«ԲԼՈԳՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԵՐՊ Է» ԲԼՈԳԵՐ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

«ԲԼՈԳՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԵՐՊ Է» ԲԼՈԳԵՐ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

2282

Բլոգեր լինելը չի պահանջում ունենալ համապատասխան մասնագիտություն: Այսօր շատ մարդկանց կարելի է հանդիպել, ովքեր վարում են իրենց բլոգը։ Բլոգերները գրում են այս կամ այն թեմայի մասին՝ ներկայացնելով իրենց կարծիքը, մոտեցումը։ Այս զրույցի միջոցով բլոգեր Արմինե Հակոբյանի հետ կպարզենք, թե ինչպես է ստեղծել իր բլոգը, ինչ թեմաների է անդրադառնում և ինչու։ Իսկ բլոգին կարող եք հետևել հետևյալ հղումով՝  www.armineh.blog:

Ինչպես առաջացավ բլոգը ստեղծելու միտքը։

– Բլոգը ստեղծելու միտքն առաջացել է տարիներ առաջ, երբ ես ստեղծագործում էի և ինձ  անհրաժեշտ էր ունենալ մի հարթակ, որտեղ կլինեին իմ բոլոր ստեղծագործությունները: Եվ  այդ նպատակով ինձ խորհուրդ տվեցին ստեղծել անձնական բլոգ: Բլոգն այդ ժամանակ էականորեն տարբերվում էր ներկայիս իմ բլոգից: Այնտեղ միայն իմ ստեղծագործություններին էին, և այցելուները իմ մոտ շրջապատն էր՝ իմ ընկերները, հարազատները, մարդիկ, ովքեր գիտեին ինձ և սիրում էին կարդալ այն, ինչ գրում եմ:

Որն է եղել առաջին ստեղծագործությունը, որը հրապարակել եք բլոգում։

– Որքան հիշում եմ առաջին ստեղծագործությունը  «Կարմիր խնձոր. պարզ լույսի ներքո» հոդվածն էր, որը գրել եմ 2008 թ.-ին մեծ ոգևորությամբ և հպարտությամբ հանձնել եմ ընթերցողներին: Այդ ժամանակ հոդվածը բավական հետաքրքիր արձագանք էր արդեն ստացել, հրապարակվել էր մի քանի ամսագրերում ու  բազմաթիվ քննարկումների առիթ էր հանդիսացել:

Ինչ ժանրի նյութեր եք հրապարակում բլոգում։

-Հրապարակում եմ իմ ստեղծագործությունները, որոնք տարբեր ժանրերի են. փիլիսոփայական էսսեներ, բանաստեղծություններ, տարբեր հոդվածներ, մտորումներ, աֆորիզմներ։ Մի քանի ամիս առաջ ավելացրել եմ նաև բաժին՝ «դրվագներ կյանքից», որտեղ հրապարակում եմ ինձ հետ տեղի ունեցած, կամ ինձ հայտնի դարձած առեղծվածային, զվարճալի կամ պարզապես հետաքրքիր իրավիճակներն ու դրվագները, որոնք ցանկանում եմ կիսել իմ ընթերցողների հետ:     Բացի իմ ստեղծագործություններից բլոգում ներկայացնում եմ նաև գրականությանը և ավելի լայն առումով մշակույթին վերաբերող այն ամենը, ինչը տարածման արժանի եմ համարում ՝ գրքեր, ֆիլմեր, պոեզիա,  հետաքրքիր հոդվածներ, հումոր։

Ինչպե՞ս կամ ինչի՞ց է ծնվում  ինչ-որ բանի մասին գրելու միտքը։

-Իրադարձություններից և զգացմունքներից. հիմնակում տեղի է ունենում ինչ-որ իրադարձություն, փորքրիկ դրվագ, գուցե խոսակցություն, որն ինձ անտարբեր չի թողնում, ինչի հետևանքով մտքերի շղթան բերում, հասցնում է մի մտքի, որը դառնում է ինչ-որ այլ, ավելի մեծ բան՝ աֆորիզմ, հոդված կամ գուցե բանաստեղծություն…

