ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԱՍՔԵՐՈՎԻՆ ԵՎ ԳՈՒԼԻԵՎԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԱՍՔԵՐՈՎԻՆ ԵՎ ԳՈՒԼԻԵՎԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

1025

Բաքուն կրկին առաջարկում է երկու կողմում ձերբակալված անձանց և գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով,- հայտնում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նրանք պատրաստ են փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում հանցագործության համար դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, ըստ «Ինտերֆաքս»-ի, սեպտեմբերի 11-ին, այս մասին գրություն է ուղարկել համապատասխան միջազգային կառույցներին:

«Ես երեկ հանդիպում եմ ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ ու ինձ պաշտոնապես ներկայացվել է Ադրբեջանի առաջարկությունը»,-այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերի հանձնաժողովի ղեկավարն է:

Նրա խոսքով, կան քննարկվելիք խնդիրներ, որոնք հիմա  բացահայտել չի կարող: 

«Տեղեկատվության ճշգրտումը հավելյալ աշխատանք է պահանջում, և երբ ստանանք այդ ճշգրիտ տեղեկատվությունը ադրբեջանական կողմից, այդ ժամանակ էլ կարձագանքենք»,-ասել է նախարարը:

«Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու ենք այդ գործընթքցին»,-նշել է նա՝ ասելով, որ մենք երբևիցե փոխանակման ճանապարհով չենք առաջնորդվել:

Հարկ է նշել, որ հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի վերոնշյալ առաջարկը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ ասել էր, որ  փոխանակում չի կարող տեղի ունենալ. ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել, իսկ մեր տղաները՝ ո՛չ հանցագործ են, ո՛չ ահաբեկիչ:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Ադրբեջանի առաջարկը որակել էր ցինիզմ ու հայտարարել, որ  Ստեփանակերտը անընդունելի է համարում Բաքվի առաջարկը:

 ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին  դեմ է «փոխանակում» տերմինի օգտագոծմանը, բայց ըստ էության, չի բացառում Ասքերովին և Գուլիևին վերադարձնելը. «Ես տեղեկացված չեմ հարցի վերաբերյալ Ստեփանակերտի բացասական դիրքորոշման մասին, բայց ոչինչ չեմ կարող բացառել։ Այնուամենայնիվ որոշումն ընդունվելու է Ստեփանակերտում, որովհետև դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ զինվորական, նրանց վերադարձը՝ իմ անմիջական պատասխանատվությունն է»:

Հիշեցնենք, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Արցախի Հանրապետության տարածքում: Նրանց խմբի գործունեության հետևանքով հայկական կողմն ունեցել է կորուստներ, ինչի պատճառով, նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի օգտագործմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել նաև ազգային ատելության շարժառիթով՝ երկու անձանց սպանության փորձի համար:

Արցախի դատարանը Ասկերովին, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման է դատապատել:

Լուսանկարում Շահբազ Գուլիևն է՝ վնասազերծման պահին:

Լուսանկարում Դիլհամ Ասկերովն է՝ վնասազերծման պահին:

Լուսանկարում Կարեն Ղազարյանն է:


Ադրբեջանում գտնվող՝ հայկական կողմի գերիներից Կարեն Ղազարյանը հակառակորդի տարածքում էր հայտնվել 2018թ.-ի ամռանը և ամիսներ անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Բաքուն պնդում է, թե նա դիվերսանտ է, մինչդեռ Կարենը Տավուշի մարզի՝ Բերդավան գյուղի բնակիչ է, որը երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում և հարազատների խոսքով՝  առողջական խնդիրների պատճառով, հաշվառված է եղել մի շարք բուժհաստատություններում:

Լուսանկարում՝ Արայիկ Ղազարյանն է:


19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանն  էլ Ադրբեջանի տարածքում էր հայտնվել այս տարվա օգոստոսին: Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբ, նա լքել է զորամասի տարածքը անմարդկային վերաբերմունքի ու կտտանքների ենթարկվելու պատճառով, մինչդեռ Դավիթ Տոնոյանը կարծիք էր հայտնել, որ Արայիկը ուղղակի աշխարհագրորեն մոլորվել է:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը բազմիցս նշել է, որ Հայաստանը մշատապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը,  հատկապես ծանր հանցագործությունների պարագայում. «Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում։ Ուստի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդու իրավունքի խախտումները»,-ասել է նա:

Իննա Թումանյան
4-րդ կուրս

Կիսվել