների նախաձեռնած ծրագիրը կտա՞ իր արդյունքը։

-Ճիշտն ասած չեմ ասի, որ ակնկալիքներս շատ մեծ են, քանի որ գիտեմ հասարակության վերաբերմունքը տվյալ հարցի նկատմամբ, բայց հուսով եմ, ինչքան որ կենդանի չսիրողներ կան, դրանից ավելի կենդանի սիրողներ կան, ու վստահ եմ, որ նրանց այս հարցը կհետաքրքրի ու նրանք էլ կօգնեն:

Հարցազրույցը՝ Սիլվի Նազարյանի

2-րդ կուրս

Կիսվել