«ԵՍ ԱՐԵՎ ԵՄ ՍԻՐՈՒՄ»․ ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«ԵՍ ԱՐԵՎ ԵՄ ՍԻՐՈՒՄ»․ ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

2578

Բլից հարցազրույց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի հետ:

-Սերը Ձեզ համար…

-Սերն ինձ համար նվիրում է, էներգիայի և մոտիվացիայի աղբյուր, ստեղծարար մտածողության առաջնորդ:

-Կյանքի մեծ ձեռքբերումը…

-Իմ կյանքի անցած ուղին իմ ամենամեծ ձեռքբերումն է՝ դժվար, բայց հետաքրքիր: Վստահ կարող եմ ասել՝ հաջողել եմ բոլոր կարևոր ոլորտներում՝ մասնագիտական, ընտանեկան, ընկերական…

 –Տարվա ո՞ր եղանակն եք համարում Ձերը։

-Տարվա բոլոր եղանակները, եթե արևային են: Ես արև եմ սիրում:

 -Ի՞նչ պատկեր հայտնվեց այս պահին ձեր մտքում:

-Պենրոուզի եռանկյունը, որն անհնարին պատկերներից մեկն է: Չգիտեմ ինչու, բայց այդ պատկերն անընդհատ իմ մտքում է: Հետաքրքիր պատմություն ունի: 1935 թվականին շվեդ նկարիչ Օսկար Ռեուտերսվարդը պատկերում է խորանարդների  հավաքածուի տեսքով պատկեր:  Այս պատկերը լայն ճանաչում է ստանում 1958 թվականին, երբ բրիտանական հոգեբանական ամսագրում անգլիացի մաթեմատիկոս Ռոջեր Պենրոուզը հոդված  է հրապարակում անհնարին պատկերների մասին: Այս հոդվածում անհնարին եռանկյունը պատկերվում է ավելի ընդհանուր ձևով` ուղիղ անկյուններով միացած երեք չորսուի տեսքով:

Ժպտում եմ, որովհետև…

 -Որովհետև ուզում եմ, որ ուրիշներն էլ ժպտան։ Ժպիտը բարություն է, դրական միջավայրի ստեղծման նախապայման, խոչընդոտները հաղթահարելու բանաձև:

-Մասնագիտությունը Ձեր կյանքում:

-Երբ փոքր էի, երազում էի լրագրող դառնալ, հենց դարձա, որոշեցի ընդլայնել մասնագիտություն ստանալու, նոր բան սովորելու հարթակները․ հանրային կապեր, լրագրություն, քաղաքագիտություն, կառավարում, հոգեբանություն, սոցիոլոգիա, կարողությունների և հմտությունների զարգացում: Առաջընթացի և զարգացման բոլոր հնարավոր միջոցներն ու մեթոդները մասնագիտական որակների բարելավմանն են միտված: Ու ես սիրում եմ, բոլոր այն մասնագիտությունները, որոնք, որպես գործիք օգտագործելով, լուծում եմ իմ առջև դրված բոլոր խնդիրները:

-Ո՞ր գույներն եք նախընտրում։

-Բնության կողմից ստեղծված բոլոր գույները սիրում եմ, բայց իմ կյանքում կարմիրն է գերակշռում:

 -Մարդկանց արտաքինում ի՞նչն եք նկատում առաջինը:

-Ինձ համար դեմքը, հատկապես աչքերը, որոնց միջոցով շատ բան կարող ես հասկանալ, նույնիսկ ոչ վերբալ շփման ժամանակ:

 – Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

–  Վախենում եմ կորուստներից, ժամանակի անիմաստ վատնումից:

-Ձեր ամենաշատ օգտագործած բառը։

-Իմ բառամթերքում շատ բառեր կան, բայց վերջին տարիներին «կերպար» և «փոխհարաբերություն» բառերն եմ շատ օգտագործում:

Հարցազրույցը՝ Անի Ավետիսյանի

2-րդ կուրս

Կիսվել