«ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԺՊՏԱԼ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏՆԵՐ ՊԱՐԳԵՎԵԼ»....

«ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԺՊՏԱԼ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏՆԵՐ ՊԱՐԳԵՎԵԼ». ԱՇԽԵՆ ԱՐՏԱՇԵՍՅԱՆ

1653

Բժիշկը պետք է լինի խելացի և բանիմաց, ամեն օր էլ ավելի կատարելագործվի, առաջ գնա թե՛ նոր գիտության և թե՛ նոր տեխնոլոգիաների հետ հավասար, որպեսզի լինի բարձր որակավորված մասնագետ։ Երևանի Մխիթար Հերացու Անվան Պետական Բժշկական համալսարանի ուսանող-ստոմատոլոգ Աշխեն Արտաշեսյանի հետ զրույցի միջոցով փորձենք պարզել, թե ինչպես են անցնում նրանց դասերը, ինչեր են սովորում որպես ապագա ստոմատոլոգներ, և թե ինչ նրբություներ ունի մասնագիտությունը։

Ինչպե՞ս որոշեցիք ընտրել ստոմատոլոգի մասնագիտությունը։

-Ծնվել և մեծացել եմ բժիշկների ընտանիքում։ Դեռ մանկուց շատ եմ սիրել բժշկությունը և երեխա ժամանակվանից ինձ բժիշկ կարծելով՝ նշանակումներ էի անում ծնողներիս պացիենտներին։ Ժամանակի ընթացքում ինձ ավելի հոգեհարազատ դարձավ հայրիկիս մասնագիտությունը։

Ինքնե՞րդ եք ընտրել մասնագիտությունը, թե՞ ծնողները նպաստել են ընտրության հարցում։

-Ես դպրոցական տարիներին լավ եմ սովորել և 9-րդ դասարանում կանգնած էի դժվարին ընտրության առաջ, քանի որ չգիտեի մասնագիտական որ ուղղվածությունը ընտրեի։ Այդ հարցում, կարելի է ասել, տատիկս է ինձ ուղղորդել։ Ստոմատոլոգիական ուղղվածությունը իմ ընտրություն էր, քանի որ ես ինքս շատ եմ սիրում ժպտալ և ցանկանում եմ բոլորին գեղեցիկ ժպիտներ պարգևել, բայց այսօր էլ, բացի ստոմատոլոգիայից, բժշկության այլ ճյուղերով ևս հետաքրքրվում եմ։

Ինչպե՞ս են անցնում դասերը ձեր համալսարանում։ Դասերն ավելի շատ հիմնված են լեկցիաների, թե՞ պրակտիկայի վրա։

Դասերը համալսարանում անցնում են շատ հետաքրքիր, և շատ ինֆորմատիվ են լինում թե՛ լեկցիաները, և թե՛ պրակտիկաները, բայց գերակշռում են լեկցիաները։ Պրակտիկան սկսվում է երկրորդ կուրսից, բայց չէի ասի, որ լայն պրակտիկ հնարավորություններ են ինձ ընձեռնվել։ Իհարկե, հիմա համալսարանում փոփոխություններ են եղել, մեզ մոտ բացվել է հատուկ ստոմատոլոգների համար սիմուլյացիոն կենտրոն, որտեղ կարելի է զարգացնել պրակտիկ հմտությունները։ Այդ ամենի համար շատ ուրախ եմ, ինքս էլ հասցրել եմ այնտեղ լինել, և հուսով եմ՝ մեզնից հետո եկող ուսանողների համար ամեն բան էլ ավելի լավ կլինի, իսկ լեկցիաները շատ ինֆորմատիվ են, ու ես գոհ եմ իմ համալսարանի ուսուցումից։

Այս հինգ տարիների ընթացքում ինքներդ փորձ ունեցե՞լ եք որոշակի մասնագիտական գործողություններ կատարել։

Այո, իհարկե, կատարել եմ։ Նախորդ հարցի մեջ, ինչպես նշեցի, համալսարանում գործող սիմուլյացիոն կենտրոնում նույնպես կատարել եմ տարբեր միջամտություններ ֆանտոմների վրա։ Իմ կարծիքով շատ կարևոր էր կենտրոնի բացումը, քանի որ մինչև ավարտելը, մինչև բժիշկ դառնալը և բժշկի դիպլոմ ստանալը կարևոր է տիրապետել որոշակի հմտությունների։

