ՊԱՏԱՐԱԳԸ ԼՔՎԱԾ ԽՈՐԱՆԱՇԱՏՈՒՄ Է

ՊԱՏԱՐԱԳԸ ԼՔՎԱԾ ԽՈՐԱՆԱՇԱՏՈՒՄ Է

1135

Սահմանը հսկող զինվորները բացել են ուխտավորների ճանապարհը: Չինարիի վանքում հոգևոր տոն է:

-Շատ հուզված եմ․ առաջին անգամ եմ տեսնում նման բան մեր գյուղում,- անկեղծացավ Նորաշեն գյուղի բնակչուհի Օվսաննա Աթոյանը:

Հակառակորդի դիրքից դեպի եկեղեցի հարյուր  մետր էլ  չկա: Կանաչ բնությունը նվազեցրել է ռիսկը:

Կռիվը դեռ չեր սկսվել, երբ ամրաններ դրեցին վանքը նորոգելու համար, սակայն չհասցրին․ հակառակորդի գնդակը հասավ մինչև հինավուրց եկեղեցի: Այն գերի ընկավ, ամրանները ժանգոտեցին:

– Բոլոր հենակետերից  դիտարկվում էր ճանապարհը, դրա համար վտանգ կար,-նշեց Չինարի համայնքի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը:

Գալիս են խաչակնքվելու կարևորի՝ խաղաղության համար։ Շատերի մանկությունն է անցել այստեղ, օրինակ՝  ծագումով չինարեցի  կոտայքի մարզպետինը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ինքը 30 տարի առաջ է եղել եկեղեցում, անգամ նկար ունի մուտքի մոտ:

Խունկի հոտը վաղուց չէր տարածվել սուրբ Խորանաշատում: Դարավոր լռությունից հետո առաջին անգամ վանական համալիրը հյուրընկալեց հոգևոր առաջնորդի:

Առաջին հանրապետության անկախությունից ի վեր այստեղ քահանայական, առավել ևս՝ եպիսկոպոսական առաջնորդական պատարագ չէր մատուցվել:

-Այսօր, այս եկեղեցին ամրոց ու բերդ է, ինչպես որ եղել է իր ամբողջ պատմության ընթացքում: Շատ երջանիկ եմ,- անկեղծացավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Պատարագը մատուցեց Տավուշի թեմի առաջնորդը: Սահմանին հոգևոր ծեսը տևեց 2 ժամ: Բագրատ սրբազանը Սարդարապատի օրինակով ընդգծեց․- <<Հաղթանակներ էլի լինելու են, քանի դեռ հայ ժողովուրդն այստեղ ապրում է, բանակն էլ ՝ զգոն պահում սահմանը>>: 

Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցու գլխավոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը ասում է.

-Էլի դժվարությամբ, էլի վտանգի ներքո, բայց գալիս ենք մեր սրբավայրը, գալիս ենք կենդանացնելու մեր նախնիների  թողած ժառանգությունը։

Տավուշցիները խոստովանեցին, որ պատարագից գնում են աննկարագրելի զգացողություններով: Ուխտը ամրապնդեցին միասին երգելով:

Արմենուհի Պետրոսյան
5-րդ կուրս

Կիսվել