ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՕՐՅԱ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐ

ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՕՐՅԱ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐ

1749

Սեռական դաստիարակությունը մերօրյա կարևոր խնդիրներից է:  Նախկինում ամոթալի  և  անպարկեշտ էին համարում այս մասին խոսել դպրոցում, ընտանիքում, չնայած՝ հիմա էլ շատ բան չի փոխվել:

Ի՞նչ է  իրենից  ներկայացնում  սեռական  դաստիարակությունը:  Այն իրենից ներկայացնում է  բժշկական  և մանկավարժական միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված  է  երեխաների,  դեռահասների  և  երիտասարդների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը:

Մինչև  այժմ  հայ  ընտանիքներից  շատերում սեռական դաստիարակությունը ամոթալի է համարվում, ինչի մասին վկայում է «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի շնորհանդեսի տապալումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գիրքը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում և գրել էր. «Սիրելի՜ ծնողներ, վստահեք ձեր երեխային ,  վերահաստատեք,  որ  սիրում  եք  նրան  և  կաջակցեք  ցանկացած պարագայում,  օգնեք  պատմելու  սեռական  բռնության  հնարավոր դեպքի մասին և, ամենակարևորը, մի մեղադրեք նրան կատարվածի համար»:

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի բարկացրել է այս հրապարակումը: Օգտատեր  Քրիստինե  Գրիգորյանը հրապարակմանը կից մեկնաբանություն է գրել. «Ես՝ որպես ծնող, երբեք իմ 5 տարեկան բալիկի հետ չեմ նստի և չեմ կարդա. «Սա իմ հետույքն է, կրծքերն ու սեռական օրգանները, ոչ ոք իրվունք չունի դրանց դիպչելու»: Սա երեխա  դաստիարակելու նո՞ր մեթոդ է։ Երեխան անկախ իր կամքից սովորում, հասկանում,  գիտակցում է  դա: Իմ 4  տարեկան  բալիկն ամաչում է ներքնաշորով քայլել  տան  մեջ  (գուցե  իրեն տեսնեն): Երբեք առանց թակելու սենյակ չի մտնում: Անգամ  հայրիկի  հետ  չի  մտնում  լոգարան.  դա է սովորել: Իսկ այն երեխաները, որոնք բռնության են ենթարկվում, որոնց, իբր գիրքը պետք է օգնի, դժվար թե ունենան այնպիսի  ծնողներ,  որոնք  կնստեն,  իրենց բալիկի հետ գիրք ընթերցելու:

Հ.Գ Լավ  մտքեր  էլ կան իհարկե, այն, որ երեխան պետք է սովորի մերժել, բայց այսքան  խորանալու  կարիք  չկա:  Բավական է ընկեր լինել բալիկի համար, փոքր հասակից կիսել ու հասկանալ անհանգստությունները, և ապագայում ամեն բան լավ կլինի» :

Մեկ  այլ  օգտատեր՝  Գարիկ Ղուկասյանը գրում է. «Տիկին Բաթոյան, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, Դուք  հիմա  ակնհայտ գովազդով եք  զբաղված և երեկվա  այլասերվածության  տարածմանը  շատ  հմուտ կերպով աջակցում եք: Ես, լինելով  քրիստոնյա,  ավանդապաշտ  հայ,  դեմ  եմ և ինձանից կախված ամեն բան անելու  եմ  նմանօրինակ  միջոցառումներին  վնասելու  համար՝  ընդհուպ  մինչև հանցագործություն պարունակող արարքներ»:

Մեկ  այլ օգտատեր Գրետա Խանդանյանը գրում է. «Ես մամա եմ ու կարդալուց հետո  զարհուրեցի:  Սարսափելի ա ուղղակի:  Երեխան  պետք  է մեծանա  որպես հասարակության  մի  մասնիկ,  ոչ  թե  էգոիստ: Երեխան պիտի չիմանա սեռական օրգաններն ինչ են, որ մի հատ էլ հայտարարի որ դրանք իմն են»:

«Այբ  Բեն  Գիմ»  զարգացման  ակումբի  էրգոթերապիստ,  հատուկ հոգեբան Նարինե  Մուրադյանը  ունի  սեռական  դաստիարակության թեմայի վերաբերյալ պատրաստած  նյութ,  որում  ասում է. «Յուրաքանչյուր երեխա վաղ, թե ուշ սկսում է  հետաքրքրվել, թե ինքը որտեղից է ի հայտ եկել: Սակայն, ոչ բոլոր երեխաներն են, ի  վերջո,  այդ  հարցը  տալիս:  Հաճախ ծնողներն անհանգստանում և նախօրոք են պատրաստվում այդ  հարցերին.  ի՞նչ պետք է պատասխանեն, երբ երեխան հարցնի այդ  մասին,  իսկ  երբ  չի հարցնում, սկսում են մտահոգվել, արդյո՞ք լավ է, թե՝ վատ, պե՞տք է արդյոք որևէ այլ բաներ էլ պատմել:

Ծնողների  անհանգստությունը  տեղին է,  քանի  որ երեխաների վաղ սեռային դաստիարակությունը  բավականին  պատասխանատու գործ է, որի իրականացումն ընկած է հենց իրենց ուսերին:  Չնայած  այն  բանի,  որ  ժամանակի  ընթացքում սեռային  դաստիարակման  գործընթացին  միանում են մանկապարտեզը, դպրոցը, հեռուստացույցը,  ընկերները,  համացանցը  և  այլն,  սակայն, միևնույն է, երեխայի առաջին և գլխավոր դաստիարակները հանդիսանում են մայրիկն ու հայրիկը»։

