ՔԱՌՕՐՅԱՅԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

ՔԱՌՕՐՅԱՅԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

881

Քառօրյա պւատերազմից երկու տարի անց ինչպե՞ս են ապրում հերոսները և ի՞նչ խնդիրներ ունեն: Այսօր զինվորը որքանո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը: Այս ու նմանատիպ հարցերին մամուլի ասուլիսում պատասխանեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Դանիել Դավթյանն ու Հայկ Սեխիլյանը: Վերջինս վիրավորվել է Թալիշում, ողնաշարային վնասվածք է ստացել և սկզբնական շրջանում քայլել չի կարողացել. «Ինձ հույս չէին տալիս, որ կքայլեմ, բայց բարեբախտաբար, թեկուզ դժվարությամբ, բայց կարողացա».- ասոմ է նա: Այժմ Հայկը շարունակում է ծառայությունը, պայմանագրային զինծառայող է: Բուժումները շարունակվում են:

Ծախսերը հոգում են պետության ու բարերարների կողմից: Հիմնական խնդիրներից մեկը, ըստ Հայկի, հիվանդանոց գնալ-գալու ծախսն է, որը ընտանիք պահելու և տան վարձ վճարելու հետ հազիվ է հասցնում: Բայց չի դժգոհում, ասում է, որ պետությունը հնարավորության սահմաններում օգնում է. «Մենք չենք գնացել կռիվ, որ պետությունից օգնություն ստանանք»: Հայկ Սեխիլյանի բուժումը պետք է շարունակվի արտերկրում: Պետք է հիվանդանոցից փաստաթուղթ տրամադրվի, որ այստեղ բուժում իրականացնելը հնարավոր չէ. «Բայց հիվանդանոցում էլ ասում են, որ դրանով իրենց հեղինակությունը կընկնի»: Միակ խնդրանքն է, որ պետությունը հետևողական լինի իր արտերկիր մեկնելու, բուժման և վիրահատության հարցում, որի արդյունքում կկարողանա քայլել:

Դանիել Դավթյանը վիրավորվել է Մատաղիսում, զորացրվելուց ընդամենը մեկ ամիս առաջ. «Ամբողջ ընթացքը բարով ծառայեցի, եկավ վերջին ամիսն ու պատերազմը սկսվեց»: Այժմ Դանիելը ձախակողմյան թուլություն և աչքերի ձգվածություն ունի, գլխուղեղում և մարմնի որոշ մասերում բեկորներ կան, որոնք պետք է արտերկրում հեռացվեն, բայց Դանիելին ևս հստակ պատասխան չեն տալիս, թե երբ և ինչպես կկայանա արտասահման մեկնումը: Ասում են, որ իրեն արտերկիր ուղարկելու հարցը դեռ քննարկման փուլում է:

Հարցին, թե արդյո՞ք հայ զինվորն այժմ պատրաստ է կռվի ու պայքարի, տղաները վստահաբար պատասխանում են. «Միայն ապրիլյան օրերին չէ, որ կռիվ ենք տեսել: Մեր կռիվն ամեն օր է, և մենք պատրաստ ենք պայքարել մեր ամեն թիզ հողակտորի համար»:

Ոսկեհատ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել