«ԳՈՒՅՆԵՐՆ ԻՄ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍՆԻԿՆԵՐՆ ԵՆ». ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

«ԳՈՒՅՆԵՐՆ ԻՄ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍՆԻԿՆԵՐՆ ԵՆ». ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

1989

Երիտասարդ նկարչուհի Սուսաննա Գալստյանի մոտ սերը դեպի նկարչություն նկատվել է այն ժամանակ, երբ տասը տարեկան էր։ Հենց այդ ժամանակ էլ սկսել է հաճախել արտադպրոցական կենտրոն, դրան հաջորդել է Արտաշատ քաղաքի արվեստի դպրոցը։

«Ճիշտ է, հաճույքով էի զբաղվում նկարչությամբ, բայց ինձ թվում էր, թե դա պարզապես նախասիրություն է։ Ընթացքը ցույց տվեց, որ գույներն իմ անքակտելի մասնիկներն են, իմ «Էնդեմիկ աշխարհը»,-նշում է Սուսաննան։

Դպրոցական տարիներին Սուսաննային «գայթակղել է» ոստիկանի համազգեստը, միակ նպատակը դարձել՝ ոստիկան դառնալը։

«Այս ընթացքում մի բան նկատեցի, որ պահ էր գալիս, երբ ես ուզում էի անընդհատ նկարել, պահ էր լինում, երբ ես չէի ուզում նկարել։ Ավելի ուշ հասկացա, որ չեմ կարող չնկարել»,- անկեղծանում է նկարչուհին։

 Սերը դեպի արվեստն իր գործն արեց ։ Սուսաննան 2015 թվականին հայտնվեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։

Էտյուդների սիրահար նկարչուհին սիրում է առանձնանալ բնության գրկում և նկարել այն, ինչ շրջապատում է իրեն։

Իր նկարներն արդեն երեք ցուցահանդեսների են մասնակցել։ Վերջին ցուցահանդեսը ամիսներ առաջ էր՝«Թումանյան կղզի»-ում․ «Ներկայացրի մեկ նկար։ Երեկոյի ընթաքում խոսվեց միայն այդ նկարի մասին, անվերնագիր կոմպոզիցիա էր․ ընդհանրապես իմ աշխատանքները չեմ սիրում վերնագրել, որովհետև դա շատ բարդ պրոցես է»,-նշում է մեր զրուցակիցը։

Սուսաննայի համար նկարելն առօրյա է դարձել, ամեն վայրկյան  դրա մեջ է, աշակերտներ ունի, որոնց մեջ սերմանում է սեր դեպի արվեստը, փոխանցում իր փորձն ու գիտելիքները։

«Նկարներ կան, որ իմ մի մասն են ու դրանցից բաժանումը ես չեմ պատկերացնում։ Լրիվ ուրիշ հարց է, երբ պատվեր է լինում, ու դու նկարում ես, այդ դեպքում բաժանման բարդություն չի էլ լինում, բայց այն նկարները, որ քեզ հիշեցնում են քո անցած ճանապարհը, պատմությունը, աճը, իսկապես շատ դժվար է դրանցից բաժանվելը»,- անկեղծանում է երիտասարդ նկարչուհին։

Արդեն մի քանի տարի է՝  Սուսաննան ստեղծել է իր արվեստանոցը, որտեղ հանգիստ կարողանում է զբաղվել իր սիրելի գործով։ Արվեստանոցի յուրաքանչյուր դետալը մտածված է, պատմություն ունի։ Սուսաննան հավաքել է հնություններ, որոնք շատ թանկ են իր համար․ «Միգուցե, շատերը աղբ են համարում արվեստանոցումս գտնվող որոշ իրեր, բայց ես դրանց մեջ կյանք եմ տեսնում, պատմություն եմ տեսնում»,-նշում է մեր զրուցակիցը։

Հաճախ ընկերներով հավաքվում են արվեստանոցում մինչև ուշ գիշեր, չեն էլ նկատում, թե ժամանակն ինչպես է թռչում։ Սուսաննան նշում է, որ իր փոքրիկ արվեստի կենտրոնը գրավում է նաև անծանոթների ուշադրությունը, հաճախ անցորդները մտնում են ու հետաքրքրվում, թե սա ինչ վայր է։ Սուսաննան ուրախ է, որ  այս կերպ կարողանում է հետաքրքրություն առաջացնել համաքաղաքացիների մեջ դեպի արվեստը։

Մանե Մուրադյան

4-րդ կուրս

Կիսվել