ՄՈՌԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՈՌԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

1553

Կրթության, ազատ տեղաշարժի, կյանքի, ամուսնության, մտքի, խղճի ու կրոնի, տեղեկատվություն ստանալու ազատության, անձնական տվյալների պաշտպանության և այլ իրավուքների շարքը արդեն մի քանի տարի եկել է համալրելու նորը` մարդու մոռացված լինելու իրավունքը:

Համացանցի գոյության հետ համակերպվելուն զուգահեռ՝  մարդիկ համակերպվեցին նաև այն մտքի հետ, որ այնտեղ հայտնվող  ցանկացած ինֆորմացիա այլևս երբեք չի հեռացվելու:  Տվյալները պահպանելու այդպիսի հատկությամբ է  օժտված  Գուգլ (Google) որոնողական համակարգը:  

Մարդու անձնական տվյալները որոնողական համակարգերում հավերժ պահպանելու դեմ  Եվրամիության դատարանը (ԵԴ-ն՝ Court of Justice of the European Union ) ընդունեց շրջադարձային որոշում` մարդու մոռացված լինելու իրավունքի մասին: Ի՞նչ է սա. մոռացված լինելու իրավունքը արտացոլում է անհատի պահանջը՝ ինտերնետային տիրույթից (որոնողական համակարգերից հիմնականում) հեռացնելու  կամ երրորդ անձանց անհասանելի դարձնելու իրեն վերաբերող որոշ տեղեկություններ, որոնք խոչընդոտում են իր հասարակությանն ինտեգրվելու և այլ իրավունքների պաշտպանությանը:  

 Ավելի պարզ. եթե Դուք տարիներ առաջ հրապարակել եք Ձեր մասին որևէ անձնական տվյալ, կամ դա արվել է որևէ ԶԼՄ-ի կամ մեկ ուրիշի կողմից, ապա Դուք կարող եք օրինական պահանջով դիմել որոնողական համակարգին, կամ հրապարակումը կատարած աղբյուրին, այդ հրապարակումը հեռացնելու համար: Ձեր դիմումը, սակայն, կարող է մերժվել, եթե Դուք հանրային դեմք եք,  կամ եթե այդ տվյալներն ունեն հանրային կարևորություն:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Առուշանյանը ներկայացնում է նախադեպը, որից հետո 2014թ. Եվրամիության դատարանն ընդունվեց վերոնշյալ որոշումը:

-2010թ. Մարիո Կոստեխա Գոնսալեսը դիմել էր Իսպանիայի Տվյալների պաշտպանության գործակալություն` ընդդեմ La Vanguardia պարբերականի և ընդդեմ Գուգլի իսպանական գրասենյակին: Նա պահանջել էր, որպեսզի պարբերականն իր կայքից հեռացնի 1998թ. Գոնսալեսի մասին մի հրապարակում, որտեղ ներկայացվում էր նրա հարկային պարտքերի մասին: Ամեն անգամ, երբ Գուգլ որոնողական համակարգով փնտրվում էր Գոնսալեսի անունը, հայտնվում է իսպանացու պարտքի մասին տեղեկությունը, այնինչ նա վաղուց մարել էր պարտքը:

Գուգլի գրասենյակը չէր ընդունել հրապարակումը հեռացնելու պահանջը, բայց ահա Եվրոպական Դատարանն ընդունել էր որոշում այն մասին, որ ոչ հանրային անձանց Եվրոպայում տրվում է որոնողական համակարգերի օպերատորներին դիմելու և իրենց անձնական տվյալները համակարգերից հեռացնելու իրավունք:

Իհարկե, Գուգլը հայտնեց իր դժգոհությունները այս որոշման դեմ, մասնավորապես շեշտելով, որ վերջինս որոնողական համակարգ է, որը զուտ տեխնիկական աշխատանք է տանում և որևէ պատասխանատվություն չի կրում այն բովանդակության համար, որը կրում է որոնված և գտնված տվյալը:

Չնայած այն բանին, որ ԵԴ որոշումները պարտադիր են ԵՄ անդամ երկրների համար, այնուամենայնիվ, ԵԴ որոշման մեջ գրված է, որ յուրաքանչյուր գործ պետք է առանձին քննվի, և եթե դատարանը որոշի, որ կան օբյեկտիվ պատճառներ, որոնք անհնարին են դարձնում այդ տվյալների ոչնչացումը, ապա դրանք չեն ոչնչացվի:

Այլևս գաղտնիք չէ, որ համացանցում հրապարակվող ցանկացած տեղեկատվություն բոլոր ժամանակների համար է, և հետագայում  դժվար և գրեթե անհնար  կլինի ազատվել դրանից: Այնպես որ համացանցում որևէ կոնտենտ հրապարակելուց առաջ հարկավոր է երկար մտածել այն ազդեցության մասին, որը կարող է վաղն ունենալ այսօր կատարած հրապարակումը: Հատկապես պետք է լինել զգուշավոր անձնական բնույթի տվյալներ, անպարկեշտ գրառումներ ու լուսանկարներ, խիստ քաղաքական կամ այլ  դիրքորոշում և այլն հրապարակելուց առաջ:

Լուսինե Թովմասյան

5-րդ կուրս

Կիսվել