Ինչպե՞ս պետք է խնամել ատամները, ո՞րն է ճիշտ տարբերակը։

Ատամների գեղեցկությունը կախված է բերանի խոռոչի խնամքից։Ատամները պետք է մաքրել օրը 2 անգամ՝ առավոտյան նախաճաշից հետո, երեկոյան՝ քնելուց առաջ: Իսկ ամեն անգամ ճաշելիս կամ որևէ բան ուտելիս խորհուրդ է տրվում բերանը ողողել ջրով։ Եթե ուզում եք ունենալ գեղեցիկ և անկաշկանդ ժպիտ, ապա պետք է կարևորեք ատամների խնամքը։ Բերանի խոռոչի խնամքը նաև առողջ ատամների գրավականն է։ Հետևելով հիգիենային՝ դուք կանխարգելում եք բազմաթիվ ստոմ․հիվանդություններ, օրինակ, օգտագործելով ատամնաթելեր, միջատամնային խոզանակներ, կկանխարգելեք կոնտակտային կարիեսի առաջացումը։ Շատ կարևոր է նաև հետևել ճիշտ սննդակարգին։

Ձեզ համար ավելի հեշտ կլինի աշխատել փոքրիկների, թե՞ մեծերի հետ։

Երբևէ չեմ մտածել, որ կարող եմ ընտրել մանկական ստոմատոլոգիան, ըստ իս՝ երեխաների հետ աշխատանքը փոքր ինչ բարդ է, դրա համար ինձ ավելի հեշտ կլինի մեծերի հետ աշխատել, բայց երեխաների շատ եմ սիրում։

Ինչպիսի՞ն պետք է լինի բժիշկ-ստոմատոլոգը։

Բժիշկ-ստոմատոլոգը պետք է բնակչության շրջանում ներկայացնի  բերանի խոռոչի առողջության կարևորության մասին։ Եվ կարծում եմ, որ պետք է շատ աշխատանքներ տարվեն այն ուղղությամբ, որ մարդիկ սկսեն առանց վախենալու այցելել բժիշկ-ստոմատոլոգին, իսկ բժիշկ-ստոմատոլոգն էլ պետք է փորձի հիվանդի վստահությունը շահել, և, կարծում եմ, դրանք պարտադիր նախադրյալներ են ճիշտ բուժում անցկացնելու համար։

Գիտեմ, որ ունեք ձեր բժշկական էջը, կպատմեք ինչպե՞ս ստեղծեցիք էջը։

-Այո, ես ունեմ իմ բժշկական էջը, ինչը, կարծում եմ, ապացույց է, որ բժշկությունը իմ կյանքում ուրիշ դեր ունի։ Անկեղծ ասած, ինձ թվում է այդպիսի մտքերը շատ պատահական են ծնվում մարդու մտքում։ Իմ նպատակը եղել է այն, որ մեր հայ բժիշկներն էլ լինեն օրիգինալ և տարբերվող իրենց արտաքինի հարցում։ Էջում վաճառվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բժիշկներին՝ բժշկական համազգեստներ, խալաթներ, աքսեսուարներ, մասնագիտական գործիքներ, գրքեր և այլն։ Իմ էջին, ցանկացողները, կարող են հետևել հետևյալ հղումներով՝ https://m.facebook.com/uniforms.advantage, https://www.instagram.com/uniforms.advantage/:

Ինչու՞ հենց Uniforms Advantage։

-Ես սիրում եմ, որ ամեն բան օրիգինալ և հետաքրքիր է լինում, դրա համար մտածեցի, որ էջի անունն էլ պետք է օրիգինալ լինի։ Իհարկե սկզբնական շրջանում մարդկանց կողմից դժվար հիշվող անվանում էր, բայց հիմա դարձել է հայտնի և սիրելի էջ բոլորի կողմից։ Բառացի թարգմանաբար նշանակում է «համազգեստների առավելություն», Uniforms նշանակում է համազգեստներ, իսկ Advantage նշանակում է առավելություն։

-Ինչպիսի՞ նախագծեր կամ մտքեր ունեք էջը էլ ավելի լայնորեն տարածելու համար։

-Շատ մտահաղացումներ կան՝ էջի հետ կապված։ Շատ եմ սիրում իմ Uniforms Advantage-ը և փորձում եմ  իմ ամբողջ ուժն ու էներգիան ներդնել էջի մեջ, որպեսզի էլ ավելի հետաքրքիր, հաճելի  և օգտակար լինի։ Եկեք շատ չբացեմ փակագծերը, հետևելով էջին, կիմանաք բոլոր նորությունների մասին։

-Ավարտելուց հետո ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գործունեությունը։

-Ես դեռևս ավարտում եմ բակալավր-մագիստրատուրա շրջանները և ավարտելուց հետո պետք է ընդունվեմ օրդինատուրա։ Օրդինատուրայի ընթացքում կսկսեմ պրակտիկ գործունեությունս, քանի որ բժիշկը պետք է անընդհատ աշխատի իր վրա, որպեսզի հասնի բարձր և հաճելի արդյունքների։ Եվ իհարկե, կշարունակեմ իմ էջի գործունեությունը, կլինեն տարբեր նորություններ, համագործակցություններ և մաշտաբային փոփոխություններ։

Հարցազրույցը՝ Աննա Վասիլյանի

5-րդ կուրս

Կիսվել