Գրքի շնորհանդեսի տապալումից հետո, մի քանի կին անանուն պատմեցին իրենց պատմությունները՝ հորդորելով խոսել երեխայի հետ փոքր տարիքից, չամաչել և չվախենալ նրանց հետ նման թեմաների մասին խոսել:

«Շատ  վաղ  տարիքում,  մոտավորապես  4-5  տարեկանում,  հաճախ  էի բարեկամիս հետ տանը մենակ մնում, մենք շատ մտերիմ էինք, ես իր հետ կապված էի, անասելի  շատ  էի սիրում իրեն, մի օր, երբ հերթական անգամ մենակ մնացինք, ես էլ դարձա էն երեխաներից մեկն ով ենթարկվեց սեռական բռնության (բռնաբարություն չէր եղել),  ես  չէի  հասկանում՝  ինչ  ա  կատարվում,  ոչ էլ մտածում էի վատ բան ա,  հարցնում  էի ի՞նչ ես անում, պատասխանը՝ խաղ ենք խաղում։ Հենց նույն գիշերը պատմեցի  մերոնց  էդ «խաղի»  մասին։ Ես չէի վախենում պատմելուց, որովհետև գաղափար անգամ չունեի, որ իմ հետ վատ բան են արել։  Բոլորը խառնվեցին իրար, հաջորդ օրը տանն ուժեղ կռիվ էր, իսկ ես մտածում ու մտածում էի, ինչի՞ համար են կռվում իրա հետ, ի՞նչ ա եղել, բայց ինքը մինչև վերջ ժխտեց, ասելով, որ ես խաբում եմ բոլորին, որ նման բան չի եղել, երեխա եմ, ֆանտազիա ա ընդամենը, թեման փակվեց, տենց էլ մինչ օրս փակ մնաց, չգիտեմ էլ ինչ են մտածում բոլորը, հիշո՞ւմ են, թե՞ չէ, երևի  բոլորը  մտածում  էին  երեխա  եմ  եղել,  մի բան տեսել եմ հեռուստացույցով ու,  երևակայությանս  զոռ  տալով,  իրենց  պատմել։ Բայց  դա  վերջը չեր, 11-12 տարեկանում,  երբ  էլի  անմեղ երեխա էի, էլի ոչ մի բան չէի հասկանում, բռնության ենթարկվեցի մյուս բարեկամիս  կողմից,  որը  տևական  բնույթ  կրեց, սկզբում էլի  նորմալ  չէի  հասկանում, թե ինչ ա կատարվում, բայց զգում էի, որ վատ բան են անում  իմ  հետ,  սակայն  գնալով  հստակ  գիտակցեցի՝  ինչ  ա կատարվում, հիշեցի  նախորդ դեպքը, կոտրվեցի, էս անգամ վախենում էի ինչ-որ մեկին պատմել, որովհետև,  եթե  անցած  անգամ  բարեկամիս  հավատացին, այս անգամ էլ սրան կհավատան։ Մոտ  մեկ  տարի  տևեց  էտ անտանելի  դժոխքը,  հետո հեռվացանք իրարից,  փառք  Աստծո,  էս  անգամ  էլ  բռնաբարություն  չեղավ,  տարիների ընթացքում  երկուսին  էլ  ներեցի ինքս իմ մեջ, բայց երբեք էս թեմայով չենք զրուցել, երևի  երկուսն էլ մտածում են, որ երեխա եմ եղել ու հիմա չեմ հիշում։ Ոչ ոքի հետ երբեևէ սրա  մասին չեմ խոսել, անգամ ինքս իմ ներսում երկու րոպեից ավել չեմ կարողացել մտածել էս թեմայի շուրջ, որովհետև  ինչքան  երկար եմ մտածում, էնքան սկսում եմ չարանալ իրենց հանդեպ։

Հարգելի´, սիրելի´ ծնողներ, խնդրում եմ ձեզ, զգույշ եղեք, ձեր երեխաներին ընկեր դարձեք,  իրենց  3  տարեկանից,  հա հենց 3 տարեկանից բացատրեք, որ թույլ չտան իրենց  մարմնի մասերին  դիպչեն,  էդ  տարիքում սեռական դաստիարակությունը չի  նշանակում  երեխեքի  հետ սեքսի մասին խոսել, եթե ես 4-5  տարեկանում  գիտակցեի,  որ  իմ հետ վատ բան են անում, կգոռայի, կլացեի, կվախեցնեի, որ  մամայիս  կասեմ, ոչ  թե կմտածեր, թե խաղ ենք խաղում, ու կլռեի»:

«Ես և ընկերուհիս 3-4 տարեկան էինք, հորեղբորս 12 ամյա տղան իբր խաղում էր մեզ հետ, ձեռքով իբր ոտք էր կտրում, իմը իբր ավելի խորքից։ Երեխա էի, դա խաղ էր ինձ համար, ես չէի հասկանում, որ ոչ-ոք  իրավունք չունի ձեռք տալ․թույլ չէի տա, եթե բացատրած լինեին որ չի կարելի։ Բարեբախտաբար,  դա  կարճ տևեց, երևի ինքն էլ հասկացավ, որ սխալ է վարվում։ Մի  ամաչեք  ու  մի  վախեցեք  փոքրիկ երեխաների հետ նման թեմաներից  զրուցելուց։ Պաշտպանեք նրանց, մանավանդ որ 24 ժամ նրանց կողքին լինել չեք կարող»:

Արմիկ Հակոբյան

5-րդ կուրս

Կիսվել