«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՉՔՈՎ ՆԱՅԵՆ»․ ՎԱՆՈՒՇ ՍԱՖԱՐՅԱՆ

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՉՔՈՎ ՆԱՅԵՆ»․ ՎԱՆՈՒՇ ՍԱՖԱՐՅԱՆ

1855

Զրուցել ենք քանդակագործ, ՀՀ նկարիչների միության անդամ Վանուշ Սաֆարյանի հետ իր անցած ուղու մասին։

-Որոշեցիք, թե՞ որոշեցին, որ պետք է քանդակագործ դառնաք։

-Որոշումը իմն է եղել։ Թատրոնի սիրահար էի, բայց հետաքրքիրն այն էր, որ դերասան դառնալու մասին ընդհանրապես չէի էլ մտածում։ Հետագայում հասկացա, որ հենց թատրոնն էր, որ ինձ բացահայտեց՝ որպես ծավալային մտածողության տեր արձնավորություն։ Դեռ փոքրուց շատ էի սիրում նկարել, նկարում էի այն, ինչ բխում էր հոգուցս։ Ինը-տասը տարեկան էի, երբ սկսեցի կավից թոնիր, տուն ու տարբեր իրեր պատրաստել։ Հետո, երբ հասկացա, որ սերը դեպի քանդակագործությունը մեծանում է, որոշեցի պրոֆեսիոնալ զբաղվել։ Իմ առաջին ուսուցիչն էր քանդակագործ Սերգեյ Ստեփանյանը, հետո ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, ավարտեցի, այնուհետև ուսումս շարունակեցի Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետում։

-Քանդակն ավարտելուց հետո ի՞նչ զգացողություն ունեք։

-Քանդակն ավարտելուց հետո միևնույն է անբավարարվածության զգացում ունեմ, քանդակի վերջնական տարբերակն ինձ միշտ չի հագեցրել, անընդհատ ինձ տարել է իր ետևից, անհամբեր սպասել եմ քանդակի բացմանն ու մարդկանց արձագանքին։ Ամեն դեպքում, պատասխանատվությունը շատ մեծ է։

-Քանի՞ գործ ունեք։

-Անկեղծ ասած, երբեք չեմ հաշվել, թե քանի գործ ունեմ։ Դրանք բազմաժանր են՝ մոնումենտալ, դեկորատիվ, կենցաղային, սակայն կան գործեր, որոնք շատ են ցուցադրվել, օրինակ՝ «Վանեցի պապս», «Ապաշխարանք», «Ընդվզում» և այլն։

-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին։

-Շատ նորմալ, անպայման պետք է լինեն քննադատություններ, որ դրանց հաջորդեն շտկումները։ Պատասխանատվությունը ծնվում է ճիշտ քննադատությունից։

-Առանձնահատուկ գործեր կա՞ն։

-Կառանձնացնեմ «Արհավիրք» բրոնզաձույլ կոմպոզիցիոն աշխատանքը, որը ստեղծվել է Գյումրու երկրաշարժից հետո։ Բնութագրում է հայ կնոջ ուժեղ, չկոտրվող կերպարը։ Հայ կինը պայքարում է արհավիրքի դեմ, ինչն այս քանդակում սև անգղն է։

-Որտե՞ղ են տեղադրված Ձեր աշխատանքները։

-Շատ վայրերում։ Արցախում ՝Թաթուլ Կրպեյանի դիմաքանդակն է, Արտաշատում՝ Արտաշես արքայի արձանն է, Երևանում՝ Բայրոնի փողոցում Ռուբեն Զարյանի բրոնզաձույլ դիմաքանդակն է, Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում վեց դերասանների դիմաքանդակներն են։

-Ինչպե՞ս է ապրում արվեստագետն այսօր։

-Արվեստագետն այսօր ապրում է պատվերների շնորհիվ, լուծում է հացի խնդիր՝ սեփական գործերը վաճառելով, բայց չպետք է ժամանակին տուրք տալ, որովհետև արվեստագետը ստեղծագործում է բոլոր ժամանակների համար։ Չեմ ուզում, որ արվեստագետին սովորական աչքով նայեն։

-Նոր մտահղացումներ կա՞ն։

-Այո՛։ Նկարիչների միությունում շուտով ցուցահանդես է լինելու թեման ՝ «Թումանյան, Կոմիտաս 150»։ Կներկայացնեմ «Կոմիտաս» կոմպոզիցիոն աշխատանքս, որի վրա այժմ աշխատում եմ։ Ես փորձում եմ ստեղծել իմ Կոմիտասը։

Հարցազրույցը՝ Մանե Մուրադյանի

4-րդ կուրս

Կիսվել