Երկար ու ձիգ ճանապարհ անցնելուց հետո հասանք Եղնիկ: Արագածոտն մարզի ամենափոքր գյուղն ունի սակավաթիվ, բայց հյուրընկալ բնակիչներ: Եղնիկի միակ ու քարուքանդ ճանապարհն ուղիղ տանում է դպրոց: Բարեկարգ եւ ընդարձակ հաստատության միայն մեկ-երկու դասասենյակից կարելի է լսել աշակերտների ձայներ: Օրինակ՝ 4-րդ և 5-րդ դասարանների ուսումնական ծրագրերն անցկացվում են մեկ դասասենյակում, իսկ երկու տարբեր առարկաները դասավանդում է մեկ ուսուցիչ: Ըստ տնօրենի` երկկոմպլեկտ (միացված) դասարանների պատճառը աշակերտների քանակն է:
«Ողջ դպրոցում ընդամենը «մեկ դասարան» աշակերտ է սովորում (29 աշակերտ):
Կան դասարաններ, որտեղ ընդամենը մեկ աշակերտ է, և չենք կարող մեկ աշակերտի հետ դաս անցկացնել, այդ իսկ պատճառով երկու դասարան միասին են դաս անում: Ինչ մնում է համապատասխան գիտելիքներ ստանալուն, մեր բոլոր ուսուցիչները մասնագետներ են և անում են ամեն ինչ, որպեսզի բարձր գիտելիքներ փոխանցեն աշակերտներին»,-վստահեցնում է տնօրեն Օնիկ Մանասյանը:
Երկկոմպլեկտ ծրագրով դասավանդելու մեթոդն առաջացրել է շատ ծնողների դժգոհությունը , ինչի պատճառով էլ իրենց երեխաներին տեղափոխել են այլ դպրոց: Տնօրենը ոչինչ անել չի կարող․ հաստատությունում դասավանդում են իրենց վերադասների հաստատած ծրագրով:
Մարո Եղոյան
3-րդ կուրս