«ՄԵԿ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՄ ԵՎՍ 1000 ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ». ՇՈՒՇԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ

«ՄԵԿ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՄ ԵՎՍ 1000 ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ». ՇՈՒՇԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ

1566

3 մետրից ցատկելու, գիրք հրատարակելու, իր կյանքի թռի-վռի, արևոտ հատվածի, ինչպես նաև մասնագիտության մասին ենք զրուցել «Շանթ»հեռուստաընկերության Առավոտ ծրագրի լրագրող Շուշանիկ Ասատրյանի հետ:

Ինչպե՞ս կբնութագրես քեզ:

-Ես ինձ համարում եմ հասարակ մահկանացու, ով ունի բնավորության այսպիսի գծեր՝ համառ եմ, սկզբունքային, հետաքրքրասեր եմ, անչափ սիրում եմ զարգանալ, ինքնակրթվել, բաց չեմ թողնում ոչ մի հնարավորություն, որը ինձ կարող է դարձնել ավելի լավն ու ավելի խելացին: Ինչո՞ւ ոչ՝ նաև գեղեցիկ եմ (Ծիծաղում է):

Ի՞նչը  կամ ո՞վ կարող է քեզ մոտիվացնել:

-Ինձ մոտիվացնում են ինձանից խելացի մարդիկ: Ես իրանց հետ շփվելիս հասկանում եմ, որ ավելի շատ բաներ պետք է սովորեմ, ավելի շատ բաներ պետք է հաղթահարեմ ու ավելի լավը դառնամ: Ինձ նաև բնությունն է մոտիվացնում: Ես սիրում եմ ճանապարհորդել ու վերադառնալիս` հենց մեր տան դռնից մտնում եմ ներս, հասկանում եմ, որ այն Շուշանիկը չեմ, ինչ-որ դուրս եկավ, այսինքն ճանապարհն ինձ մոտիվացնում է, մտածելու համար շատ երկար ժամանակ եմ ունենում և վերջապես հասկանում եմ, թե ինձ ինչ է պետք:

Ինչպե՞ս կանվանես քո ապրած կյանքի այս հատվածը:

-22-ամյա աղջկա կյանքի հատված: Մասնագիտական առումով համարում եմ ինքնազարգացման փուլ, իսկ գործնականից դուրս համարում եմ մի շատ թռի-վռի, արևոտ հատված, որում ես մաքսիմալը քաղում եմ կյանքից:

Ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում:

-Ազատ ժամանակ զբաղվում եմ ազատ ժամանակս ճիշտ կառավարելով: Ինձ մոտ, կարծես թե, ամեն ինչ գծագրված լինի: Ազատ ժամանակ ես նվագում եմ դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ստեղծագործում եմ` պատմվածքներ եմ գրում, և ճիշտն ասած պատրաստվում եմ պատմվածքների ժողովածու ունենալ: Ունեմ լուսանկարչական ապարատ, լուսանկարում եմ, ազատ ժամանակ պարում եմ, սիրում եմ զբոսնել և ընկերներիս հետ լավ ժամանակ անցկացնել, ինչպես նաև չեմ մոռանում ընտանիքս` կարևորագույն և գերագույն արժեքը իմ կյանքում:

Ի՞նչ վերնագիր կունենա պատմվածքներիդ ժողովածուն:

-Դրա մասին չեմ ուզում խոսել, որովհետև մտքի փուլում է:

Ամենախենթ քայլը ո՞րն է եղել:

-Ինձ հաճախ ասում են մի խենթ անձնավորություն, ինչ խոսք գժություններ անել շատ եմ սիրում: Լավ մի գաղտնիք բացեմ (Ծիծաղում է): Վերջերս Ազգային գրադարանի պետքարանում էի փակվել, դուռը չէր բացվում: Ես պատուհանը բացել և թռել եմ մոտավորապես 3 մետր բարձրությունից: Երբ թռա, հասկացա, որ կարող էի վայրեջք չկատարել կամ կատարելիս էլ ասֆալտը ծակել ու ավելի խորը գնալ: Մի խոսքով…

Կուզեի՞ր տղա ծնվել, ինչո՞ւ:

-Չէի ուզի տղա ծնվել, միանշանակ: Որովհետև ինձ դուր է գալիս աղջիկ լինելը, դուր է գալիս հագնել կիսաշրջազգեստ, լինել կանացի և ինչու ոչ՝ էլեգանտ: Արական սեռը թող մտածի իր մասին, իգականը՝ իր: Այո՛, դուք ճիշտ նկատեցիք՝ ես ինչ-որ չափով հոմոֆոբ եմ:

Գիրք, որը փոխել է քո մտածելակերպը:

-Գիրքը չի փոխում իմ կյանքը, իմ կյանքը փոխում են իրողությունները և այն ռեալ դեպքերը, որոնք ինձ հետ պատահում են, իսկ գիրքը կարող է օգնել ինձ տեղափոխվել մեկ այլ մտածողություն, մեկ այլ հեղինակի ապրածն ու զգացածը, հասկանալ և զարգացնել իմ միտքը: Շատ եմ սիրում Հեսսեյի «Տափաստանի գայլը», Կորտասար` «Այստեղ և հիման», Բորխես՝ «Բաբելոնյան գրադարանը»: Ինչպես նաև Վիլյամ Սարոյան եմ շատ սիրում:

