Առաջ «Մենք ենք, մեր սարերը», «Նվագախմբի տղաներ», «Թթենի», «Կտոր մը երկինք», «Գիքոր», այսօր … : Առաջ Համո Բեկնազարյան, Էդմոնդ Քյոսայան, Ալբերտ Մկրտչյան, Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան, այսօր … :
-Եթե համեմատության մեջ դնենք մեր հին ֆիլմերը այժմյան ֆիլմերի հետ, թե ΄ սցենարային, թե΄ դերասանական առումով առաջինները հաղթում են,-ասում է դերասանուհի Էմմա Մկրտչյանը:
Այստեղ հարց է առաջանում, թե որոնք են պատճառները, որ այսօրվա հայկական ֆիլմերը զիջում են հներին: Ըստ կինոգետ Անուշ Բաբայանի՝ խնդիրները բազմաթիվ են: Դրանք են՝ հաջողված սցենարներ չունենալու խնդիրը, սյուժեների ընտրությունը, որոնք անկեղծորեն կարտացոլեն հանդիսատեսի այսօրվա կյանքը: Պատճառներից են վախերը, թե ինչպես կընդունվի, կընկալվի, ինչպես կքննադատվի այս կամ այն ֆիլմը:
Ֆիլմ ունենալու համար բոլորովին պարտադիր չէ ներդնել հսկայական գումարներ: Գոյություն ունի հեղինակային ֆիլմը, որը կարողանում է նվազագույն միջոցներով ստեղծել բովանդակային առումով հետաքրքիր աշխատանքներ: Խնդիրը որակյալ, մրցունակ ֆիլմերն են:
-Ճգնաժամի հիմքը, արմատը անկեղծության պակասն է: Մենք չենք կարողանում իրականում արտացոլել մեր կյանքը: Ապրելով չափազանց բուռն, հագեցած քաղաքական իրադարձություններով, քրեական, հոգեբանական, դրամատիկական և անձնական խիտ կյանքով՝ մենք չենք կարողանում դա տեղափոխել կինո,-փաստում է կինոգետը:
Հայկական կինոյում այսօր կա հանդիսատեսից կտրվածության խնդիր: Չէ որ ֆիլմի սպառողը, դրա լավ կամ վատ լինելը որոշում է հանդիսատեսը, ուստի ֆիլմի հաջողությունը կախված է հենց հանդիսատեսից:
Ուսանողուհի Միլենան, օրինակ, ֆիլմեր դիտում է ոչ թե ժամանակը «լցնելու», այլ մի հետաքրքիր բան սովորելու համար: Նրա կարծիքով` ֆիլմը պետք է լինի մոտիվացնող, գրավիչ և ստիպի մտածել: Ըստ նրա` հայկական կինոյում բացակայում է ժանրային բազմազանությունը:
Իսկ Լիանան ավելի շատ նախընտրում է հայկական հին ֆիլմերը: Նորերից առանձնացնում է հումորայինները, իսկ մնացածը կարծում է, որ ձանձրալի են ու անիմաստ ժամանակ վատնող:
Ֆիլմարտադրությամբ զբաղվելը հիմա ավելի շատ գումար աշխատելու միջոց է դարձել: Ֆիլմարտադրողներն այսօր մտածում են հիմնականում կոմերցիայի մասին, և դերասանական կազմն ու նկարահանող անձնակազմը ընտրվում է` ելնելով հանրաճանաչությունից:
-Էկրանին այսօր ամենուր երևում են նույն դերասանները, էկրանին գեղեցիկ երևալ ցանկացող մարդիկ, ովքեր լացում են առանց էմոցիայի, որովհետև այդպես գեղեցիկ է կադրում,-ասում է Էմմա Մկրտչյանը:
Ռեժիսոր Վահե Հակոբյանի կարծիքով էլ այսօր ունենք որոշ առանձին լավ ֆիլմեր, բայց լուրջ կինոարտադրությամբ չենք զբաղվում:
-Կինոարտադրություն, որպես այդպիսին, մենք չունենք: Կինոարտադրությունը էապես տարբերվում է նրանից, ինչ այսօր ստեղծվում է Հայաստանում: Ունենք անհատական ինչ-որ նախագծեր, որոնք նկարահանում են և որոշակի գումարներ են աշխատում, կան մարդիկ, որ փառատոնային ֆիլմեր են նկարում, բայց դա, իհարկե, տեղական շուկայի համար է և շատ հեռու է միջազգային որակներից:
Լիլիթ Հովսեփյան
2-րդ կուրս