15-ամյա Հակոբը սիրում է նկարել, մանավանդ տաղանդավոր մարդկանց, իսկ վերջիններս հաճախ տեղադրում են իրենց էջերում Հակոբի պատկերած տարբերվող նկարները:
Նրա ուշադրությանն են արժանանում շատ հայ հայտնիներ, ինչպիսիք են` Արփի Գաբրիելյանը, Աննա Դովլաթյանը, Նազենի Հովհաննիսյանը, Իննա Խոջամիրյանը, իսկ արտասահմանցի շոու-բիզնեսի ներկայացուցիչներից՝ Սելենա Գոմեսը, Արիանա Գրանդեն:
– Ի՞նչ ոճ եք ներկայացնում:
-Սոց. կայքերում ներկայանում եմ որպես իլյուստրատոր, սակայն դեռ ոճային կոնկրետ գիծ չեմ ընտրել: Հիմա նախընտրում եմ ավելի շատ գեղանկարչությամբ զբաղվել ։
-Ինչպե՞ս են ընտրվում Ձեր նկարների թեմաները:
– Եթե խոսքը գեղանկարչության մասին է, ապա թեմաները չեմ էլ ընտրում: Գաղափարները ծնվում են իմ գլխում` ինքս էլ չգիտեմ ինչպես, ու մինչև իրենց թղթին չհանձնեմ, հանգիստ չեն տալիս:
-Ձեր նկարներում կա՞ն գույներ որոնք գերակշռում են:
– Ինչ-որ գույնի հանդեպ հակվածություն դեռ չեմ նկատել իմ մեջ, բոլոր գույներն էլ կարևոր են ու լրացնում են իրար, պետք է սիրել բոլորն էլ ու փնտրել նոր երանգներ:
-Ձեզ դու՞ր են գալիս Ձեր աշխատանքները:
-Իմ աշխատանքները ինձ երբեք էլ լիովին դուր չեն գալիս, ու միշտ ավելին եմ պահանջում ինքս ինձնից: Եթե մի օր աշխատանքս լիովին հավանեմ, արվեստը կկորցնի ինձ համար իր հետաքրքրությունը:
-Ինչքա՞ն ժամանակ եք հատկացնում նկարելուն:
– Նկարելուն հատկացնում եմ գրեթե ողջ ազատ ժամանակս: Տարբեր աշխատանքների տարբեր ժամանակահատվածներ եմ հատկացնում, դա արդեն կախված է տրամադրությունիցս, մուսայիցս, օրվա ժամից և անգամ եղանակից…
-Ի՞նչն է պատճառը, որ դուք հիմնականում նկարում եք աղջիկների:
– Կարծում եմ՝ կինը իր մեջ է ամփոփում գեղեցիկի բոլոր բնորոշումները:
-Ունե՞ք նախընտրած նկարիչներ, որոնց երանգն ու պատկերը հավանում եք:
– Չեմ ուզում ասել, որ շատ եմ սիրում Վան Գոգի կամ մի ուրիշի նկարները, հավանում եմ բոլոր նկարիչների աշխատանքներն էլ, ու բոլորից էլ կարելի է ինչ-որ բան քաղել:
-Իսկ Ձեր կարծիքով հայ նկարիչները տարբերվո՞ւմ են այլազգի նկարիչներից և ինչո՞վ:
– Բնականաբար տարբերվում են, որովհետև հայ նկարիչների աշխատանքների մեջ այս կամ այն չափով արտացոլվում է հայկական մշակույթը, բնությունն ու հենց Հայը…
-Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքը նկարելուց բացի։
– Ժամանակ առ ժամանակ զբաղվում եմ լուսանկարչությամբ և բանաստեղծություններ եմ գրում:
Ինստագրամյան էջ ` @hakobyan_arts
Հարցազրույցը՝ Սոնա Սողոմոնյանի
2-րդ կուրս