«ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵԼ». ԷՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵԼ». ԷՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1445

Բազմաթիվ հետաքրքիր դերեր թատրոնում և կինոյում, համարձակ ու վառ կերպարներ, քննարկվող ու քննադատվող տեսակ. մեր զրուցակիցը Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն է:

Ե՞րբ հասկացաք, որ Ձեր կյանքի մեծ մասը ցանկանում եք անցկացնել բեմում:

-Իմ կյանքում ամեն ինչ փոխկապակցված է եղել: Դպրոցական տարիներից զբաղվել եմ մոդելային գործունեությամբ, նկարահանվել եմ տարբեր տեսահոլովակներում, թատերային և բեմական գործունեություն եմ ծավալել:Առաջին իմ բեմական փորձերը եղել են դպրոցում: Իմ ուսուցիչներից մեկը շատ հաճախ բեմադրություններ էր կազմակերպում, և մենք գեղեցիկ զգեստներով բարձրանում էինք բեմ: Հենց այդ տարիքից էլ նկատեցին ինձ և ավելի բարդ դերեր տվեցին:

Ես առանց մտածելու ընդունվել եմ Թատերական ինստիտուտի 0 կուրս:

Առաջին ներկայացումս խաղացել եմ Էդգար Էլբակյանի թատրոնում (Խամաճիկներ): Երկրորդ կուրսից արդեն նկարահանվել եմ սերիալներում, հետո ընդունվեցի Երևանի Կամերային թատրոն և մինչ օրս աշխատում եմ այնտեղ:

-Ինչպիս՞ի դեր ունի թատրոնը Ձեր կյանքում:

-Թատրոնը իմ կյանքում ունի դոմինանտ դեր: Երբ մենք պատրաստվում ենք ներկայացումների, թատրոնը մեզ համար դառնում է բնակավայր: Վերջին շրջանում պատրաստվում ենք երկու ներկայացման և գրեթե չենք բացակայում թատրոնից, նույնիսկ գիշերն ենք աշխատում մինչև լույս: Ինձ համար առանց թատրոն դերասանը նման է անտուն դերասանի:

-Արդյոք կա մի դեր, որի մասին երազել եք, և որը դեռ չեք հասցրել մարմնավորել:

-Ես երազում եմ խաղալ յուրաքանչյուր դեր, որը կհամապատասխանի իմ բնավորությանը և իմ տեսակին: Կցանկանամ խաղալ բազմագույն դերեր, որը կներկայացնեմ նորովի և այդ ամենի մեջ կունենամ իմ ներդրումը:

-Իսկ կ՞ա մի գրական հերոս կամ կերպար, որը միշտ նույնացրել եք Ձեզ հետ:

-Ո՛չ, չկա այդպիսի կերպար: Պարզապես եղել են մի քանի գրքեր, որոնք կարդացել եմ, և եղել են որոշ հատկանիշներ, որ նմանեցրել եմ ինձ, բայց չկա որևէ հստակ կերպար:

-Ե՞րբևէ Ձեզ ընտրության առաջ կանգնեցրել են՝ բեմը կամ մեկ այլ բան:

-Ո՛չ, նման դեպք չի եղել: Կարծում եմ, որ այդ խնդրի առջև կկանգնի այն մարդը, ով ընտրել է իրեն ոչ ճիշտ ուղեկից, ով ուղղակի չի գնահատում իր սիրած էակի մասնագիտությունը:  Օրինակ ՝ ես չեմ ցանկանա ունենալ նման մարդ իմ կողքին, ով կարող է ինձնից վերցնել այն, ինչի համար տարիներ շարունակ պայքարել եմ: Հուսամ՝ երբեք չեմ ունենա այդ խոչընդոտը:

՞նչն եք ամենից շատ կարևորում Ձեր կյանքում:

-Ամենից շատ կարևորում եմ ճշմարիտ լինելը, և ես ինքս փորձում եմ ապրել այդպես: Վիլյամ Սարոյանի այս տողերը աստվածաշնչյան են ինձ համար․

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից»:

Անահիտ Մարանջյան

4-րդ կուրս

Կիսվել