ՓԱՐԻԶԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

ՓԱՐԻԶԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

1538

Թողած ապահով Փարիզը, եկա իմ մի կտոր պատերազմին մասնակցելու.

Ջորջ Պողոսյան

Կան մարդիկ, ովքեր հայրենիքի մասին խոսելու կարիք չունեն, քանի որ նրանք գործով են ապացուցում իրենց հայրենասիրությունը: Այդպիսի մարդկանցից է Ջորջ Պողոսյանը, ով Ֆրանսիայից եկել է Հայաստան, կամավոր սկզբունքով զորակոչվել հայկական բանակ, մասնակցել պատերազմին, իր պարտքը կատարել հայրենիքի առջև:

Ջորջը ծնվել է Լիբանանում, 1984 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, երբ Լիբանանում դեռ պատերազմ էր: Մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասների ինքնապաշտպանությանը:

-Պապս Ցեղասպանությունից փրկվել է, և ութ տարեկանում Ադանայից Սիրիա հասել, այնտեղից էլ Լիբանան: Նա Հայաստանի մասին շատ էր պատմում, շատ էի տպավորված մեր հայրենիքի մասին պատմություններից: Երբ Ֆրանսիայում իմացանք Հայաստանում կատարվող իրադարձությունների՝ պատերազմի մասին, որոշեցի անպայման գալ ու մասնակցել: 1993 թվականին եկա Հայաստան: Օդանավակայանում հանդիպածս առաջին իսկ մեքենայի վարորդին խնդրեցի ինձ զորամաս տանել: Վարորդն հարցրեց, թե ինչու եմ Ֆրանսիան թողել և այդ վտանգավոր շրջանում Հայաստան եկել: Ես էլ ժպտալով պատասխանեցի, որ թողած ապահով Փարիզը, եկել եմ իմ մի կտոր պատերազմին մասնակցելու, հակառակ դեպքում ինձ հայ համարել չէի կարողանա: Զորամաս հասնելուց երեք օր անց արդեն մասնակցում էի Մարտակերտի շրջանի մարտական գործողություններին,- պատմում է Ջորջը:

Պատերազմի ամբողջ ընթացում Ջորջ Պողոսյանը եղել է «Եղնիկներ» հայդուկային ջոկատի անդամ: Իսկ պատերազմի ավարտից հետո Հայաստանում հանդիպել է իր ապագա կնոջը: Ամուսնանալուց հետո վերադարձել Ֆրանսիա, որտեղ սկսել է զբաղվել գործվածքի արտադրությամբ: Այժմ էլ Ջորջի տղան՝ Նարեկը, գալով Հայաստան կամավոր սկզբունքով զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր:

-Ինչո՞ւ ուրիշի երեխան պիտի ծառայի, իսկ իմ երեխան՝ ոչ: Չէ որ դա խաբեություն է: Այդ դեպքում ես կեղծ հայրենասեր կլինեմ: Հույս ունեմ, որ մեր օրինակով շատ սփյուռքահայեր կվերադառնան և կծառայեն իրենց հայրենիքին,- այսպիսին է Ջորջի կարծիքը որդու որոշման վերաբերյալ:

-Ցանակնում եմ, որ զավակներս իրենց ապագան հայրենի հողին կառուցեն, չկորչեն օտարության գրկում: Վերջերս էլ պաշտոնապես Հայսատանի Հանրապետության քաղաքացի դարձա: Այժմ Ֆրանսիայում քիչ ընտանիքներ են մնացել, որ հայերեն են խոսում: Ինձնից էլ մեծ ջանքեր պահանջվեցին մեր լեզուն պահելու և այն իմ երեխաներին փոխանցելու համար: Հպարտ եմ, որ այժմ տղաս ծառայում է հայկական բանակում, իսկ աղջիկս՝ իսկական հայուհի մեծանում,-շարունակելով ավելացնում է ազատամարտիկը:

Հայրենասիրությունը գեներով է փոխանցվում: Պողոսյանների ընտանիքը այդ փաստի վառ ապացույցն է:

Նորայր Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել