«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԸՆԴԳԾԵԼ ԱՅՆ, ԱՅԼ ՈՉ...

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԸՆԴԳԾԵԼ ԱՅՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԹԱՔՑՆԵԼ»

1848

Դիմահարդար, նկարչուհի և  հագուստի մոդելավորող, 22-ամյա Լուիզայի երազներում կտավներ են ստեղծվում։ Նա 4 տարի սովորել է Թերլեմեզյանի դիզայն բաժնում, այնուհետև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ՝ հագուստի մոդելավորում բաժնում։ Նկարում է սպասքի և կտորների վրա, ինչպես նաև գեղեցկացնում է աղջիկներին իր ինքնատիպ դիմահարդարմամբ: Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում սպասքի և կտորների վրա նկարչությունը, կմանրամասնե՞ք Ձեր աշխատանքների մասին, ինչպես եք ստեղծագործում, ո՞վքեր են գնորդները, և ի՞նչ արժե:

-Պետք է զգուշորեն լվանալ նկարված սպասքը, քանի որ, այնուամենայնիվ, ձեռքի աշխատանք է։ Սպասք լվանալու մեքենայով պետք չէ ընդհանրապես լվանալ, իսկ ձեռքով լվանալիս միանշանակ չի մաքրվի նկարը, քանի որ նկարված սպասքը անցնում է ջերմային մշակում։ Օրինակ՝ ես ունեմ սպասք, որը տարիներով օգտագործում եմ, և որևէ բան չի եղել։ Ստեղծագործող մարդու համար թեմաները անսահմանափակ են, կարող ես ոգեշնչվել ամեն ինչից՝ բնությունից, ֆիլմերից, արածդ աշխատանքներից և այլն։ Հիմնականում մուսաս գալիս է քնելուց առաջ, մտքերս հավաքում եմ, երազումս արդեն երևակայությունս ստեղծում է նոր կտավ կամ սպասք: Սպասքը կարող են ձեռք բերել իմ ինստագրամյան էջից, իսկ բատիկա կտորի վրա արված աշխատանքները դեռ չեմ վաճառում, երևի հոգեպես դեռ պատրաստ չեմ, քանի որ նրանց վրա ամիսներով եմ աշխատում։ Նպատակ ունեմ ցուցահանդես կազմակերպել, դրանից հետո միգուցե արդեն սկսեմ վաճառել։ Սպասքի վրա նկարելը մոտավորապես երկու օր կամ մեկ շաբաթ է խլում՝ կախված նրանից, թե ինչ աշխատանք է։ Գները կոնկրետ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ բոլորի գրպանին հարմար է։ Հիմնական պատվիրատուներս արտասահմանից են, մարդիկ են, ովքեր փորձում են գտնել հայկական շունչ իրենց առօրյայում, և իմ աշխատանքներից ստանում են երևի դա, քանի որ նկարում եմ հայկական թեմաներով։ Հիմնվելով հնի վրա ՝ փորձում եմ ստեղծել նորը, որը ժամանակակից աշխարհում կգտնի իր տեղը:

Նկարչությունը որքանո՞վ է օգնում դիմահարդարելիս, ինչի՞ վրա եք շեշտը դնում:

-Նկարչությունը, իհարկե, օգնում է դիմահարդարման մեջ։ Տարիների չարչարանքն արդեն երևում է քաշածդ գծի մաքրությունից, նաև գունային ճաշակն է զարգանում ՝ ճիշտ գույների համադրությունը։ Նշեմ, որ հաճախորդին դիմահարդարելիս նախ պետք է տեսնել նրա արտահայտիչ, գեղեցիկ դիմագծերը կամ խնամված մաշկը, շեշտը դնել դրա վրա, այլ ոչ թե մարդու դեմքին նոր դեմք նկարել։

-Ի՞նչ խորհուրդներ կտաք հայ աղջիկներին գեղեցիկ դիմահարդարվելու համար:

-Առօրյա դիմահարդարման մեջ խորհուրդ կտամ շեշտը դնել մաշկի և հոնքերի վրա, որովհետև հոնքերը եզրագծում են դեմքը, ճիշտ ընդգծելու դեպքում կունենան գեղեցիկ և բաց հայացք:  Դրսում արդեն գարուն է, և մեզ անհրաժեշտ է ունենալ խնամված և շողշողուն մաշկ։ Խորհուրդ կտամ օգտագործել թեթև ծածկողականությամբ տոնային կրեմ կամ ուղղակի քողարկիչ (կորեկտոր) աչքերի շրջանում և շա՜տ հայլայթ, որպեսզի բոլորը տեսնեն մեր մաշկի փայլը։ Նուրբ գույներ կարելի է օգտագործել դիմահարդարման մեջ ՝ ծիրանագույն, բաց վարդագույն, դա վերաբերվում է թե՛ 16 տարեկան աղջիկներին, թե՛ 60 տարեկան կանանց․ այդ գույները երիտասարդություն կհաղորդեն կերպարին։ Թվարկածս գույները կապ չունեն թրենդների հետ, ես թրենդներին առհասարակ չեմ հետևում, ուղղակի հիմա գարուն է, նուրբ գույներ եմ տեսնում, իսկ աշունը արդեն ավելի սառը կամ ավելի վառ գույներ: Ըստ իս՝ գեղեցկությունը երիտասարդության մեջ է, և դիմահարդարմամբ պարզապես պետք է ընդգծել այն, այլ ոչ թե թաքցնել։ Քանի որ շուտով վերջին զանգն է, շրջանավարտներին խորհուրդ կտամ լինել նուրբ ու անուշիկ կերպարի մեջ, ոչ մի մուգ գույներ կամ հոնքերը ծածկող թարթիչներ։

-Ամեն դեպքում, երեք մասնագիտություններից ո՞րն է ամենից հոգեհարազատը:

-Ինձ համար շատ հեշտ է համատեղել երեք մասնագիտություններս։ Իմ բոլոր մասնագիտությունները կարծես լրացնում են մեկը մյուսին, ինձ օգնում են ճիշտ որոշում կայացնել թե՛ գունային, թե՛ թեմատիկ ընտրության մեջ։ Ժամանակի սուղ լինելու պատճառով այս պահին չեմ զբաղվում երկրորդ մասնագիտությամբ՝ հագուստի մոդելավորմամբ, բայց հասցնում եմ զբաղվել երկուսով՝ սպասքի նկարչությամբ և դիմահարդարմամբ․ երկուսն էլ միաժամանակ ապահովում են եկամուտը։ Մասնագիտություններիցս ամենից հոգեհարազատը միշտ նկարելն է եղել, բայց հիմա նաև դիմահարդարումը, որովհետև նկարելով իմ հոգեկան աշխարհն է լցվում, իսկ դիմահարդարելիս, երբ տեսնում եմ աղջիկների ուրախ ժպիտները, ուրախանում եմ նաև ես։

Հարցազրույցը՝ Զվարթ Պետրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել