«ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ՔՈ ՈՒԺԵՐԻՑ ՎԵՐ ՈՉԻՆՉ, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՔՈ ՈՒԺԵՐԻՑ...

«ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ՔՈ ՈՒԺԵՐԻՑ ՎԵՐ ՈՉԻՆՉ, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՔՈ ՈՒԺԵՐԻՑ ՎԵՐ ՉԷ»

1469

Զրուցակիցս՝ երաժշտական թատրոնի դերասանուհի, գրող Դիանա Անդրոմեդա Մարտիրոսյանն է։ 2008-2013թթ սովորել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, իսկ 2014թին ընդունվել և առ այսօր սովորում է հայռուսական  սլավոնական համալսարանում։

«Ապրում եմ թռչելով, թռչնի աշխարհում և հանուն թռիչքի.

Եվ հանուն ինչի՞ արժե ծերանալ, եթե ո՛չ հանուն հանուն թռիչքի՜ անստվեր, հանուն թռիչքի՝

արժե արթնանալ…»։

Ինչպե՞ս հասկացաք, որ ուզում եք և պետք է գրեք։

-Ինձ թվում է՝ հիմա էլ չեմ հասկացել։ Պարզապես գիտեմ, որ չարժի գրել, այն բանի համար, որ ստացվում է և հնարավոր է։ Պետք է գրել, եթե չգրելը չի ստացվում, եթե չգրել հնարավոր չէ։ Ես պարզապես գրում եմ՝ փորձելով մի մազաչափ փոխել, շտկել և ավելացնել այն, ինչ տեսնում եմ և չեմ տեսնում։ Իսկ պետք էր գրել, թե ոչ՝ ինձ կասի ժամանակի փոշին կուլ տված վերջին ընթերցողը։

Ինչպիսի՞ն պետք է լինի գրականությունը, որ գրավի Դիանա Մարտիրոսյանին։

-Ինձ գրավում են տարօրինակն ու անսովորը, այն, ինչ չեմ տեսնի կենցաղում, կամ չեմ նկատի։ Սիրում եմ կարդալ այն, ինչի մասին չգիտեի։ Այն ինչ ստիպում է մտածել և երևակայել` բացահայտելով թաքնված ճշմարտությունը։ Ես կարծում եմ, որ գիրքը արժեք է, եթե այն ընթերցելուց հետո փոխվում է հայելու պատկերը։

-Կարդու՞մ եք ժամանակակից գրականություն։

-Մեր օրերում ընդունված է, որ ժամանակակից գրողները չեն կարդում, միայն գրում են։ Մոտեցումները տարբեր են և ընդունելի։ Սակայն ինչպես մենք այն ենք, ինչ ուտում ենք, այնպես էլ այն ենք, ինչ կարդում ենք, լսում ենք, տեսնում և զգում ենք։ Սեփական ներաշխարհը շարժելու համար միայն ընթերցելը բավական չէ։ Պետք է նկատել ամեն ակնթարթ կատարվող և փոխվող իրադարձությունները, իսկ դրանց խորությունն ընկալելը կախված է ընկալողի ներքին խորությունից։

Ժամանակակից գրող լինելը հեշտ չէ։ Մենք դիցաբանական կուռքեր չենք, որպեսզի մեզ կուրորեն հավատան, իսկ մեր  գրքերը թանկարժեք զարդեր չեն, որպեսզի ընթերցելուց հետո փայլեն և պարծանքի առարկա դառնան։ Հավատի պակաս կա, որում մենք անմեղ չենք։ Ժամանակակից գրականությունը մենք ենք։ Երբ դա հասկանանք, կսկսենք ընթերցել։

Ժամանակակից գրականության մեջ ի՞նչն եք կարևորում։

-Ժամանակակից գրականության մեջ կարևորում եմ ժամանակակիցը։ Պետք է ընդունենք, որ այն ինչ տեսել ենք, այլևս հետաքրքիր չէ։ Կարևորում եմ գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ ժանրերը, քանի որ համարում եմ՝ այն ինչի մասին երևակայում է մարդը, ինչ- որ տարածությունում և ժամանակում գոյություն ունի։ Դա ամենանորն է։ Նաև գնահատում եմ այն ստեղծագործությունները, որտեղ հեղինակը մերկացնում է մարդու ամենախոր շերտերի արատներն ու պայքարը դրանց հաբերի համար։

Գրական դաշտում կա՞ մի երևույթ, որ նյարդայնացնում է Ձեզ։

-Չարդարացված անկեղծությունը և արդարացված պաթոսը։

Ու որպես երկու գրքի հեղինակ՝ Ձեզ ավելի շատ ոգեշնչում է դասական, թե՞ ժամանակակից գրականությունը։

-Լավ գրականությունը հաղթում է ժամանակը։ Այդ իսկ պատճառով մենք գիտենք, որ դասականը լավն է, իսկ ժամանակակիցը լավը կլինի, եթե դառնա դասական։ Փորձենք կոտրել կարծրատիպերը, կարդանք նաև անտեսվածն ու մերժվածը, գուցե գտնենք նոր դասական,  իսկ գուցե հասկանանք, որ դասականը կոչում է, և հրաժարվենք կոչումներից։ Փնտրենք արժեքավորը ամեն ինչում։

Արձակ ժանրում ստացվու՞մ է Ձեր և ստեղծած կերպարի միջև հեռավորություն պահպանել։

-Ցավոք, թե ի ուրախություն, ես գոյություն ունեմ իմ ստեղծած բոլոր կերպարներում։ Իսկ հեռավորությունը որոշում են նրանք։

Ինքնաարտահայտվելը գրականության բաղադրիչ մասն է. արձակ, թե՞ չափածո ժանրում եք Ձեր խոսքը լիարժեք համարում։

-Չեմ ընդունում այն տեսակետը, որ գրողը պետք է լինի կա´մ արձակում, կա´մ չափածոյում։ Կաղապարը երևակայության թշնամին է։ Ստեղծագործելու շնորհը տարերք է, եթե որոշենք կառավարել, կա´մ կոչնչացնի, կա´մ կհեռանա։ Եթե գրիչը կարողանում է գրել առանց ձեռքի օգնության, այն բռնելը հիմարություն է։ Իսկ գրիչը չափածո և արձակ չի ճանաչում։ Այն պարզապես գրում է։

-Իրականում քննադատությունը պետք է միտք բանեցնի, մտածելու առիթ տա, օգնի, սակայն, կարծես հայ քննադատության մեջ չկա այդ միտումը։ Ի՞նչ կասեք, Ձեզ օգնում է  քննադատությունը։

-Արդար քննադատությունը չի խանգարում, երբեմն նաև օգնում է։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե քննադատություն ասելով՝ ինչ ենք հասկանում․ եթե քննադատությունը միտված է գրականության որակը բարձրացնելուն, այլ ոչ սեփական աշխատավարձը, եթե այն ոգեշնչում է ավելիին, ոչ թե կտրում թռչող թևերը՝ սեփական ոտքերի համար անիվներ պատրաստելու նպատակով։ Եթե քննադատն ավելի ուժեղ արվեստագետ է, քան գրողը, և ի զորու է հասկանալ ստեղծագործությունը ամբողջ խորությամբ և, չհամաձայնելու ղեպքում, լիարժեք արդարացնել հակասությունը։ Եթե բոլոր քննադատները գրեին ավելի լավ, քան գրողները, աշխարհում ոչ մի քննադատ չէր մնա։

Ամեն դեպքում արտահայտվելու իրավունք ունեն բոլորը (չնայած դա վիճելի է): Ամեն կարծիք (չնայած 7.000.000.000 մարդ կա աշխարհում) ստիպում է մտածել, իսկ մտածելը լավ է։

Եվ վերջում, ինչու՞ Անդրոմեդա։

-Հավանաբար, ես պետք է գեղեցիկ հեքիաթ հորինեի, կապված գրական կեղծանվան ընտրության հետ։ Բայց ես չգիտեմ ավելի գեղեցիկ հեքիաթ, քան Անդրոմեդա գալակտիկան, որ 4.5 մլրդ. տարի հետո բախվելու է մեր Ծիր Կաթինին։ Ես պարզապես փորձում էի փոխարինել իմ շատ սիրելի, բայց շատ տարածված Մարտիրոսյան ազգանունը որևէ այլ անվան հետ։ Մենք փնտրում ենք արտասովոր անուններ ինքնարտահայտվելու համար։ Ես երկար ժամանակ չեմ հատկացնում անուններ փնտրելուն, աշխարհում այնքան փնտրելու բան կա։ Եկեք փնտրենք միասին, որովհետև միայն միասին կկարողանանք գտնել։

Հարցազրույցը՝ Հայկ Գևորգյանի

4-րդ կուրս

Կիսվել