«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՉԿԱ ՄԻ ԵՐԵԽԱ, ՈՐ ՉՍԻՐԻ ՎԱԶԵԼ ԿԱՄ ՑԱՏԿԵԼ, ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ...

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՉԿԱ ՄԻ ԵՐԵԽԱ, ՈՐ ՉՍԻՐԻ ՎԱԶԵԼ ԿԱՄ ՑԱՏԿԵԼ, ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ՈՐԵՎԻՑԵ ԽՈՉԸՆԴՈՏ»․ ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

1440

Յուրաքանչյուր երեխայի ցանկությունն է զբաղվել որևէ սպորտաձևով և լինել ուժեղ։ Աթլետիկան իր մեջ ներառում է տարբեր մրցաձևեր, որի միջոցով ցանկացած երեխա կարող է հասնել իր նպատակին՝ լինել ուժեղ և մարզված։ Մարզիչ Հասմիկ Սարգսյանի հետ զրույցի միջոցով կպարզենք, թե ինչու է նա ընտրել այս մարզաձևը, մարզաձևի կարևորությունը և այլ հարցեր։

 -Բազում սպորտաձևերից ինչու՞ ընտրեցիք աթլետիկան։                               

 -Երևի սա ճակատագրով էր ինձ տրված․ ես դեռ փոքր էի ընտրություն կատարելու համար։ Դեռ մանկուց աչքի եմ ընկել ճարպկությամբ և դպրոցական մրցույթներում միշտ առաջինը լինելու ունակությամբ։ Իսկ աթլետիկական մարզադաշտ հասել եմ շնորհիվ իմ մաթեմատիկայի ուսուցչուհու։ Նա տեղյակ էր իմ սպորտային որակական տվյալներին և առաջարկեց հաճախել աթլետիկայի մարզումների, ուր, ի դեպ, հաճախում էր իր դուստրը։ Ես խորապես շնորհակալ եմ իրենից, քանի որ հենց նրա շնորհիվ ես իմ կյանքում ունեցա երկու մեծ ձեռքբերում․ առաջինը՝ ես անցա կյանքի մի շատ գեղեցիկ ուղի ու դարձա այն, ինչ այսօր եմ՝ որակավորված մարզիչ-մանկավարժ։ Երկրորդը՝  հանձինս իր աղջկա, ձեռք բերեցի անփոխարինելի ընկերուհի և հարազատ մարդ։

-Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի սպորտաձևը։

– Աթլետիկան օլիմպիական խաղերի ամենազանգվածային և կարևորագույն     մարզաձևերից է, որն իր մեջ ընդգրկում է վազքերի և մարզական քայլքի, ցատկերի, մարզաիրերի նետումների և բազմամարտի մրցումների համալրում։ Աթլետիկական վարժությունները մարդու օրգանիզմի վրա համակողմանի ազդեցություն են գործում։ Նրանք մշակում են ուժը, արագաշարժությունը, հոդերում լավացնում շարժունակությունը, հնարավորություն են տալիս ձեռք բերել շարժողական ունակությունների լայն շրջան, նպաստում են կամային որակների դաստիարակմանը։ Այսպիսի համակողմանի ֆիզիկական  պատրաստվածություն, հատկապես, անհրաժեշտ է պատանի տարիքում։

-Քանի՞ տարի է, ինչ  զբաղվում եք այս սպորտաձևով։

– Առաջին անգամ 10 տարեկանում եմ ոտք դրել «Սպարտակ» մարզադաշտ, որտեղ անցկացվում էին աթլետիկական մարզումները։ Այս սպորտաձևով զբաղվել եմ 12 տարի։  Մարզչական գործունեությամբ  զբաղվում եմ շուրջ 11 տարի։ Ի դեպ նշեմ, որ այս տարի, նպաստելով աթլետիկայի զարգացմանն ու առաջընթացին, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի կողմից պարգևատրվել եմ համապատասխան հավաստագրով և շքանշանով։

Ո՞ր տարիքային խմբերի համար է Ձեզ մոտ  կատարվում ընդունելություն։

– Ընդունելությունը կատարվում է սկսած 8-9 տարեկանից, տարվա յուրաքանչյուր ժամանակահատվածում։ Աթլետիկայում, ինչպես շատ ուրիշ մարզաձևերում, կան մարզական որակավորման աստիճաններ՝ կարգեր, որոնք տրվում են մարզիկներին, ըստ մրցումների ընթացքում իրենց ցուցաբերած արդյունքի։ Շատ կարևոր առանձնահատկություն է այն հանգամանքը, որ մեզ մոտ մարզումները լիովին անվճար են, իսկ դա մեր օրերում շատ կարևոր գրավական է։ Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ երբ մարզիկը հաղթում է մրցումներում և պետք է մեր երկիրը ներկայացնի այլ պետություններում, ամբողջ ֆինանսական պարտականություններն իր վրա է վերցնում աթլետիկայի ֆեդերացիան։

Ի՞նչն է սաներին հրապուրում այս սպորտաձևում։

– Ինձ թվում է, առաջին հերթին, այն բազմապիսի մրցաձևերը, որոնք կան մարզաձևի մեջ։ Մի երեխայի դուր է գալիս կարճ վազքը, մյուսին՝  երկար վազքերը, ցատկային վարժությունները և այդպես շարունակ։ Աթլետիկան ունի 47 օլիմպիական մրցաձև, սակայն ելնելով մի շարք պայմաններից, դրանցից շատերը չեն կիրառվում Հայաստանում։ Կարծում եմ՝  չկա մի երեխա, որ չսիրի վազել կամ ցատկել՝ հաղթահարելով որևիցէ խոչընդոտ։ Յուրաքանչյուր սպորտային մարզաձևի հիմքում ընկած են աթլետիկական վարժությունները, այդ իսկ պատճառով այն անվանում են «Սպորտի թագուհի»։

-Մասնակցե՞լ եք մրցումների և ի՞նչ արդյունքների եք հասել։

– Այո, իհարկե, մասնակցել եմ մի շարք մրցաշարերի և զբաղեցրել եմ պատվավոր հորիզոնականներ։ Եղել են դեպքեր, երբ ունեցել եմ անհաջողություններ, սակայն քրտնաջան մարզումների շնորհիվ հաղթահարել եմ դրանք։                                                   

Ես ապրել և առաջնորդվել եմ այն մտքով, որ աթլետիկան իմ ներկան ու ապագան է, և ես ոչ մի օրս չեմ պատկերացրել առանց մարզումների։ Գրեթե միշտ համոզված եմ եղել, որ վաղ թե ուշ, զբաղվելու եմ իմ սիրած աշխատանքով․ դա մարզչի կոչումս է։

-Կա՞ն սաներ, ովքեր արդեն հաստատակամ որոշել են, որ շարունակելու են իրենց ուղին հենց այս սպորտաձևով։

– Այս պահին կան երեք պատանիներ, ովքեր արդեն բռնել են այդ ուղին։ Նրանք սովորում են ոչ թե հանրակրթական դպրոցներում, այլ՝ «Օլիմպիական հերթափոխի հանրակրթական քոլեջում»։ Այս քոլեջն ավարտելուց հետո նրանք կընդունվեն Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և կստանան մարզիչ-մանկավարժի որակավորման աստիճան։ Իրենց խոսքերով ցանկությունը շատ մեծ է, իսկ կհասնեն արդյոք այդ ամենին ՝ կտեսնենք մոտ ապագայում։ 

Հարցազրույցը՝ Աննա Վասիլյանի
5-րդ կուրս

Կիսվել