ՉԱՐԵՆՑԱՎԱՆՑԻՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԿՈԼՈՐԻՏԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆՑԻՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԿՈԼՈՐԻՏԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ

1245

Գյումրիում, Սեպտեմբերի 21-ին,  ՀՀ Անկախության օրվա 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցում էին չարենցավանցիները: Տոնական այս օրն ավելի գեղեցկացրին Ռուսթավելի փողոցում անցկացվող «ՀՀ մարզային կոլորիտը» ցուցադրությանը մասնակցող ՀՀ այլ մարզերի քաղաքացիները։

Ցուցադրությանը մասնակցում էին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի քաղաքացիները։ Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Զաքարյանը  մեզ հետ զրույցում նշեց. «Ամեն տարի այս տոնը նշվում է մեր քաղաքում՝ Չարենցավանում,  սակայն այս տարի,  քանի որ անկախության տոնի միջոցառումները կենտրոնացված են Գյումրիում, մենք նունպես  որոշեցինք մասնակցել, ներկայացնել մեր քաղաքի շնորհալիների աշխատանքները, ծանոթանալ մյուս մարզերի մշակույթներին և տոն դարձնել յուրաքանչյուրի օրը»:

Նախկին արդյունաբերական քաղաքը ներկայացրեց իր տաղանդավոր երաժիշտներին, ինչպես նաև  ձեռագործ տիկնիկներ, որոնք քանդակագործ Էդիկ Ծուղունյանի ձեռքի աշխատանքներն են։ Թե՛ երաժիշտները, թե՛ տիկնիկներն արժանացան տեղացիների և հյուրերի հավանությանը։

Օրվա վերջում չարենցավանցիները տուն վերադարձան բարձր տրամադրությամբ և տպավորված Գյումրիի գեղեցկությամբ։ Համայնքապետարանի խմբին միացած Մերի Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գյումրեցիներն անչափ հյուրասեր և ջերմ են ու հավելեց. «Շատ տպավորված եմ, քանի որ առաջին անգամ եմ գտնվում հայրաքաղաք Գյումրիում ու շատ ափսոսում եմ, որ այս տարիքում եմ ծանոթանում Գյումրիի մշակույթին»:

Տաթևիկ Գաբրիելյան

2-րդ կուրս

Կիսվել