ԾՆՎԵԼ ԵՄ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԾՆՎԵԼ ԵՄ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1050

Օրեր առաջ Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում անցկացվեց  «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթը: Հայաստանը ներկայացնում էր  Գոհար Նավասարդյանը: Նա եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել «Սպորտի թագուհի» անվանակարգում։ Միջազգային ամենամյա այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ:

Մրցույթից վերադառնալուց հետո զրուցել ենք Գոհարի հետ: Նա 29 տարեկան է, ապրում է Երեւանում: Անվասայլակը  չի խանգարում ապրել լիարժեք կյանքով, ավտոմեքենա վարել, աշխատել, զբաղվել սպորտով, մասնակցել տարբեր բեմականացումների, մրցույթների:

Կյանքը մրցույթից հետո

– Առաջին անգամ էի միջազգային մրցույթի մասնակցում: Ուրախ ու հպարտ եմ, որ պատվով ներկայացրեցի երկիրս: Իմ ելույթը ժյուրին շատ էր հավանել: Մրցույթը հնարավորություն էր տալիս շփվել մյուս երկրների ներկայացուցիչների հետ:Նրանք նույնպես ունեն հաշմանդամություն եւ ակտիվ գործունեություն են ծավալում իրենց հայրենիքում:

Գեղեցկության մրցույթներ

-Սա գեղեցկության միակ մրցույթը չէ, որին մասնակցել եմ: «Միսս հայ» գեղեցկության մրցույթում արժանացել եմ «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին: Ամեն անգամ որևէ տիտղոս նվաճելով՝ ես ինձ ավելի հաղթանակած եմ զգում, քանի որ զգում եմ, որ իմ պայքարը տալիս է իր արդյունքը: Նման մրցույթներն  ինձ ուժ են տալիս ավելի շատ պայքարել:

Հաջողության բանաձևը

-Այն մարդիկ, ովքեր նպատակներ չունեն, չեն ցանկանում պայքարել, բավարարվում են քչով․ ուզում եմ ասել` սիրելինե´րս, կյանքը ձեզ հնարավորություն է տալիս ունենալ այն ամենն, ինչ-որ կուզեք: Երբ կա ցանկություն,  անհնարինն անգամ դառնում է հնարավոր: Պետք է նպատակ դնել և  ուղիղ գնալ դրա հետևից:  Դա, երևի թե, իմ հաջողության բանաձևն է:

Անվասայլակն իմ ընկերն է

Անվասայլակն ինձ չի խանգարում: Ես եւ նա անբաժան ընկերներ ենք: Այն ինձ օգնում է ակտիվ կյանքով ապրել, աշխատել, ունենալ ֆուտբոլի երկրպագուների ակումբ: Իմ ընկերներին օգնում եմ մարզադաշտ գնալ եւ նայել ֆուտբոլային խաղեր: Սա եւս մեկ հնարավորություն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան տանից դուրս գալ, ավելի ակտիվ կյանքով ապրեն:

Իմ ապագան

-Նպատակներ ու նախագծեր  շատ ունեմ: Մրցույթից այնքան ոգեշնչված ու ոգևորված եմ վերադարձել, որ ծրագրում եմ շարունակել մասնակցել գեղեցկության մրցույթների, ինչն  ինձ թույլ կտա զարգացնել անձնային որակներս․այսուհետ ավելի գեղեցիկ կներկայացնեմ երկիրս միջազգային  հանրությանը:

Նշանաբանը

-Իմ շրջապատում շատ մարդիկ, կարծես, պայքարում են, որ ապրեն, իսկ ես ապրում եմ պայքարելու համար:
Արփի Շահինյան
3-րդ կուրս

Կիսվել