ԱՐՎԵՍՏԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ

ԱՐՎԵՍՏԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ

1876

Ազգային պարարվեստի երախտավոր գործիչ, հասարակական գործիչ, արցախյան պատերազմի մասնակից. շատերը միանգամից գլխի կընկնեն, որ խոսքը Գագիկ Գինոսյանի մասին է: Նա այն եզակիներից էր, ով մեր ազգային երգ ու պարը իջեցրեց բեմից և տարածեց ժողովրդի մեջ:

Այս մտահաղացման մանրամասները պարզելու, այսօրվա սերնդի և ապագա Հայաստանի մասին խոսելու համար կզրուցենք անձամբ Պարոն Գինոսյանի հետ:

– Պարոն Գինոսյան, ի՞նչ կասեք այսօրվա սերնդի մասին:

-Նոր սերունդը շատ բազմաշերտ է և բազմապիսի: Խորհրդային միության ժամանակ բոլորին միանման էին դարձնում ՝ ոչ շատ լավը, ոչ շատ վատը: Բոլորին փորձում էին հավասարացնել: Թույլ չէին տալիս, որ լինեն նրանք, ովքեր կարող էին հասարակությանը ըմբոստացնել, շեղել ազգային այլ ուղիներով: Հիմա կարծես ամենաթողության ժամանակն է: Կա ցածրաճաշակ մշակույթի գրոհ դեպի հայոց աշխարհը: Բայց հպարտությամբ պետք է ասեմ, որ կա մի շերտ, որը շատ ու շատ գերազանցում է մեր սերնդին: Եվ մեր սերունդը պետք է նպաստի, որ Հայաստանի ճակատագիրը լինի հենց նրանց ձեռքում: Ոչ թե անհասկանալի, միատեսակ, սեփական դիմագիծ չունեցող, «Որտեղ հաց, այնտեղ կաց » սկզբունքով առաջնորդվող մարդկանց ձեռքում:

-Ի՞նչ  հետագա պլաններ ունեք: Շարունակելու եք այս բաց դասերի գործունեությունը:

Կարծում եմ ոչ ոք «Կարին»-ին առանց այս բաց դասերի չի պատկերացնում: Սա ոչ թե շնորհ է արվում ժողովրդին, այլ սա մեր կենցաղն է, նրա անբաժանելի մասը: Մեր նկարագիրն է լինել ժողովրդի մեջ, ժողովրդի կողքին: Բաց դասերը անց են կացվում Ջավախքից սկսած մինչև Պարսկահայք և Արցախ: Աշխարհի որ ծայրում էլ որ եղել ենք` բաց դասեր ենք անց կացրել` ժողովրդին հնարավորություն տալով իր մշակույթի կրողը լինելու:

Լինելով Արցախյան հերոս, ազատամարտիկ ի՞նչ կասեք մեր բանակի մասին:

Անդամագրված լինելով Թամանյանի թոռան՝ Լեոնիդ Ազգալդյանի գլխավորած բանակին և ինքս լինելով մտավորական ժառանգ՝ ես կիսում եմ այն մոտեցումը, որը կար նրա, Մոնթեի, Մովսես Գյորգիսյանի և այլոց մոտ: Այն է, որ մեր բանակը իրավունք չունի սովետական բանակի նման բանվորագյուղացիական լինելու: Բանակը պիտի լինի համահայկական, որտեղ կլինի և մտավորական, և ազնվական խավը: Քանի դեռ սպայի կոչումը դա հայ ազնվականության, ասպետականության  կոչումը չէ ՝ և բանակը պիտի շարունակի խնդիրներ ունենալ,և ազգը, և պետականությունը: Այն օրը, երբ մտավորական, ասպետական տեսակի համար ամենապատվավոր երևույթը կլինի հայոց բանակի սպա լինելը, այդ օրը հայոց բանակը կդառնա իրավամբ անպարտելի:

-Ինչպիսի՞նն է ձեզ համար ապագա Հայաստանը:

-Ապագա Հայաստանը դա սեփական ճակատագիրը տնօրինող, ապագան կերտող, իր վաղվա օրը ինքը որոշող հայու տեսակն է: Ապագան այն պետականությունն է, որը գոնե իր երկրում, իր տարածաշրջանում թելադրում է իր մոտեցումները և ոչ թե համակերպվում այլոց որոշումների հետ: Մեր ճակատագիրը պիտի որոշվի հայոց մայրաքաղաքում, հայոց նվիրյալների կողմից: Առանց որևէ օտար մեկի պարտադրանքի և որոշման:

Ամփոփելով կցանկանայի իմանալ, թե որն է ժողովրդին ազգային երգ ու պարին մոտեցնելու ուղին:

Վստահ եմ, որ դա երկկողմանի ճանապարհ է: Մենք իքներս պիտի գնանք դեպի ժողովուրդը: Դրա համար են կազմակերպվում այս միջոցառումները, բաց դասերը, որտեղ փորձ է արվում ժողովրդին ավելի մոտ լինել: Ոչ թե լոկ բեմից քարոզել: Անշուշտ, բեմը լավագույն հանրահռչակման վայրն է, բայց այնուամենայնիվ, եթե այն բեմից չիջնի դեպի ժողովորդ, այն կմնա որպես թանգարանային նմուշ: Ժողովուրդը ինքը պետք է փնտրի իր տեսակը, իսկ մենք էլ պիտի ունենանք այդ կամքը, նվիրվածությունն ու պատրաստակամությունը գնալ դեպի ժողովուրդը:

Հայրիկ Մուրադյանի սանը լինելով հասկացա մի բան, որ մենք իրավունք չունենք մեզ հետ մեռցնել այն, ինչը մենք չենք ծնել: Մենք պարտավոր ենք այն փոխանցել նոր սերնդին, որով նաև զորեղացնենք և անպարտելի դարձնենք այն:

 

Հարցազրույցը վարեց Մարգարիտա  Հարությունյանը

2-րդ կուրս

Կիսվել