«ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐՆԵՐՆ ԱՄԵՆԱԱԳԱՀ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ԻՆՉՔԱՆ ԷԼ ՈՒՆԵՆԱՆ, ՄԵԿ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ...

«ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐՆԵՐՆ ԱՄԵՆԱԱԳԱՀ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ԻՆՉՔԱՆ ԷԼ ՈՒՆԵՆԱՆ, ՄԵԿ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ». ՅԱԿՈՎ ԶԱՐԳԱՐՅԱՆ

2686

Կարճահասակ ու բարի ժպիտով ու խորը աչքերով Յաշա պապիկի խոսքերով՝ ինքը կոլեկցիոների հիվանդություն ունի: Տաղանդավոր դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յակով Զարգարյանի փոքրիկ բնակարանը իսկական թանգարանի է նման: Հարյուրավոր տարիների պատմություն ունեցող կարասներն ու կճուճները, տարբեր հանրահայտ նկարիչների աշխատանքները, շքեղ գրադարանը՝ այդ բնակարան-թանգարանի ցուցանմուշներն են: Սակայն Յաշա պապիկն իր իսկական հպարտությունը փայտե, կավե և մետաղե նկարազարդ հավկիթներն է համարում: Նա այդպիսի մոտ 850 հավկիթ ունի: Ամեն ինչ սկսվեց 1963 թվականին.

-Մեր հարևանությամբ մի բազմազավակ ընտանիք էր ապրում: Հինգ երեխա ունեին: Զատկի տոնն էր. այս երեխաներից մեծի՝ Նիկոլի ձեռքին փայտե մի ձու տեսա: Երեք գույնանի ձու էր՝ սև, կարմիր, սպիտակ: Տղային ինչքան համոզեցի՝ ձուն ինձ չտվեց: Մի քանի ամիս հետո, տղաս մանկապարտեզից եկավ ու հոլ ուզեց: Գնացի վարպետի մոտ, որ հոլը գնեմ ու իր արվեստանոցում մի քանի փայտե ձու տեսա, դրանք էլ գնեցի: Տուն գնալու ճանապարհին եղբորս հանդիպեցի, առաջարկեց Մարտիրոս Սարյանին այցելել: Այդպես էլ առաջին ձուն Սարյանը նկարազարդեց,- պատմում է պարոն Զարգարյանը:
Հավկիթները մոտ 32 տարբեր երկրներից են հավաքված: Այժմ Յաշա պապիկը ցանկանում է իր հավաքածուին Ավստրալիայից էլ մի նմուշ ավելացնել:

-Դեռ փոքր տարիքից տարբեր հետաքրքիր իրեր էի հավաքում՝ կոճակներ, կոնֆետների թղթեր, մեխեր, գեղեցիկ քարեր: Հետագայում ավելի լուրջ կոլեկցիաներ սկսեցի հավաքել՝ գրքեր, հետո նկարներ, հիմա էլ նկարազարդ ձվեր,- շարունակելով ավելացրեց պարոն Զարգարյանը:

Կոլեկցիոներ պապիկը նույնիսկ գիրք է գրել իր հավաքածուի մասին: Ասում է, որ եթե գրքերը թանգարաններին փոխանցել է, ապա մնացածը ոչ մի դեպքում չի տա՝ թոռնիկի համար է պահում:

Զարմանահրաշ հավաքածուն նույնիսկ «Դյուցազնագրքում» և «Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքում» է տեղ գտել:

 

Նորայր Հարությունյան

2-րդ կուրսoko uyt

Կիսվել