Սեպտեմբերի 11-20-ը Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում ցուցադրվելու են Հովհաննես Թումանյանի լուսանկարները՝ «Թումանյանը` լուսանկարիչ» խորագրի ներքո։ Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որոնցում պատկերված են հիմնականում իր ընտանիքի անդամները։
Ամենայն հայոց բանաստեղծի նախասիրություններից է եղել լուսանկարչությունը: Տիկնոջ` Օլգայի վկայությամբ առաջին լուսանկարչական սարքը ձեռք է բերել 1896 թվականին: Ունեցել են երեք սարք, որոնցից ոչ մեկը չի պահպանվել: Լուսանկարում էր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, «Վերնատան» հավաքույթները, տեսարաններ, որոնք երևում էին պատուհանից:
Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց մի քանի լուսանկարներ․ «Հետաքրքիր է Թումանյանի կրտսեր դստեր`Թամար Թումանյանի լուսանկարը: Այս լուսանկարում նա այն հագուստով է, որով այցելել էր հորը Մետեխ բանտում»։ Տնօրենն առանձնացրեց նաև բանաստեղծի մյուս դստեր՝ Անուշ Թումանյանի լուսանկարը: Անուշը շատ է սիրել լուսանկարվել, գրել է նաև ստեղծագործական պատառիկներ, որոնք թանգարանը նախատեսել է հրատարակել: Թումանյանը ոչ միայն ընտանիքի անդամներին է լուսանկարել, այլ նաև նրանց, ում հետ շփվել է:
Ցուցադրությունը բաղկացած էր երկու մասից: Երկրորդ հատվածում «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացրեց ցուցանմուշներ, որոնք արխիվային լուսանկարներ էին: «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ասաց, որ ցուցադրվել են պահպանված նմուշներ, որոնք «Արմենպրեսը» պատրաստել էր բանաստեղծի 100-ամյակի առթիվ. «Նպատակ ունենք ցուցադրությունը տանել Դսեղ: Եթե հաջողվի համանման մի ցուցադրություն էլ Կոմիտասի 150-ամյակի առթիվ կկազմակերպենք ու կցուցադրենք Թբիլիսիի Թումանյանի տանը, որտեղ Թումանյանն ու Կոմիտասը հաճախ են հանդիպել»,- եզրափակեց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:
Էլիզա Գրիգորյան
2-րդ կուրս