«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՔԱՍԹԻՆԳ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉԻ ԶԱՐԳԱՑԵԼ». ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՔԱՍԹԻՆԳ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉԻ ԶԱՐԳԱՑԵԼ». ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

2436

Քասթինգ երևույթի, ոլորտում տեղի ունեցող որակական և վիճակագրական տվյալների մասին զրուցեցինք Individium casting production –ի հիմնադիր-տնօրեն Աշոտ Սարգսյանի հետ:

-Ժամանակին ասել եք, որ Հայաստանում մոտ 9000 մարդ գրանցված է ձեր քասթինգ ստուդիայում, այսօր ինչպիսի՞նն է ցուցանիշը:

-Այսօր արդեն 20000 է: Հեռուստատեսությունը շատ գրավիչ է հասարակության համար: Ինչպես նաև մեծացել է հայտնի դառնալու ցանկությունը:

-Իսկ սփյուռքից գրանցվողներ կա՞ն:

-Գրանցվողներ կան ամբողջ աշխարհից: Սակայն միշտ չէ, որ պատվիրատուին ֆինանսական առումով հարմար է լինում հեռվից մարդ հրավիրել: Սփյուռքից հիմնականում համագործակցում ենք Ռուսաստանի և Վրաստանի հետ:

Դեռևս կա՞ն տեսարաններ, որտեղ նկարահանվելու համար դժվարանում եք մարդ գտնել:

-Այո, միչև հիմա մեզ համար խնդիր է մարդ գտնել, ով կնկարվի համբույրի կամ անկողնային տեսարանում: Դա գալիս է մեր ազգի մտածելակերպից, քանի որ հասարակությունը հաճախ դերը նույնացնում է մարդու հետ: Սակայն այսօրվա եթերը ունի իր ցենզը և հիմնականում իրեն որոշակի սահմանից դուրս բաներ թույլ չի տալիս, այն ինչ իրականում թույլ է տալիս դերասանի մասնագիտությունը:

Այս տեսակ ստուդիաները կամ տարբեր քասթինգները չե՞ն իջեցնում թատերական կրթության պահանջարկը:

Հակառակը, կարող եմ ասել, որ մենք բարձրացնում ենք պահանջարկը: Տարեկան նկարահանման ենք ուղղարկում մոտ տասը հազար մարդու, և նրանցից շատերին է սկսում դուր գալ ոլորտը ու շատերն են հետո ցանկանում շարունակել: Մեր ստուդիային գրանցվածներից ամեն տարի տասից տասնհինգ հոգի ընդունվում է թատերական ինստիտուտ: 

Այսօր կա՞ն հայտնիներ, ում գործունեությանը հետևելով, զղջում եք, որ նրանց էկրաններին երևալու հնարավորություն եք տվել: 

-Զուտ մարդկային առումով չեմ զղջում: Իմ ցանկությունն է եթերում ավելի շատ տարբեր մարդկային տեսակներ տեսնելը: Բայց շատերին հետևելով՝ հասկանանում եմ, որ կարելի էր նրանց այդ հնարավորությունը չտալ: Կան մարդիկ, ովքեր մոռանում են որտեղից են սկսել: Երբ դերասանի հարցազրույց եմ կարդում, թե ինչպես է եթերում հայտնվել, պատասխանում է, որ ռեժիսյորն էր ծանոթ և նման այլ բաներ: Առանց հասկանալու, որ եթե նա քասթինգով է էկրանին հայտնվել, նշանակում է, որ օրինակ՝ հարյուր հոգուց ընտրել են հենց նրան: Հայաստանում դեռ քասթինգ հասկացողության մշակույթը չի զարգացել:  

-Ձեր ինը տարվա գործունեության ընթացքում, նկատու՞մ եք որակական փոփոխություններ այսօրվա և այն ժամանակվա գրանցվողների միջև:

-Կարծում եմ՝ որակը գալիս է մարդու ցանկությունից: Այսօր մեծացել է գրանցվողների հետաքրքրությունը հենց ոլորտի հանդեպ: Եթե ցանկությունն ու հետաքրքրությունը չկա, ուրեմն տվյալ մարդը մեկ, երկու նկարահանում հետո անհետանում է էկրաններից: Բայց հիմա առաջնային է դարձել գումար աշխատելու ցանկությունը, քան՝ մասնագիտական երազանքը:

Հարցազրույցը՝ Սիրարփի Գալստյանի

4-րդ կուրս

Կիսվել