Կա ինչ-որ մեկը, ով ոգեշնչում է ձեզ։

-Ինձ շատ բան կարող է ոգեշնչել՝ լավ գիրքը, ֆիլմը, ներկայացումը, երաժշտությունը, շփումը հետաքրքիր մարդու հետ, տեղին ասված միտքը։ Սակայն որևէ առանձին անձնավորության, ով ոգեշնչում է ինձ, նշել չեմ կարող:

  –Բլոգի ստեղծագործություններից ո՞րն է ձեր ամենասիրելին։

– Իմ ստեղծագործություններից յուրաքանչյուրն ինձ համար կյանքի մի էջ է, մի զգացմունք՝ վայրկյանական թե «դարակազմիկ», մի շրջադարձ, մի  բացահայտում,  և իմ վերաբերմուքն էլ ստեղծագործություններիս հանդեպ խիստ սուբյեկտիվ է, ու ոչ միշտ է  համընկնում ընթերցողի կարծիքի հետ։ Այնուամենայնիվ  նշեմ մի քանիսի վերնագրերը, որոնք ինքս  առանձնացնում եմ․ «Կյանքի միակ իմաստը», «Ճամփորդը», «Լույսը», « Հեռանում եմ», «Տարիների խորքից» և այլն։  Բլոգիս «Դրվագներ կյանքից» բաժնում ներկայացված նյութերից կցանկանայի ամբողջ աշխարհին պատմել «Գուգլ որոնումը»։

Բլոգում ունեք անդրադարձներ տարբեր ֆիլմերի և գրքերի վերաբերյալ։ Ո՞րն է ձեր սիրելի ֆիլմը, որը կդիտեք ամեն անգամ։

– Իրականում, շատ են ֆիլմերը, որոնք տպավորվել են, որոնց մասին պատրաստ եմ երկար խոսել ։                                                                                                                          

Ոճային առումով ինձ համար առանձնահատուկ են Վուդի Ալենի ֆիլմերը։ Նրա ֆիլմերում կյանքը չափազանց ռեալ է և միաժամանակ ներկայացված է հեքիաթային ձևով։       Պարզապես սիրում եմ իր ոճը՝ խոսելու կյանքի անգամ ամենածանր կողմերի մասին պարզությամբ, հումորով  և թեթևությամբ։ Իր ֆիլմերի ստեղծած տրամադրությունն այլ է,  որը  անպայման փոխանցվում է դիտողին։

Իսկ ո՞ր գիրքը ամեն անգամ կարդալուց չեք հոգնի։

– Սովորաբար չեմ վերընթերցում գրքերն այն պարզ պատճառով, որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի հասցնեմ կարդալ բոլոր այն գրքերը, որոնք կցանկանայի ։                       

Իսկ լավագույն գիրքն այն է, որը անհրաժեշտ է ընթերցողին իր կյանքի հենց տվյալ փուլում։ Ինքս այս հարցում շատ բախտավոր եմ, քանի որ իմ կարդացած ո´չ մի գիրք պատահական չի եղել․ պատահաբար թե ոչ՝ ձեռքս միշտ ընկել են այն գրքերը, որոնց արդեն ներքուստ հասել էի, որոնց հետ հանդիպումը ճակատագրական է եղել է իմ կյանքի տվյալ փուլում։

Եթե առանցնացնենք միայն մեկ  գիրք, որը միանշանակ խորհուրդ կտամ կարդալ բոլորին, այդ գիրքը կլինի Ռիչարդ Բախի « Ջոնատան Լիվինգստոն անունով Ճայը»։

Բլոգը ձեզ համար

– Բլոգն ինձ համար կենսակերպ է․երբ որևէ արժանի բան եմ տեսնում, կարդում, զգում, իմանում  կամ ստեղծում,  հաջորդ քայլը  կիսվել և հասանելի դարձնելն է բոլորին, ու գուցե հենց այն մարդու հետ, ում այն տվյալ պահին ամենից շատ է անհրաժեշտ։

Ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ բլոգերներին։

–  Սկսնակ բլոգերներին խորհուրդ կտամ իրենց գործին մոտենան սիրով։  Գրելուց պետք է մտածել  ոչ այնքան այն մասին, ինչը կարող է հետաքրքրել ուրիշներին, այլ՝ ինչը հոգեհարազատ է իրենց։

Հարցազրույցը՝ Աննա Վասիլյանի

5-րդ կուրս

Կիսվել