ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ՝ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ՝ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ

2759

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը (ՌՀԴԱ) Անկախություն օրը՝ սեպտեմբերի 21-ը, նշեց ճանաչողական լեռնագնացությամբ։ Ակումբականները տոնը դիմավորեցին Թաթուլ գյուղում գտնվող մի տանը, որտեղ ապրել է Թաթուլ Կրպեյանը։ Տուն-թանգարանում վարդանանքցիները ճանաչեցին Թաթուլ Կրպեյանին ոչ միայն որպես ռազմական գործիչ և հայրենիքի նվիրյալ, այլ նաև ծանոթացան ստեղծագործ հերոսի տեսակին։ Ընթերցեցին մի շարք բանաստեղծություններ․ Թաթուլ Կրպեյանի հարազատները պատմեցին իրենց հիշողությունները։

Թաթուլ Կրպեյանի եղբոր`Մանվել Կրպեյանի հարս Ալիսա Սրաբյանը պատմեց. «Թաթուլն ուսումն ավարտելուց հետո ցանկանում է ծառայել, սակայն նրան հեշտությամբ չթողեցին մեկնել ծառայության: Իր սեփական ջանքերի և համառության շնորհիվ Թաթուլն անցավ  ծառայության։ Մեկ տարի և վեց ամիս ծառայելուց հետո նա հիվանդացավ թոքաբորբով։ Հիվանդանոցում պարզվեց, որ նրա սրտի մոտ կա գոյացություն, իսկ այդ երևույթն անվանում են կրկնակի սիրտ: Թաթուլին վիրահատեցին, որից հետո տվեցին 2-րդ կարգի հաշմանդամության աստիճան»։

Ալիսա Սրաբյանը նշեց՝ ինչ էլ լիներ, Թաթուլի նպատակը մեկն էր`ամեն գնով ազատ տեսնել իր հայրենիքը։

Տուն-թանգարան այցելությունից հետո ակումբականներն օրը շարունակեցին լեռնագնացությամբ։ Նրանք բարձրացան 2047 մետր բարձրություն ունեցող Արտին լեռը։

«Վարդանանք» ՌՀԴԱ անդամ Մանանա Ենոքյանը պատմեց իր տպավորությունների մասին. «Ուխտագնացությունը լի էր մի շարք տեղեկություններով, օրինակ այն, որ սկսում ես ճանաչել երկրիդ, ազգիդ հերոսին այլ տեսանկյուններից։ Նաև բարձրացանք Արտին լեռ, որը պարգևեց մեծ զգացողություններ: Մենք մեր առջև դրեցինք դժվար փորձություն, նպատակ և հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ կարողացանք հասնել մեր նպատակին»:

Լիլիա Ալավերդյան
2-րդ կուրս

Կիսվել