ԵՐԳՆ ԻՆՁ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ Է

ԵՐԳՆ ԻՆՁ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ Է

1362

Հարցազրույց երիտասարդ երգչուհի Վարդուհի Տոնոյանի հետ, ով ունի յուրահատուկ ձայն և շնորհ ստեղծագործելու համար։ Երգը նրա համար կյանք է, և իր կյանքի ճանապարհին երգարվեստի ասպարեզում նա դեռ կունենա նորանոր հաջողություններ։

-Քանի՞ տարեկանից եք սկսել երգել, և ե՞րբ հասկացաք, որ երգն ու երաժշտությունը ձեզ հարազատ են։

-Երգել սկսել եմ դեռ վաղ տարիքից, որովհետև այն ինձ  համար հոգեհարազատ արվեստ է։ Երբ փոքր էի, հայրիկս նստում էր դաշնամուրի մոտ և նվագում էր «Կարոտ» երգը, այն իմ մանկության երգն է, ես գնում էի դաշնամուրի մոտ և բարձր սկսում էի երգել։ Այնուհետև հաճախեցի երաժշտական դպրոց, որտեղից էլ սկսվեց այս ամենը։

-Ինչպե՞ս ծնվեց «Այս կյանքի ճանապարhով» երգը։

-Երգի մտահղացումն ինձ մոտ առաջացել է դեռ 3 տարի առաջ։ Ես դիմեցի իմ լավ գործընկեր Արսեն Գրիգորյանին, ում հետ էլ ստեղծեցինք «Այս կյանքի ճանապարհով» երգը։

-Ի՞նչով է այս երգը առանձնահատուկ Ձեզ համար։

-Այս երգն իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում, որովհետև այն անակնկալ երգ է, որը նվիրված է ծնողներիս։ Ծնողներս ոչնչից տեղյակ չեն եղել, թե ես ինչպես եմ նկարահանել տեսահոլովակը, և ինչպես եմ գրել երգը։ Նունիսկ երգի բառերը Արսենի հետ փորձեցինք գրել այնպես, որ խորհդանշի նրանց սիրո պատմությանը։

-Դժվարություններ և անհամաձայնություններ ե՞ղել են նկարահանման ընթացքում։

-Անհամաձայնություններ նկարահանման ընթացքում չեն եղել, դժվարությունը միայն այն էր, որ նրանք ոչնչից տեղյակ չէին, և ես խաբելով եմ գնացել նրանց երգի տեսահոլովակի նկարահանմանը։

– Ձեր տեսահոլովակներում և ձայնագրություններում ռեժիսորի, թե՞ Ձեր գաղափարներն են գերակշռում։

-Թե՛ տեսահոլովակների, թե՛ ձայնագրությունների ընթացքում ես փորձում եմ համաձայնության գալ ռեժիսորների հետ։ Ձայնագրությունների ընթացքում ես միշտ լսում եմ իմ ռեժիսորին, քանի որ նա միշը ինձ տալիս է ճիշտ և դիպուկ խորհուրդներ։ Իսկ տեսահոլովակների ընթացքում գերակշռում են իմ մտահղացումներն ու գաղափարները։

-Ինքներդ երգեր գրու՞մ եք, նպատակ ունե՞ք ձայնագրել Ձեր հեղինակային երգերից որևէ մեկը։

-Իրականում երգեր ինքս չեմ գրում, բայց, իհարկե, նպատակ կա գրելու և ձայնագրվելու․հնարավոր է մոտ ապագայում լինեն նման անակնկալներ  հանդիսատեսի համար։

– Վարդուհի, բուռն ստեղծագործական կյանքով եք ապրում, մենահամերգ նախատեսվա՞ծ է։

-Մենահամերգ ունենալը իմ ամենաբաղձալի երազանքներից մեկն է։ Կարծում եմ, որ ոչ միայն իմ, այլ յուրաքանչյուր արտիստի կյանքում մենահամերգ ունենալը շատ կարևոր նպատակ ու երազանք  է։ Իրականում նախատեսված չէ դեռ, բայց  գուցե լինի անակնկալ համերգ՝ ոչ միայն իմ երգերով, այլև տարբեր համաշխարհային արտիստների հիթերով, որոնք ես կկատարեմ։ Ես աշխատում եմ այդ հարցի շուրջ։

Հարցազրույցը՝ Սառա Ցականյանի

2-րդ կուրս

Կիսվել