Ինչպիսի՞ն է լինելու աշխարհի վերջը:

-Աշխարհի վերջը չի լինելու: Ես կարծում եմ՝ մենք հիմա զարգացվածության այն փուլում ենք գտնվում, որ կարող ենք տեղափոխվել այլ մոլորակ ապրելու: Եթե նկատի ունես մոլորակի ավարտը, հնարավոր է որևէ աստերոիդ լուսնային տարիներով գա հասնի, այնպիսի մեծության լինի, որ պայթի մեր մոլորակը: Բայց ես կարծում եմ՝ մինչև որևէ աստերոիդ հասնի մեր մոլորակին, մենք՝ գոնե երկու սեռեր, այդ ընթացքում, ինչպես Նոյի ժամանակ, կհայտնվենք Մարսում, ու աշխարհի վերջը չի գա, քանի որ աշխարհը մարդով է հարուստ, ու մարդը կտեղափոխվի այլ մոլորակ:

Տեխնիկան մինչև ո՞ւր կարող է զարգանալու, ամենաշոկային հայտնագործությունը ո՞րը կլինի ըստ քեզ:

-Ես «5-րդ տարր» ֆիլմը շատ եմ սիրում և մեծ բավականություն կստանամ, երբ պատուհանս բացեմ ու տեսնեմ օդով գնացող մեքենաներ: Եվ հավես կլինի, որ ստեղծվի այնպիսի մի պորտալ, որի միջոցով մենք կարող ենք մի վայրից վայրկյանական հայտնվել մեկ այլ վայրում, ասենք Իտալիայում եմ, մեկ էլ այդ սարքի միջոցով հայտնվում եմ Չինաստանում:

Ինչո՞ւ լրագրություն:

-Լրագրություն, որովհետև ես սիրում եմ այն, իսկ այն ինչ սիրում ես, այն ինչին ձգտում ես, պիտի հասնես դրան: Լրագրություն, որովհետև սա այն մասնագիտությունն է, որը հնարավորություն է տալիս զարգանալ աշխատելով և աշխատել զարգանալու վրա, ինչպես նաև՝ միշտ լինել ինֆորմացված:

Ի՞նչ տվեց քեզ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

-Ինձ տվեց հոյակապ ընկերներ, կային շատ լավ դասախոսներ, որոնց հետ մինչև հիմա կապ պահում եմ, իրենք լավն էին, իսկ հիմա կոլեգաներ ենք:

Ինչպե՞ս և որտե՞ղ սկսեցիր աշխատել:

-Սկսեցի աշխատել ինձ վրա: Առաջին աշխատանքը եղել է ընկերուհուս հետ հեղինակային հաղորդում` «Հարցաշփոթ», դա ևս աշխատանք էր: Հետո Vnews-ում, բիզնես և տեխնոլոգիաներ բաժնի լրագրող եմ եղել, հետագայում «Արարատ» հեռուստաընկերությունում եմ աշխատել շատ կարճ` 1 ամիս, հետո «Շանթ» հեռուստաընկերություն, ինչպես նաև հիմա աշխատում եմ ՄեդիաՄաքսի banks.am-ում:

Ինչպե՞ս աշխատանքի անցար Շանթ հեռուստաընկերությունում:

-Համալսարանն ավարտելուց հետո, ֆեյսբուքյանս էջում նկատեցի հայտարարություն, թե լրագրող են փնտրում առավոտյան ծրագրի համար: Կարգավորեցի CV-ս, ուղարկեցի, գնացի հարցազրույցի: Մի քանի ամիս հետո, երբ հաստիք ազատվեց, ինձ կանչեցին աշխատանքի: Անցա փորձաշրջան և մոտավորապես 2 շաբաթ հետո` արդեն աշխատանքի: 

Եթե ոչ լրագրող, ապա

Լուսանկարիչ, կինոռեժիսյոր և սցենարիստ:

Լրագրության մեջ, կարիերայում նշաձող ունես սահմանած, ո՞րն է դա:

-Արդար խղճով աշխատանք` բոլոր դեպքերում արդար ինքդ քո հանդեպ, և կարծում եմ դրանից միայն ու միայն օգուտ կլինի քո արած աշխատանքի համար: Ինչու չէ, նաև, կուզեմ, որ օրերից մի օր, երբ ես համարեմ` այնչափ խելացիության մակարդակ ունեմ և այնչափ պատրաստ եմ, ես կուզենայի նաև կիսվել իմ գիտելիքներով, իմ պրակտիկյով, բայց ոչ դասական՝ լսարանային, կրթության միջոցով, այլ ոչ ֆորմալ կրթական հանդիպումներ լինեին, ու ես այդ շրջանակում ներկայացնեի մի քանի մասնագիտական բաներ:

Եթե մեկ ցանկության հնարավորություն ունենաս, ի՞նչ կուզես:

-Կցանկանամ ևս 1000 ցանկության հնարավորություն, իսկ այդ 1000-ի մեջ կցանկանամ անսահման ցանկության հնարավորություններ (Ծիծաղում է):

Հարցազրույցը՝ Միլենա Մովսեսյանի

2-րդ կուրս

Կիսվել