ԶԱՐԴԱՐՎԱԾ ԳՈՐԳԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՌԻՉՔ ԼՈՂԱՎԱԶԱՆ

ԶԱՐԴԱՐՎԱԾ ԳՈՐԳԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՌԻՉՔ ԼՈՂԱՎԱԶԱՆ

2423

Ավանդույթները չէին պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ նրա փոխանցման միջոցները։

Հարսանեկան ավանդույթները կազմում են յուրաքանչյուր ազգի մշակույթի մի մասը՝ ստեղծելով ազգային դիմապատկեր։

Յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորույթներ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում կա՛մ չի պահպանվում, կա՛մ փոխվում է։

Մեր օրերում կան շատ հարսանիքներ, որոնք կատարվում են եվրոպական միտումներով։ Սրա վերաբերյալ քահանան այս տեսակետն ունի.

«Ընդհանրապես հայկականից հեռու գնալը ավանդության կորուստ է նշանակում, իսկ հայկական ավանդույթի մեջ չգիտենք այնպիսի դեպքեր, որ հարսանիքները կատարվեն դրսում, օրինակ՝ բնության գրկում կամ որևէ այլ տեղ՝ բացի եկեղեցուց։ Ընդհանրապես հայ ավանդության մեջ եղել է եկեղեցին, և եկեղեցական պսակը մարդկանց մոտ միշտ առավել տեղ է գրավել, քան, ասենք, քաղաքացիական ամուսնության գրանցումը»:

Եկեղեցում պսակադրության արարողությունը ամեն զույգի համար մի մեծ իրադարձություն է, որով նոր սկիզբ է դրվում իրենց համատեղ կյանքին։

Հարցին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հարսանիքները կատարվեն միայն հայկական ավանդույթներով, քահանան պատասխանեց, որ խրախուսվում է միշտ՝ պսակադրության արարողությունները կատարվեն եկեղեցում, որպեսզի ստանան իրենց օրհնությունը քահանայից, քանի որ, եթե այն դրսում տեղի ունենա, ապա քահանան չի իրականացնում արարողությունը․ այն դեմ է եկեղեցու կանոններին։

Հարսնացուները հիմա ավելի շատ նախընտրում են, որ հայրիկները ուղեկցեն իրենց դեպի եկեղեցի, ինչը, ըստ քահանայի, միանշանակ սխալ է։

«Ըստ եկեղեցու կանոնների՝ քահանան է գալիս ընդառաջ զույգերին և աղոթքներով ուղեկցում դեպի խորան, սակայն այսօր հանդիպում ենք այնպիսի տենդենցների, երբ մարդիկ ցանկություն ունեն այդպես անել, և չենք մերժում»։

Այսօր շատ աղջիկներ, ովքեր դեռ նոր են պատրաստվում ամուսնանալ, կամ կանայք, ովքեր ամուսնացել են տարիներ առաջ, միանշանակ, նույն տեսակետը չունեն ամուսնությունների եվրոպականացման և հարսանեկան ավանդույթների պահպանման մասին։

Տիկին Վերգինեն, ով արդեն 20 տարի է, ինչ ամուսնացած է, այս կարծիքն ունի.   «Հիմանականում ամեն ինչ գրեթե նույնն է մնացել. դհոլ զուռնայով հարսնացուի հետևից գնալը, մեղր ուտելը, լավաշը հարսի և փեսայի ուսերին գցելը, ուղղակի հիմա կոսպանդը չեն կապում, դրան փոխարունում է ծաղիկը։ Բայց դե չմոռանանք, որ աշխարհը զարգանում է, ավանդույթները փոխվում են, մարդիկ ավելի շատ նորի հետևից են վազում, քան հնի։ Եթե չվազենք եվրոպական թիթիզությունների հետևից, հաստատ խալին էլ հետ կգա, բամբակով երջանկություն նորապսակներին գրությունն էլ»։

  Եթե տիկին Վերգինեն հնարավորություն ունենար այժմ ամուսնանալու, ապա նա կցանկանար ռեստորանում նշել հարսանիքը, որպեսզի բոլոր հարազատներն էլ կարողանային գալ։ Ինչպես նաև շատ է ափսոսում, որ իր կյանքի ամենահիշարժան օրը չի նկարահանվել. ինչպես բոլորը, այնպես էլ տիկին Վերգինեն ցանկանում է տարիներ անց դիտել իր հարսանիքի տեսանյութը։

Հարսանիքով, թե առանց հարսանիքի, հայկական ավանդույթներով կամ եվրոպականացված ոճով, միշտ էլ կարևոր են երջանկությունը և միասնությունը։

Անի Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել