–Պարո՛ն Պողոսյան, հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ազգային Ժողովը պետք է ձևավորի պրոֆեսիոնալ քաղաքականություն, պետք է ունենա ազգային մշակութային հստակ ծրագիր: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր կառավարությունից և մշակույթի նոր նախարարից:
-Ինչպես մեր ժողովուրդը, այնպես էլ ես, հավատով եմ լցված նոր կառավարության հանդեպ, ճիշտ այդպես էլ մեր մշակույթի նախարարի հանդեպ, խորապես համոզված եմ, որ Արմեն Ամիրյանը մշակույթի մարդ է և չի եկել նախարարի պաշտոնի հարստանալու համար:Գուցե բացառություն եմ, բայց ես նաև գոհ եմ նախորդ նախարարից, ով մոտ 40 տարի մշակույթի բնագավառի աշխատող է եղել: Արմեն Ամիրյանի նախարարությամբ ես հուսով եմ, որ բազմաթիվ ծրագրեր կիրականանան:
–Դուք, լինելով «Սայաթ Նովա» անսամբլի, «Ջիվանու» անվան աշուղական դպրոցի հիմնադիր, ի՞նչ խորհուրդ կտաք արվեստասերներին, ինչպես տարածենք այն, ինչը մերն է:
-Իմ խորին համոզմամբ դա պետք է լինի պետական ծրագիր, մենք պետություն են, մենք առանց պետականության ժողովուրդ չենք, երբ սփյուռքից մասնագետներ են գալիս, ես նրանց ասում եմ , որ պետք է գալ հայրենիք և սնվել մաքուր ակնաղբյուրից, թե՛ գիտության և թե՛ արվեստի աապարեզներում, իսկ այդ ամենը պետք է անի ամենաբարձր պատասխանատվությամբ մեր հայրենի կառավարությունը:
–Ձեր գործունեությունը առաքելությո՞ւն եք համարում, թե անհատի պարտք հայրենի մշակույթի հանդեպ, ի՞նչպես կբնութագրեք ձեր աշխատանքը:
-Ես աշխատանքից տուն եմ հասնում շատ ուշ, շատ հաճախ չեմ նայում ժամացույցին, և կինս զանգահարում է ու հիշեցնում, որ պետք է տուն գնամ: Ես իմ գործը շատ եմ սիրում և ապրում եմ այս աշխարհում իմ գործն անելու համար: Ես չգիտեմ էլ ինչպես բնութագրեմ այն….(ժպտում է):
–Դուք, շրջելով գյուղեգյուղ հավաքագրում եք աշուղական երաժշտությունը, այդ ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել, ի՞նչ հետաքրքիր դեպք կմտաբերեք այդ տարիներից:
-Շատ հետաքրքիր բաներ են եղել, ի սկզբանե դժվար էր ձայնագրություններն անելը, քանի որ մագնիտաֆոնը, շատ մեծ էր, և ես այն մեծ դժվարությամբ հասցրել էի Արցախ և այլ հեռավոր վայրեր: Երբ գնացել էի Ջավախք հյուրընկալվեցի Մեծ Խանչալի գյուղում՝ աշուղ Արտեմի ընտանիքում, գիշերը քնած էի , երբ աչքերս բացեցի և տեսա, որ տան հարսը սենյակից դուրս եկավ, զարմացա: Առավոտյան, երբ բացեցի աչքերս իմացա, որ գիշերը հարսը չէր քնել, լվացել էր զգեստներս կոշիկներս: Այսպիսի ավանդույթ, այսպիսի բարոյական նկարագիր ոչ մի տեղ չենք գտնի….
–Ազգային գործինքերից շատերը կորսվել են ժամանակի ընթացքում, ո՞րն է պատճառը:
-Հայաստանի կառավարությունը 2006 թ-ին ծրագիր ներկայացրեց ազգային ժողով, ըստ որի ազգային նվագարանները դարձան պետ- պատվերով: Պատճառը պարզ է՝ ազգային նվագարաններ սովորելու տալիս է երեխային մեր աշխատավոր դասակարգը,ոչ թե հարուստ ընտանիքը: Ընդամենը վեց օր առաջ կազմակերպվեց Հայաստանի ազգային նվագարանների փառատոն-մրցույթ: Հայաստանից և Արցախից մասնակցեցին 29 անսամբլ, կարո՞ղ եք այդպիսի բան երևակայել: Արդյունքում առաջին տեղը գրավեցին 2 խումբ, երկրորդ տեղը՝ 3 խումբ, երրորդ տեղը ՝4 խումբ: Հանձնաժողովը դժվարանում էր ընտրել լավագույնին: Տարիներ առաջ իսկապես ունեինք գործիքներ, որոնք մեռնում էին՝ուդը, պարկապզուկը….. Այսօր այս խնդիրը լուծված է:
–Աշուղության հիմնական թեմաներն են սիրային, պանդխտության, խոհափիլիսոփայական, ո՞ր թեման է, որ այսօր պիտի հնչի աշուղունների նվագարաններից:
-Աշուղական երգը սիրո երգ է, բայց Ջիվանին ազգայնացրեց համաարևելյան աշուղական արվեստը և մենք այսօր ունենք ազգային աշուղական արվեստ: Արցախյան շարժմանը զուգընթաց և դրանից առաջ ազգային հայրենասիրական երգեր մտան ասպարեզ, և մեր բոլոր աշուղները կյանքի թելադրանքով երգում են հայրենասիրկան երգեր, որոնք շատ կարճ ժամանակում հայտնվում են մեր զինվորների շուրթերին:
-«Սայաթ Նովա» անսամբլը հանդես է գալիս շքեղ տարազներով, ի՞նչ ծագում ունի հանդերձանքը:
-Հագուստը հիմնված է էսքիզների վրա, համագործակցում ենք ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի հետ, համույթն ունի այսօր 3 տեսակի տարազ:
–Չարենցը ժամանակին նորովի անդրադարձավ աշուղությանը գրելով «Տաղարան» շարքը, կա՞ այսօր այդպիսի պոետ, ով անդրադառնա աշուղական պոեզիային:
-Երբ բացեցինք Ջիվանու աշուղական դպրոցը՝ 1997թ-ին, բացվեց միանգամից 2 դասարան՝ ստեղծագործական և կատարողական: Ստեղծագործական դասարանը կարճ ժամանակում դարձավ «Հայ աշուղների միություն»: Նրանք առ այսօր ստեղծագործում են և շարունակելու են ստեղծագործել: Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի արգանդը չի չորացել և դեռ շատ աշուղներ կծնվեն:
Խաչատրյան Նելլի
3-րդ կուրս