«ՈՒՆԵՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ԻՆՔՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ». ԱՇԽԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ

«ՈՒՆԵՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ԻՆՔՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ». ԱՇԽԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ

1506

Զրուցել ենք նկարչուհի, խեցեգործ Աշխեն Ասատրյանի հետ։

-Ո՞ր տարիքից եք սկսել նկարել։

-Սկսել եմ նկարել փոքր տարիքից։ Հարևաններից հավաքում էի կոնֆետի տուփեր ու սկսում դրանց վրա նկարել, որովհետև թուղթ գտնելը դժվար էր։ Երբ ներկ գտնելու խնդիր կար, ես լողակով էի նկարում։ Մի խոսքով, ես այնքան էի սիրում նկարել, որ ոչ մի խոչընդոտ ինձ չէր կարող կանգնեցնել։ Բնանկարի սիրահար էի, սիրում էի նկարել այն, ինչ տեսնում էի։ Եղբայրս կերամիկայի գործարան ուներ, օրվա մեծ մասը սիրում էի այնտեղ անցկացնել։ Սկզբում հետևում էի՝ ինչպես են պատրաստվում կարասները, ափսեները։ Հենց այդ ժամանակվանից մեծ սեր ծնվեց դեպի կերամիկ քանդակագործությունը, հետո սկսեցի ես ինքս պատրաստել կճուճներ, տարբեր իրեր, սիրում էի կերամիկայից ափսեների վրա նկարել։ Փոքր տարիքի աշխատանքները սիրողական բնույթ ունեին, բայց լուրջ նկարչությամբ սկսեցի զբաղվել 2012 թվականից։

-Կարո՞ղ եք սահմանել Ձեր աշխատանքների ընդհանուր ասելիքը։

-Գիտեք, իմ աշխատանքները կարծես նամակներ լինեն՝ հասցեագրված մարդկությանը։ Զարմանալի է, բայց գործեր կան, ճիշտ է, ես եմ դրանց հեղինակը, բայց դրանց նշանակությունը ես ինքս էլ չեմ հասկանում։ Աշխատանքը ստեղծվում է, վերջում ինձ համար էլ շատ հետաքրքիր է դրանց բացատրությունը։

-Ինչպե՞ս է ստացվում, որ սկսում եք ստեղծագործել։

Ես տեսնում եմ, թե ինչ պիտի նկարեմ։ Անգամ իմ տեսած երազը կարող է նոր կտավ ստեղծել։ Շատ դեպքեր են եղել, երբ արթնացել եմ ու արագ սկսել եմ նկարել սավանի վրա, որ չմոռանամ տեսածս։ Չեմ սիրում աշխատանքս կիսատ թողնել, եթե սկսել եմ անպայման նույն օրն էլ պիտի ավարտեմ։ 2015 թվականին 80 մետր երկարությամբ աշխատանք սկսեցի, սկսել եմ նկարել հիվանդանոցում, հետո շարունակեցի տանը։ Իր մեջ մեծ պատմություն ունի։ Նկարել եմ սովորական թղթի վրա, գրիչով, բայց այդ աշխատանքն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի:

-Մոտակա ժամանակներս սպասվու՞մ են ցուցահանդեսներ։

-Վերջին անհատական ցուցահանդեսը հինգ ամիս առաջ էր՝ Նովոռոսիսկում։ Դեռևս նոր ցուցահանդեսի մտադրություն չունեմ:

Հարցազրույցը՝ Մանե Մուրադյանի

4-րդ կուրս

Կիսվել