«ԱԴԱԹԻ» ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

«ԱԴԱԹԻ» ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

1857

Եզդիները իրանալեզու ժողովուրդներ են, որոնք հատուկ դավանանքի են պատկանում: Նրանց կրոնը կոչվում է Շարֆադին, որի հիմքում ընկած է միաստվածությունը: Չունենալով պետականություն՝ սփռված են ամբողջ աշխարհով մեկ: Ապրում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, Ամերիկայում և բազմաթիվ այլ երկրներում: Ոչ ստույգ տվյալներով ամբողջ աշխարհում ապրում են մոտ 3 մլն եզդիներ: Հայաստանում նրանց թիվը հասնում է 60.000-ի:

Համարվելով ազգային փոքրամասնություն՝ եզդիները ժամանակի ընթացքում տարբեր երկրներում բախվում են տարաբնույթ խնդիրների, որոնք կարող են առաջանալ իրենց կրոնից, սովորույթներից, լեզվից և այլնից:

Հայաստանում պատկերը մի փոքր այլ է: Եզդիական համայնքներում արված հարցումների արդյունքների հիման վրա եզրակացություն կարելի է անել, որ եզդիների մեծ մասը Հայաստանում իրեն ապահով ու հանգիստ է զգում: Արարատի մարզի եզդիների համայնքի ղեկավար Քյարամ Սլոյանը նշում է, որ իրենք ոչ մի ուրիշ ժողովրդի հետ այնքան մտերիմ չեն եղել, որքան հայերի: «Մեզ ոչ միայն արտաքին նմանություններն ու մտածելակերպն է միավորում, այլ նաև՝ պատմությունը»,-ասում է նա:


Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածում [1] ասվում է, որ «յուրաքանչյուր ոք ունի Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման»: Սույն սկզբունքը սահմանված է և հանդիսանում է մարդու իրավունքների պահպանման կարևոր ու անհրաժեշտ նախապայման:

23-ամյա Հովհաննես Նասիրյանը, ով ապրում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում, իր կյանքում միայն մեկ դեպք է հիշում, երբ նրան մատնացույց են արել իր եզդի լինելու համար: Դա եղել է իր ծառայության տարիներին: Այդ ժամանակ ինքը հնարավոր մեղմությամբ բացատրել է իրեն մատնացույց անողին, թե ովքեր են իրենք, որտեղից են եկել, ինչ է խորհրդանշում իրենց ավանդույթներից յուրաքանչյուրը և բացատրելուց հետո ստացել «ներիր» պատասխանը: Հովհաննեսի հայրը՝ Սուրեն Նասիրյանը, ասում է, որ ընդհանուր առմամբ հայերի կողմից չեն ոտնահարվել իրենց իրավունքները, իհարկե, որոշ բացառություններով, բայց այդ դեպքերում էլ ինքը՝ Սուրենը, եզդիների նկատմամբ խտրականություն դրսևորող մարդկանց համարում է «անխելք, քանի որ նրանք չեն գիտակցում, որ որքան էլ եզդիները ունեն ուրիշ կրոն և մշակույթ, երբևիցե դրանցով վնաս չեն հասցրել հայերին»: Սուրենը հայերին համարում է իրենց բարեկամ ժողովուրդը և նշում, որ Հայաստանում ինքը և իր ճանաչած բոլոր մարդիկ իրենց զգում են լիարժեք քաղաքացիներ:

Եթե որպես ազգային փոքրամասնություն, եզդիների իրավունքները չեն խախտվում, ապա իրենց ներսում, ազգային ավանդույթների հետևանքով, շատ դեպքերում, պարզապես խախտվում են կանանց և դեռահաս աղջիկների իրավունքները: ՀՀ-ում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «պարտադիր 12-ամյա կրթությունը» այդ ժամանակ եզդիների մոտ լուրջ իրարանցում առաջացրեց, քանի որ նրանք շատ դեպքերում, իրենց երեխաներին, անգամ միջնակարգ դպրոցը չավարտած, դուրս էին հանում դպրոցից և ամուսնացնում: Դա հիմա էլ տարածված ավանդույթ է, քանի որ 15-16 տարեկանից սկսած աղջիկները արդեն մտնում են ամուսնական կյանք՝ իրենց դեռահասության տարիներից ոչինչ չհասկանալով:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ, տասնութամյա Լեյլա Դավրեշյանի (անունը փոխված է) ազգականը պատմում է, թե ինչպես էր Լեյլան նոյեմբեր ամսին դպրոց հաճախելու փոխարեն նորահարսի հագուստով կանգնած սառը սենյակում մրսում և իրավունք չուներ ինչ-որ մեկին ասել դրա մասին, քանի որ եզդիների հարսանեկան ավանդույթները թույլ չէին տալիս փեսացուի ազգականների մոտ խոսել, նստել կամ ուտել: Փեսացուն՝ Ազիզ Թամոյանը (անունը փոխված է), Լեյլային հանդիպել էր բարեկամական առիթներից մեկի ժամանակ, իսկ հաջորդ օրը ընտանիքին ուղարկել խնամախոս, որից հետո էլ Լեյլան այլևս դպրոց չէր գնացել: «Ամոթ ա, որ նշանված աղջիկը դպրոց գնա, ո՞ր ջահելը կուզի, որ իր նշանածը դպրոց գնա»,- ասել էր Լեյլայի մայրը:

«Սինջար» եզդիների միավորման անդամ Զուզան Խուբոյանը, ով եզդիաբնակ վայրերում թրեյնինգներ է անցկացնում ծնողների հետ, պնդում է, որ կրթություն չստանալն ու վաղ ամուսնանալը անխախտ ու պարտադիր օրենքներ չեն, այլ՝ սովորույթներ, որոնք խախտում են մարդու՝ կրթություն ստանալու իրավունքը: Ըստ նրա՝ հասարակական կարծիքը անչափ մեծ կարևորություն ունի, որովհետև ինչքան էլ ծնողները ցանկանան, որ երեխաները կրթություն ստանան, վաղ չամուսնանան, միևնույնն է, լսում են պապերին, հարևաններին, առաջնորդվում են նրանց կարծիքով և պահանջներով:

Պատկերը չի կրկնվում Սուրեն Նասիրյանի ընտանիքում: Սուրենը համարում է, որ, եթե իր ապագա հարսը ցանկություն հայնտի բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու համար, նա միանշանակ կողմ կլինի: Իսկ որդին՝ Հովհաննեսը, կարծում է, որ «մեկ խելացի կինը աշխարհում ավելի շատ բան կարող է փոխել, քան հարյուր տղամարդը», այդ պատճառով էլ կողմ է կնոջ ուսում ստանալուն:

23-ամյա Սվետայի օրինակը ևս ապացուցում է, որ ոչ բոլոր եզդիներն են խստությամբ հետևում պահպանողական ավանդույթներին: Նա բարձրագույն կրթություն է ստացել: Պատմում է, որ ուսումը շարունակելու իր մտքին ծնողները դեմ չեն գնացել և օժանդակել են նրան: «Հիմնականում գյուղաբնակ եզդիներն են, որ կրթությունը կիսատ են թողնում: Երևանում ես ճանաչում եմ համալսարաններում սովորող շատ եզդի երիտասարդների», – ասում է Սվետան: Ավանդույթներն այդքան խստորեն չպահպանող ընտանիքների երեխաներին նա խորհուրդ է տալիս ամեն գնով գոնե ավարտել միջնակարգ դպրոցը: Իսկ այն ընտանիքներում, որտեղ եզդիական սովորույթները խստությամբ պահպանվում են, ըստ նրա, հնարավոր չէ ոչինչ փոխել:


[1] http://www.un.am/res/Human%20Rights/Armenian%20Documents/UDHR_arm.pdf

Անի Մելոյան

4-րդ կուրս

Կիսվել