«ԵԹԵ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԵԻ, ԻՆՁ ԱՎԵԼԻ ՀԱՆԳԻՍՏ ԿԶԳԱՅԻ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄՈԴԵԼ ԱՐԵԳ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՀԵՏ

«ԵԹԵ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԵԻ, ԻՆՁ ԱՎԵԼԻ ՀԱՆԳԻՍՏ ԿԶԳԱՅԻ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄՈԴԵԼ ԱՐԵԳ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՀԵՏ

1763

Մոդելային կարիերայով զբաղվող Արեգի աշխարհում նույնիսկ անտեսանելի դառնալն անհնարին չէ, ժամանակի մասին մոռանալն էլ՝ նոր աշխարհներ և երևույթներ բացահայտելու միջոց:  Հարց ու պատասխանի միջոցով փորձեցինք բացահայտել նրա «անորոշ ու տարբեր» աշխարհը:

Արեգ, կպատմե՞ս քո մասին. որտե՞ղ ես ծնվել, սովորել։

– Բայց ծնվե՞լ եմ ես արդյոք…  Ծնվել եմ Երևանում, մանկությունս անցել է Ռուսաստանում, հետո վերադարձել եմ և սովորել Վալդորֆյան դպրոցում։

Մի անգամ ասել ես, որ քո երազանքը անտեսանելի դառնալն է. ի՞նչ կանեիր, երբ անտեսանելի լինեիր։

– Փոքր ժամանակ իրոք երազել եմ անտեսանելի լինել, չնայած հիմա էլ շատ փոքր եմ ու համեմատ Սատուրնի օղակների՝ հաստատ անտեսանելի եմ: Փոքր ժամանակ երազում էի երազներից հեռու լինել ու ուշ քնել։ Հիմա մի քիչ երազանքս իրականացրել եմ։ Եթե անտեսանելի լինեի, ինձ ավելի հանգիստ կզգայի, մի գուցե կան շատ անտեսանելի էակներ ու ամբողջ աշխարհը իրենց կոմֆորտի զոնան է։

 –Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ։

– Ժամանակը համարում եմ ազատ այն ժամանակ, երբ նրա մասին չեմ հիշում, սիրում եմ նոր աշխարհներ բացահայտել ինձ համար, նոր երևույթներ, համացանցը նման տեսանկյունից ֆանտաստիկ երևույթ է, ամեն ինչ կարելի է գտնել։ Հետաքրքիր գրականությունից սկսած մինչև աբսուրդ թեորիաների քննարկում։

-Երկու բառով ինչպե՞ս կբնութագրես քեզ։

– Անորոշ ու տարբեր:

-Ի՞նչը կփոխեիր քո կյանքում։
– Ժամանակի անցնելու արագությունը:

 -Քո սիրելի 3 գրքերն ու ֆիլմերը։ Կա՞ մի գիրք կամ ֆիլմ, որի հերոսին քեզ կնմանեցնեիր:

– Գրքերից վերջերս կարդացի Վերբերի «Завтрашний день кошки»-ն ու ուզեցի վերակարդալ Մրջյունների մասին գիրքը վերհիշելու համար։ Սիրում եմ Մուռակամիի գրելաոճը, թե ինչպես է նկարագրում պարզ երևույթները։ Նաև կառանձնացնեի ինձ համար Էկզյուպերիին, որովհետև ինչքան էլ ապրում եմ, նորովի եմ բացահայտում իր գործերը։ Ինչ վերաբերում է հերոսների զուգահեռին ինձ հետ, վերջերս չի  ստացվում նման մոտեցմամբ մտածել։ Միգուցե արդեն գրքի մեջ եմ ապրում, դրանից է։

-Ի՞նչը կարող է քեզ մոտիվացնել։

– Մոտիվացնում է ինձ երաժշտությունը, նրա ստեղծումը, ու մարդկանց անցած ճանապարհը։

-Ինչպե՞ս սկսեցիր մոդելի քո կարիերան։ Այդ ոլորտում որևէ հաջողություններ ունեցե՞լ ես։

– Եթե փոքր ժամանակվա նկարնեը չհաշվենք, սկսեցի երբ ընկերներիցս մեկը պատրաստվում էր ընդունվել թատերական համալսարանի օպերատորական բաժին ու ինձ նկարում էր։ Մի բան ստացվում էր։ Հետո նկարները ուղարկեցի մի քանի մոդելային ընկերություններին ու սկսեցի առաջարկներ ստանալ, որոշ ժամանակ նաև սովորեցի մոդելային դպրոցներում, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ մատուցեմ կատարածս աշխատանքը։ Ինձ համար հաջողություն է ունենալ հիշողություն, լուսանկարներ, դրանք փոքր պատմություններ են ինձ համար։ Երբ նրանք զարդարում են ամսագրերի էջերը, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ հիշողությունովս կիսվել եմ բոլորի հետ։ Ֆանտաստիկ զգացում է։

-Կյանքի նշանաբան ունե՞ս։

– Կյանքը շատ անսպասելի երևույթ է, ու դրա համար ես միշտ շարժվում եմ մի նշանաբանով՝ ապագան առջևում է:

-Ասում են, որ պետք է կյանքում փորձել ամեն բան։ Իսկ կա՞ն բաներ, որոնք երբեք չէիր փորձի։

– Կարծում եմ՝ կան բաներ, բայց հիմա մտքիս չեն գալիս

-Եթե հնարավորություն ունենայիր ապրել որևէ ժամանակաշրջանում, ո՞րը կընտրեիր և ինչո՞ւ։

– Ինչքան ավելի առաջ, այդքան լավ, ապագա միանշանակ, հետաքրքիր է տեսնել գրքի վերջին էջում ինչ կլինի։

-Ո՞րն է եղել կյանքիդ ամենամեծ ձեռքբերումը։

– Երևի նա է, որ դեռ շնչում եմ, ապրում եմ, ժպտում եմ, գրում եմ։

-Ինչպիսի՞ նպատակներ ունես։

– Փորձից ելնելով՝ նպատակների մասին կլռեմ, որպեսզի իրականան։

-Ինչպիսի՞ն ես քեզ պատկերացնում 10 տարի անց.

– Անորոշ ու տարբեր:

Հարցազրույցը՝ Գոհար Պետրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել